HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Չեմ ուզել ի ցույց դնել գործող որոշ բարձրաստիճան գեներալների վախկոտությունը»

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Զինված ուժերի գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին: Պատգամավորը հիշեցրեց, որ 2021թ․ մարտի 1-ին հանրահավաքին Փաշինյանն ասել էր, որ Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրահանգով է պահանջել իր հրաժարականը:

Այսօր էլ Փաշինյանը նշեց, որ Անվտանգության խորհրդի նիստում պատերազմի չորրորդ օրը Գասպարյանը չի ասել, թե հրատապ միջոցներ է պետք ձեռնարկել պատերազմը մեկ-երկու օրում դադարեցնելու համար: Մարուքյանը հետաքրքրվեց, թե արդյոք Փաշինյանը նման պատասխանատու հայտարարություններ անելու համար փաստեր ունի՞, և եթե ունի` ինչու՞ չի հրապարակում:

Վարչապետն արձագանքեց` լավ առաջարկ է, հնարավոր է Անվտանգության խորհրդի նիստի համապատասխան հատվածը գաղտնազերծվի և հրապարակվի, ապա հավելեց` կհանձնարարի մինչ գաղտնազերծելը Մարուքյանին ծանոթացնել այդ արձանագրություններին:

«Ինչ ասել եմ ապացուցելի է: Կարող եմ ասել, որ Օնիկ Գասպարյանն իմ հարցին ի պատասխան ինքն է տեղյակ պահել Սերժ Սարգսյանի հետ ունեցած իր խոսակցությունների մասին: Ես բառացի գիտեմ` իրենք ինչ են խոսել, գիտեմ նաև, որ դեկտեմբերի 19-ին Գասպարյանը ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից, պետական հեղաշրջման փորձի շրջանում հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, կարող եմ ասել` երբ է եղել, նախագահի մոտից դուրս գալուց հետո է եղել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` կարող է բառացի մեջբերել սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստում ինչ է ասել Օնիկ Գասպարյանը: Ըստ նրա` Գասպարյանը պնդել է, որ հակառակորդը առաջխաղացում չունի, բանակը կատարում է խնդիրը և մինչև վերջ կատարելու է:

Իսկ հարցին, թե ինչու մինչև հիմա չի բարձրաձայնել այդ մասին, Փաշինյանն արձագանքեց.

«Չեմ ուզել տպավորություն ստեղծվի, որ փորձում եմ պատասխանատվությունից խուսափել և, կներեք, չեմ էլ ուզել ի ցույց դնել գործող որոշ բարձրաստիճան գեներալների վախկոտությունը»:

Մարուքյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո Օնիկ Գասպարյանը քաղաքական ուժերի հետ հանդիպումներ է ունեցել, այդ թվում` իր: Մարուքյանը հետաքրքրվեց, թե ինչպես է լինում, որ ԳՇ պետը վարչապետի հանձնարարականով հանդիպումներ է ունենում, սակայն պարզվում է, որ նա պետական հեղաշրջման փորձ է արել:

«Ես գիտեմ, ում հետ հանդիպելու թույլտվություն եմ տվել, հստակ գիտեմ ու տարբերում եմ, ու ինքը և առհասարակ բարձրաստիճան զինվորականները գիտեին, որ իրավունք ունեն քաղաքական շփումներ ունենալ միայն իմ թույլտվության պարագայում: Այո, թույլ եմ տվել ձեզ հետ հանդիպում ունենալ, ես այդ ամենը տարբերում եմ և գիտեմ՝ ինչի մասին եմ խոսում»,- եզրափակեց Կառավարության ղեկավարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter