HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գորգիսյանը` Փաշինյանին. «Դուք մոդերատո՞ր էիք, թե՞ վարչապետ ու գլխավոր հրամանատար»

Խորհրդարանում շարունակվում է Կառավարության 2020 թվականի գործունեության կատարողականի քննարկումը: Քննարկման հիմնական մասը վերաբերում է Արցախյան երկրորդ պատերազմին: «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նկատեց, որ ըստ Փաշինյանի ելույթի` մեղավոր էին բոլորը, բացի գերագույն գլխավոր հրամանատարից:

«Մեղավոր էին նախկինները, Մինսկի խումբը, մեղավոր էր հանրությունը, գեներալները: Ուզում եմ հասկանալ` Դուք Ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում պատերազմում, տեղի ունեցածում: Ի՞նչ է նշանակում գեներալները որոշում էին, ես մոդերացիա էի անում, դուք բազմիցս հայտարարում էիք` Դուք եք գլխավոր հրամանատարը, և հիմա, փաստորեն, գեներալներն էին որոշել: Դուք մոդերատոր էիք, թե՞ վարչապետ ու գլխավոր հրամանատար»,- ասաց նա` դիմելով Փաշինյանին:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց` դեռ առաջին օրից հայտարարել է, որ ինքն է թիվ մեկ պատասխանատուն:

«Եվ այո, ես ունեմ մեղավորության իմ բաժինը, եթե ուզում եք ամենամեծ բաժինը: Ես ասում եմ` էս պարտությունն իմն է, հաղթանակը` մնացած բոլորինը, պարտությունը` ինձ, բայց դա չի նշանակում, որ ոմանք պետք է առիթավորվեն, ասեն` ինչ կա, լցնենք իր վրա: Ինչ վերաբերում է մոդերացիային, այո´, հրամանատարի գործառույթն է նաև լսել կարծիքներ, ես ինձ իրավունք չեմ վերապահել մտնել ռազմական գործի նրբություների մեջ, որովհետև համարել եմ, որ որպես երկրի ղեկավար` պետք է հենվեմ հնչած կարծիքների վրա»,- ասաց Փաշինյանը:

Ըստ նրա` այդ օպերացիան չի եղել Լելե Թեփե սարը գրավելու նպատակով, այլ` իններորդ պաշտպանական շրջանի հարավային հատվածում առաջացած ճեղքման սեկտորը փակելու համար: Փաշինյանի խոսքով` անիմաստ են այն շահարկումները, թե այդ օպերացիան քաղաքական դիվիդենտ շահելու նպատակ է հետապնդել:

«Ձեր պահվածքից, հռետորաբանությունից որևէ կերպ չի զգացվում, որ մեղավոր եք Ձեզ զգում: Դուք փորձում եք արդարանալ, և էդ ճանապարհին անընդհատ վնաս եք հասցնում Հայաստանին»,- հակադարձեց Գորգիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter