HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հայաստանը 1 մլն դեղաչափ Sputnik V-ի ձեռքբերման պայմանավորվածություն ունի

Առողջապահության նախարարությունը ձեռք կբերի ռուսական կորոնավիրուսի դեմ կիրառվող «Sputnik V» պատվաստանյութի 1 միլիոն դեղաչափ և մնացած պատվաստանյութերով հանդերձ՝ կկարողանա պատվաստել բնակչության մոտ 20%-ին` 600 000-700 000 մարդու։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձր մակարդակում Ռուսաստանի Դաշնությունից մեկ միլիոն դոզա պատվաստանյութ ձեռք բերելու, բացի դրանից, այլ պայմանավորվածությունները ևս հաշվի առնելով, մենք համարում ենք հնարավոր, որ մինչև տարվա վերջ կկարողանանք իմ կողմից մատնանշած նշաձողն ապահովելու (600 000-700 000 մարդ պատվաստել, հեղ.) և բնակչության մինչև 20%-ի պատվաստման գործընթացը կազմակերպելու»,-հայտնեց նախարարը՝ նշելով, որ այս պահին աշխարհի երկրների մեծամասնությունը հիմնականում  բնակչության 10-15%-ին են պատվաստել, շատ քիչ երկրներ կան, որ հատել են պատվաստման 40%-ի շեմը։

Նշենք, որ Հայաստանում այս շաբաթվա սկզբից արդեն իսկ սկսվել է պատվաստման գործընթացը, ինչը, ըստ Անահիտ Ավանեսյանի, թույլ կտա զերծ մնալ մահերից կամ կորոնավիրուսային հիվանդության ծանր դեպքերից։

Վերջերս Հայաստան է ներկրվել 24 000 դեղաչափ բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութ և 15 000 դեղաչափ՝ ռուսական «Sputnik V» (երկրորդ խմբաքանակն է, առաջինը՝ մոտ 2000 դեղաչափ)։ Վերջինս ներարկվելու է 2 դեղաչափով՝ 7500 հոգու և նախատեսված է մինչև 55 տարեկան անձանց համար, իսկ «AstraZeneca»-ն՝ մեկ դեղաչափով՝ 24 000 հոգու՝ 55-ից բարձր տարիքի մարդկանց։ Հետագայում նորից է ներկրվելու«AstraZeneca»՝ երկրորդ դեղաչափը ներարկելու համար։ Սկզբնական փուլում պատվաստվելու են ռիսկային խմբում գտնվող մարդիկ։ Պատվատումը կամավոր բնույթ է կրում։

Անահիտ Ավանեսյանը ապրիլի 8-ին «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ պայմանավորվածություն կա նաև ձեռք բերելու ամերիկյան Novavax պատվաստանյութը։ Բացի այդ, ԱՆ քայլեր է ձեռնարկում, որ մասնավոր ընկերությունները ևս կարողանան պատվաստանյութերի ներկրել, որպեսզի այն մարդիկ, որոնք կորոնավիրուսի ռիսկային խմբում չեն, ևս հնարավորություն պատվաստվելու.  

«Պետք է ամեն ինչ անենք, որ պատվաստումները հնարավորինս լայն շրջանակներին հասանելի լինեն»,-ասել է նախարարը՝ ընդգծելով, որ պատվաստումը շանս է՝ բնականոն կյանքի վերադառնալու և կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ տեղափոխելու համար։

Նշենք, որ ապրիլի 12-ի դրությամբ` ամբողջ աշխարհում պատվաստվել է 608 մլն 384 հազար մարդ, որը կազմում է աշխարհի բնակչության 8%-ը։ Հայաստանում ապրիլի 12-ի դրությամբ՝ պատվաստվել է 565 մարդ։

Ամենաշատը պատվաստում կատարվել է Իսրայելում՝ բնակչության 58%-ին։

 

Գլխավոր լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter