
Սերգեյ Բագրատյանը չի բացառում «Իմ քայլի» ցուցակով արտահերթ ընտրություններին մասնակցելը
Անկախ պատգամավոր, նախկինում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանն արտահերթ խոհրդարանական ընտրություններին ընդառաջ քննարկումներ է սկսել տարբեր քաղաքական ուժերի, այդ թվում՝ իշխող ուժի ներկայացուցիչների հետ և համագործակցության առաջարկ ստացել: Համագործակցության հնարավորությունն անկախ պատգամավորը չի բացառում: Այս և այլ թեմաների մասին զրուցել ենք Սերգեյ Բագրատյանի հետ:
Պարոն Բագրատյան, Դուք որեւէ խմբակցությունում ընդգրկված չեք, արտահերթ ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերի հետ քննարկումներ սկսվե՞լ են:
Քանի որ բոլորն արդեն պատրաստվում են ընտրություններին, որը, ենթադրվում է, կլինի հունիսին, կարող եմ ասել, որ տարբեր առաջարկներ ստացել եմ: Խոստացել եմ քննարկել և պատասխանել, դեռևս որէ մեկին չեմ պատասխանել: Սպասում եմ իրական գործընթացները սկսվեն, այն ժամանակ որոշում կկայացնեմ:
Իշխանությունից և՞ս ստացել եք առաջարկ:
Այո:
Որքանո՞վ է հավանական համագործակցությունը։ Վերջին շրջանում Ձեր քվեարկությունները համահունչ են իշխող խմբակցության քվեարկությունների հետ:
Ընդհանրապես, քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, ոչինչ բացառել չի կարելի: Քննարկումները ցույց կտան, որովհետև բազմաթիվ խնդիրներ պետք է քննարկվեն: Ինձ համար խիստ կարևոր է, որ հատկապես տնտեսական ծրագիրը գոնե 70 տոկսով համադրելի լինեն տվյալ քաղաքական ուժի ծրագրերի հետ: Այլապես անիմաստ կդառնա որևէ կուսակցության մեջ ներգրավվելը, երբ էնտեղ չեն կայացվելու այնպիսի որոշումներ, որոնցում ընդգրկված կլինես: Իհարկե, աշխարհաքաղաքական ուղղությունը նույնպես կարևոր է, բայց քանի որ ես տնտեսության մասնագետ եմ, կարծում եմ, որ իմ առաջ քաշած տնտեսական ծրագիրը պետք է համադրելի լինի տվյալ քաղաքական ուժի տնտեսական հայեցակարգի հետ:
Նայելով այս խորհրդարանին՝ ի՞նչ կարող եք ասել, որքանո՞վ քաղաքական մեծամասնությունը կարողացավ լսելի դարձնել իր ընտրողի ձայնը:
2018 թվականին մտնելով ժողովրդավարացման նոր փուլ և նախկինում ունենալով քաղաքական այլ մշակույթ, որտեղ դոմինանտ են եղել անձակենտրոն հարաբերությունները, կարծես թե փորձեցինք մեր չիրականացված նպատակները, իղձերը նոր տեսքով վերաձևակերպել ու մասնակցել խնդիրների լուծմանը: Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ դրական տեղաշարժեր որոշակի ոլորտներում եղել են, բայց, բնականաբար, բոլորս ավելին էինք սպասում, քան ունենք այս իրավիճակում:
Արդյոք իշխանության ներկայացուցիչները կարողացան իրացնել իրենց հնարավորությունները։ Իմ կարծիքով, մի մասն ակտիվ աշխատեց, իսկ որոշ մասը պատրաստ չէր այդ աշխատանքին, և անձնական հարաբերություններում իրենք նույնպես ինքնաքննադատությամբ են հանդես գալիս՝ նշելով, որ պատրաստ չէին այդ աշխատանքին: Կարծում եմ՝ իշխանության թիմը որոշ չափով ձևավորվել է հընթացս… Հեղափոխական ընթացքի ժամանակ հնարավոր է բացթողումներ և սխալները շատ լինեն, կարծում եմ՝ դրա ականատեսը եղանք: Սակայն, ընդդիմությունը նույնպես համարժեք չէր կարողանում գնահատել իրավիճակը: Իհարկե, ազատ հարաբերությունները տանում էին նրան, որ հնարավոր եղավ խմբակցություններից դուրս գալ, որը բավական բարդ կլիներ նախորդ ընտրությունների ժամանակ: Կարող եմ ասել, որ չեմ պատկերացնում, թե նախկինում ՀՀԿ-ից որևէ մեկը կամավոր դուրս գար:
Պարոն Բագրատյան, բայց տեսանք նաև երևույթ, երբ խմբակցությունից դուրս եկած, անկախ պատգամավորի հարցին վարչապետը հարկ չհամարեց պատասխանել, ինչքանո՞վ է սա հարիր Ձեր բնութագրած ժողովրդավարական երկրին:
Որևէ պախարակելի բան չկա խմբակցությունից դուրս գալու որոշման մեջ, դա պատգամավորի իրավունքն է: Պատգամավորը ներկայացուցչական մանդատ ունի, ազատ է իր գործողություններում, իսկ ձեր ասած դեպքում, կարծում եմ, ավելի շատ միջանձնային հարաբերությունների դաշտ տեղափոխվեց խնդիրը: Պատգամավորի հարցը հունից հանեց վարչապետին, ոչ թե բուն խնդիրը խմբակցությունից դուրս գալն էր: Ի վերջո, ժողովրդավարության սկզբունքն է, եթե որևէ մեկը գտնում է, որ թիմային աշխատանքում, առանցքային հարցերում շեղումներ կան, ճիշտ կլինի, որ առանձին աշխատի: Եթե թիմում չես կարող իրացվել, անհատական որակներով կարող ես օգնել երկրի զարգացմանը:
Քանի որ խոսեցիք թիմից դուրս գալու մասին, Դուք ԲՀԿ-ի առանցքային անդամներից էիք, Ձեր որոշումը միանշանակ չընդունվեց, շատ էր խոսվում այն մասին, որ Ձեր նկատմամբ քրեական հետապնդումներ են իրականացվում, և դա է խմբակցությունից դուրս գալու պատճառը: Այսքան ժամանակ անց, հետահայաց նայելով՝ ինչպե՞ս կգնահատեք Ձեր որոշումը, և արդյոք երկուստեք նեղսրտվածություն չկա։
Գիտեք, առանցքային հարցերի շուրջ իմ ընկալումները տարբերվում էին թիմից: Ես փորձում էի իմ տեսակետը փոխանցել, պնդում էի, որ այս իրադրությունում նման քայլերը ժամանակավրեպ են, բայց քանի որ չէր ստացվում մեր խոսակցությունը, փորձեցի առանձին գործել: Ինչ վերաբերում է քրեական հետապնդմանը, ես այն ժամանակ խնդրեցի լրագրողներին հարցում անել պատկան մարմիններին, և հայտնեցին, որ ընդամենը մի գործով վկայի կարգավիճակ ունեմ: Իսկ դա հիմք չէր կարող հանդիսանալ հետապնդումների: Ես շարունակում եմ մնալ իմ տեսակետին, որ դուրս գալս իմաստ ուներ, որոհետև հիմա էլ համաձայն չեմ ԲՀԿ-ի քաղաքական գծին:
Ստացվում է՝ պետք է ևս վեց ամիս ինքնազոհողությամբ զբաղվեի, որի կարիքը, կարծում եմ, չկա: Այս պահին էլ, կարծում եմ, որ ժամանակին ճիշտ որոշում եմ կայացել, իմ մոտ նեղսրտվածություն չկա, կարծում եմ՝ իրենց մոտ էլ չպետք է լինի: Իհարկե, կարելի էր քննարկել նաև մանդատը վայր դնելու հարցը, բայց համարելով, որ այս խորհրդարանին շատ կարճ ժամանակ է մնացել, և տեսանելի էր ընտրության ընթացքը, չեմ կարծում, թե դրա վրա կարելի էր ժամանակ ծախսել:
Ամեն դեպքում, միանշանակ շարունակելու՞ եք Ձեր քաղաքական գործունեությունը:
Իհարկե, թե որ թիմում՝ պարզ կլինի մայիսից: Կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է ճիշտ կարողանա գնահատել իր ռեսուրսը, շատերի մոտ եմ նկատում, որ հաճույքով չեն աշխատում, իսկ այս աշխատանքը ստեղծարար է, պետք է սիրով աշխատես: Եթե ես նկատեմ, որ հաճույքով չեմ աշխատում, ամիջապես կդադարեցնեմ գործունեությունս:
Գուցե դա՞ է պատճառը, որ չնայած մականունավոր պատգամավորների թիվը նվազեց, սակայն խորհրդարանի վարկանիշը չբարձրացավ:
Հետաքրքիր դիտարկում է, ես ինքս էլ այդ մասին մտածել եմ: Ցավոք սրտի, աշխատող պատգամավորների թվի տարբերությունը նախկինում և ներկայում մեծ չէ: Ես տպավորություն ունեի, որ առնվազն 70-80 տոկոսը ակտիվ կաշխատի, և դրանով կտարբերվի նախորդ գումարման խորհրդարանից: Նախորդում էլ պատգամավորների 20-25 տոկոսն էր աշխատում, այստեղ էլ, և որակական տարբերություն առանձնապես չեղավ, որի ակնկալիքը կոնկրետ ես ունեի: Եթե ինչ-որ մեկի աշխատանքը չէ օրենք գրելը, տվյալ մարդը պետք է իր մեջ ուժ գտնի ու մանդատից հրաժարվի:
Մեկնաբանել