
Ոստիկանությունը 467 մլն դրամի գնում է կատարել մի մարդուց, որը մեղադրվում է պետությունից 256 մլն դրամ հափշտակելու մեջ
Ոստիկանությունը Երևանում ճանապարհային գծանշման ծառայություններ կատարելու համար մոտ 467 միլիոն դրամի գնում է կատարել մի ընկերությունից, որի սեփականատերն ու տնօրենը մեղադրվում է խաբեության եղանակով պետությունից առանձնապես խոշոր չափերով գումար` մոտ 256 մլն դրամ հափշտակելու մեջ։
Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ ոստիկանությունը 2021թ․ հունվարի 26-ին 466 մլն 766 հազար դրամի գնման պայմանագիր է կնքել «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ի հետ, որը պարտավորվել է մինչև 2021-ի տարեվերջ գծանշումներ իրականացնել Երևանում։ Այս գործարքը հետաքրքիր է նրանով, որ այս ընկերության տնօրենն ու սեփականատերը՝ Հակոբ Ստեփանյանը, նախկինում հանդիսանալով նմանատիպ ծառայություններ մատուցող մեկ այլ ընկերության՝ «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի տնօրենը, մեղադրվում է պետությունից խաբեությամբ գումար հափշտակելու մեջ։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թվականի դեկտեմբերի 24-ին, և ստացվում է, որ հիմնադրվելուց ընդամենը մեկ ամիս անց խոշոր գործարք է կնքել ոստիկանության հետ։ Հիմնադրման օրվանից մինչև փետրվարի 8-ը ընկերության միակ բաժնետերը եղել է Վլադիմիր Սարգսյանը, իսկ Հակոբ Ստեփանյանը, պետռեգիստրի տվյալներով, հունվարի 14-ից ընկերության տնօրենն է, թեպետ հունվարի 26-ին կնքված գնման պայմանագրում որպես տնօրեն ներկայացել է Վլադիմիր Սարգսյանը, իսկ արդեն մարտի 1-ին կնքված համաձայնագրում՝ Հակոբ Ստեփանյանը, որը փետրվարի 8-ից հանդիսանում է նաև «Ռեգիոնստրոյսերվիսի» միակ սեփականատերը։
Հակոբ Ստեփանյանը 2018 թվականի հուլիսից «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականի փետրվարի 27-ին։ Այդ ընկերության սեփականատերը, պետռեգիստրի տվյալներով, ուկրաինաբնակ գործարար Անդրանիկ Տարտիկյանն է, սակայն ինչպես հետագայում հայտնել է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ), «Ուկռինվեստի» փաստացի սեփականատերերը այլ մարդիկ են։
«Ուկռինվեստը» 2018 թվականից սկսել է մասնակցել պետական գնումների գործընթացին և խոշոր գործարքներ է կնքել ոստիկանության հետ։ «Հետքը» հենց 2018 թվականին անդրադարձել էր «Ուկռինվեստի» և ոստիկանության միջև կնքված խոշոր պայմանագրերին։ Այս պահի դրությամբ՝ «Ուկռինվեստի» գործունեությունը, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, ժամանակավորապես դադարեցված է։
2020թ․ հունիսի 9-ին ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ 2018-2019թթ․ «Ուկռինվեստ» ընկերության տնօրենը, ինչպես նաև ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք, խմբով՝ նախնական համաձայնությամբ, կազմակերպել և կատարել են խարդախություն՝ խաբեության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` մոտ 256 միլիոն դրամ, ինչպես նաև կազմել և օգտագործել են կեղծ փաստաթղթեր:
Մասնավորապես, 2017թ. նախատեսվել է Երևանում ճանապարհային գծանշման, ճանապարհային նշանների տեղադրման և լուսաազդանշանների պահպանման աշխատանքները 2018թ. իրականացնել «Գնումների մասին» օրենքով սահմանված մրցութային ընթացակարգով ընտրված կազմակերպության միջոցով, իսկ այդ աշխատանքները նախկինում իրականացրած «Լուսանշան» ՊՈԱԿ-ը, որի կառավարման լիազորությունները վերապահված են եղել ոստիկանությանը, լուծարել: ՊՈԱԿ-ի տնօրեն Էդուարդ Հարությունյանը և նրա ազգականը` ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը, տեղեկանալով այդ մասին, հիմնադրել են նոր ընկերություն` «Ուկռինվեստ» ՍՊԸ-ն, դրա միջոցով գնման գործընթացներին մասնակցելու համար:
Գնման գործընթացի պլանավորման շրջանակներում ճանապարհային գծանշման և համապատասխան այլ աշխատանքների վերաբերյալ տեխնիկական բնութագրերի կազմումը հանձնարարվել է ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համապատասխան ստորաբաժանման պետ Կոնստանտին Կոստանյանին, սակայն նա, չունենալով գնման գործընթացներում անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, միևնույն ժամանակ տեղեկացված լինելով Էդուարդ և Գևորգ Հարությունյանների կողմից ընկերություն հիմնադրելու և դրա միջոցով հիշյալ գնման գործընթացներին մասնակցելու մտադրության մասին, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, տեխնիկական բնութագրերը կազմելու համար դիմել է նրանց: Վերջիններիս գիտությամբ տեխնիկական բնութագրերը կազմել է «Լուսանշան» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հակոբ Ստեփանյանը, որը հանդիսացել է նաև «Ուկռինվեստի» տնօրենը: Ընդ որում, գնման տեխնիկական բնութագրերը բարդացվել են` այլ մասնակիցների համար մրցակցության սահմանափակումներ առաջացնելու և հայտարարված մրցույթներին միայն «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի մասնակցությունն ապահովելու համար: Արդյունքում, ոստիկանության կողմից հայտարարված մրցույթում առաջին տեղ զբաղեցնող մասնակից է ճանաչվել նվազագույն գներ առաջարկած «Ուկռինվեստ» ՍՊԸ-ն:
Ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալ Արա Կոթողյանը, որն էլ հանդիսացել է նաև ճանապարհային գծանշումների վերը նշված աշխատանքների գնման ընթացակարգերը գնահատող հանձնաժողովի նախագահը, ըստ ՀՔԾ-ի, «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված պայմանագրերը գնահատել է բավարար և չի արձանագրել առկա անհամապատասխանությունները, չնայած դրանց` օրենսդրության պահանջների խախտմամբ կազմված լինելու հանգամանքին:
Այս սխեմայում ներգրաված անձանցից Հակոբ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել խմբով, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար: «Ուկռինվեստը» փաստացի կառավարող Էդուարդ և Գևորգ Հարությունյաններին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության կատարումը կազմակերպելու համար: Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» բաժնի պետ Կոստանտին Կոստանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հակամրցակցային գործունեություն ծավալելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և դրա արդյունքում պետությանն անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու համար:
Նշված բոլոր անձինք, բացի Արա Կոթողյանից, 2020թ․ հունիսի 8-ին ձերբակալվել էին։ Հունիսի 10-ին ՀՔԾ-ն հայտնեց, որ պետությանը պատճառված 256 միլիոն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է, իսկ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: 2021թ․ ապրիլի 8-ին էլ ՀՔԾ-ն հաղորդեց այս քրեական գործով նախաքննության ավարտի մասին։ ՀՔԾ-ի վերջին հաղորդագրությունից պարզ դարձավ, որ քրեական գործում որպես մեղադրյալներ մնացել են միայն «Ուկռինվեստ»-ի տնօրեն Հակոբ Ստեփանյանն ու Ճանապարհային ոստիկանության բաժնի պետ Կոստանտին Կոստանյանը։ ՀՔԾ-ն քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։
«Հետքի» հետ զրույցում դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ ապրիլի 12-ին գործն ուղարկվել է դատարան, ինչ վերաբերում է քրեական գործում ներգրավված մյուս երեք անձանց, ապա նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով։
Այս գործի առնչությամբ դատախազության պաշտոնական կայքում հաղորդագրություն է տարածվել, որում ասվում է, որ գլխավոր դատախազության ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունից միջնորդագիր է ուղարկվել ոստիկանության պետին՝ «ձեռնարկելու գործուն միջոցներ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում տեղ գտած վերը հիշատակված թերությունները, դրանց պատճառներն և նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով»։
Եվ չնայած այս ամբողջ պատմությանը, ինչպես արդեն նշեցինք, ոստիկանությունը 2021թ․ նորից խոշոր գնման պայմանագիր է կնքել մի ընկերության՝ «Ռեգիոնստրոյսերվիսի» հետ, որի սեփականատերն ու տնօրենը՝ Հակոբ Ստեփանյանը, մեղադրվում է խաբեության եղանակով պետությունից առանձնապես խոշոր չափերով` մոտ 256 մլն դրամ գումար հափշտակելու մեջ։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել