HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանն անդրադարձավ ապրիլի 8-ին չվերադարձված գերիների հարցին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին անդրադարձավ ապրիլի 8-ին այդպես էլ Հայաստան չվերադարձված գերիների հարցին: Պատգամավորը հիշեցրեց, որ վարչապետի մամուլի քարտուղարը հաստատել էր գերիների վերադարձի մասին տեղեկությունը, սակայն օդանավը դատարկ էր տեղափոխվել: Սամսոնյանը հետաքրքրվեց, թե արդյոք պայմանավորվածություն եղե՞լ է գերիների վերադարձի վերաբերյալ, և եթե այո, ապա ինչու է խախտվել:

Փաշինյանն արձագանքեց` Ադրբեջանի հետ գերիների վերադարձի գրավոր պայմանավորվածություն կա, որը ստորագրվել է 2020թ․ նոյեմբերին 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից, սակայն Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները:

«Ուրախ եմ արձանագրել, ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարությամբ հստակ արձանագրել են գերիների վերադարձի անհրաժեշտությունը: Ուզում եմ նաև արձանագրել, որ Ռուսաստանի նախագահի հետ այս հարցի վերաբերյալ ունենք ընդհանուր պատկերացում: Անիմաստ է այն բանավեճը, թե տվյալ անձը ռազմագերի՞ է, թե՞ ոչ, որովհետև հայտարարությունը վերաբերում է ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց, այսինքն՝ էստեղ ցանկացած կատեգորայի անձ ենթակա է վերադարձի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց` միջազգային հանրությունն այս հարցում Հայաստանի դիրքորոշումը պաշտպանում է և պնդում, որ պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն:

«Եվ այո՛, ես տեսնում եմ, որ Ադրբեջանի իշխանությունն այս հարցը դարձնում է քաղաքական շահարկման առարկա` այդ թվում Հայաստանում ներքաղաքական ապակայունություն հրահրելու համար: Եվ արձանագրում եմ, որ հետևողական այդ փոխանցումը վերցնում եք և իրագործում եք այդ ըմբռնման կոնտեքստում»,- ասաց Կառավարության ղեկավարը:

Փաշինյանը հավելեց` գերիների վերադարձի հարցով ՌԴ նախագահի հետ տասնյակ խոսակցություններ է ունեցել, և վստահեցրեց` չկա մի օր, որ բարձրաստիճան պաշտոնյաները չզբաղվեն գերիների, անհետ կորածների և զոհված անձանց հարցերով:

Սամսոնյանը հետաքրքրվեց, թե ո՞վ է պատասխան տալու այն հույզերի, սպասումների համար, որ գերիների հայրենադարձում այդպես էլ չեղավ, ինչու որևէ պաշտոնանկություն չեղավ, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց, պատասխանատվություն պետք է կրի Ադրբեջանի իշխանությունը ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter