
Կամավորական Արշակ Մելիքյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով
Ապրիլի 14-ին ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ-ի գումարտակի նահատակների պարգեւատրման արարողության ժամանակ ԼՂՀ «Արիության համար» մեդալով հետմահու պարգեւատրվել է նաեւ Արշակ Մելիքյանը։ Մեդալն ստացել են Արշակի ավագ դուստրը՝ առաջին դասարանում սովորող Անահիտը, ու Արշակի եղբայրը՝ Հարութը։
Արշակ Մելիքյանը զոհվել է հոկտեմբերի 6-ին Մարտակերտի շրջանի Լյուլասազ բարձունքում տեղի ունեցած մարտերի ժամանակ, որոնց արդյունքում հայկական ուժերին հաջողվել է բարձունքը մաքրել թշնամուց։
Արշակը երեք երեխաներից կրտսերը՝ Տիգրանը, ծնվել է հոր զոհվելուց 17 օր հետո։
Զոհված կամավորականի կինը՝ Նարինե Խաչատրյանը, ասում է, որ Արշակի զոհվելուց հետո աղջիկներին՝ Անահիտին ու Արաքսին, հավատացրել են, թե «պապան արծիվ է դարձել, երկնքում է հիմա»։ Երեխաներն էլ անընդհատ նայում են երկնքին՝ այնտեղ փնտրելով ճախրող արծիվներին ու արծիվ դարձած հորը:
Արաքսը երազում է դեղագործ դառնալ եւ այնպիսի դեղ պատրաստել, որ արծիվների թեւերին քսի, ու նրանք մնան իրենց մոտ: Իսկ դպրոցական Անահիտն արդեն սկսել է հարցեր տալ, թե ինչու հայրը չի վերադառնում: Նարինեի փոխանցմամբ՝ դասարանում երեխաներից ինչ-որ բաներ է լսել հոր զոհվելու մասին, եւ հիմա ամեն ինչ հասկանում է: Ստիպված են մի օր Պռոշյան գյուղի պանթեոն տանել դստերը, որտեղ հուղարկավորվել է Արշակը: Իսկ Արաքսը դեռ հավատում է արծիվների մասին պատմությանը:
Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանել