
Է. Մարուքյան. «Վարչապետը պետք է հրապարակային ապացուցի, որ ինքն է ճիշտ ասում, ոչ թե Օնիկ Գասպարյանը»
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մտադիր չէ ծանոթանալ Անվտանգության խորհրդի նիստի այն արձանագրությանը, որտեղ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ներկայացրել է իրավիճակը ռազմաճակատում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը Մարուքյանին հրավիրել էր Անվտանգության խորհրդի գրասենյակ` սեպտեմբերի 30-ի նիստի արձանագրությունից գաղտնազերծված հատվածներին ծանոթանալու: Փաշինյանը երեկ պնդել էր, թե Օնիկ Գասպարյանն այդ օրը չի ասել, որ պատերազմը հրատապ պետք է դադարեցնել, Մարուքյանն էլ ասածը հաստատող փաստ էր պահանջել:
Մարուքյանի խոսքով` այն, ինչ ասում է վարչապետը, հերքում է Օնիկ Գասպարյանը, և կողմերից որևէ մեկն իր խոսքերը հավաստող ոչինչ չի հրապարակում:
«Կարող եմ ցանկացած պահի դիմել և ստանալ այդ գաղտնազերծված փաստաթուղթը, բայց չեմ պատրաստվում դա անել, որովհետև ես չեմ կարող դրանից հետո հանրությանը տեղեկություն փոխանցել: Քանի որ վարչապետն ինքն է գաղտնի տեղեկության մասին հայտարարել, ինքն էլ պետք է հրապարակային ապացուցի, որ ինքն է ճիշտ ասում, ոչ թե Օնիկ Գասպարյանը»,-ասաց Մարուքյանը:
Ըստ Մարուքյանի` այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է այն, որ հարկավոր է պատերազմի դեպքերը քննող փաստահավաք հանձնաժողով ձևավորել, այլապես կողմերից յուրաքանչյուրն իր պնդումն է անում` առանց որևէ ապացույցի:
Մեկնաբանել