HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանքարդյունաբերողը հայտնում է, որ Շահումյանի հանքավայրում ջրցան եւ բեռնաբարձիչ մեքենաներն արդեն աշխատում են

Ապրիլի 8-ին Կապանի լեռնահարստացման կոմբինատի («Չաարատ Կապան» ՓԲԸ) շուրջ 400 աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք ընկերությունից պահանջել են աշխատավարձերի բարձրացում եւ անվտանգության խնդիրների լուծում: Հատկապես մտագոհություն են հայտնել հանքավայրի ներսում բեռնաբարձիչ մեքենաների մասերի թարմացման, ջրցան մեքենայի բացակայության վերաբերյալ:

Ապրիլի 9-ին «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանին գրավոր հարցում էինք ուղարկել աշխատակիցների բարձրացրած խնդիրների առնչությամբ:

Հանքարդյունաբերող ընկերությանը հարցրել էինք, թե որքան ժամանակ է, որ Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրում բեռնաբարձիչ մեքենաները լիարժեք չեն աշխատում: Եվ ստեղծված իրավիճակում ընկերությունն ինչպե՞ս է կատարում ապարների տեղախումը, ի՞նչ լուծում են պատրաստվում տալ խնդրին:

«Չաարատ Կապան» ընկերությունը հայտնում է, որ Շահումյանի հանքավայրում շահագործվող բեռնաբարձիչ մեքենաներից միայն 4-ը լիարժեք չեն աշխատում, իսկ մյուսները կատարում են իրենց ամենօրյա աշխատանքը: Մեքենաների ժամանակին չվերանորոգվելը, ըստ պատասխանի, պայմանավորված է ավտոպահեստամասերի մատակարարման ուշացմամբ:

«Համաճարակային իրավիճակի եւ համաշխարհային բեռնափոխադրումների ներկայիս դժվարություններով պայմանավորված (ժամկետները 2-3 անգամ երկարել են)՝ ինչպես բոլոր կազմակերպությունները, այնպես էլ մեր ընկերությունը կանգնած է ապրանքների ժամանակին հասնելու խնդրի առջեւ, զգալի թանկացել են նաեւ բեռնափոխադրումները»,- նշվում է «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի գրավոր պատասխանում:

Հարցրել էինք նաեւ, թե վերջին անգամ հանքում երբ են աշխատել ջրցան մեքենաներ, եւ որն է ներկայում դրանց չաշխատելու պատճառը: Հետաքրքրվել էինք, թե մինչ այսօր ինչպես են հեռացրել հանքի ներսի փոշին: Հարցրել էինք նաեւ, թե ինչպես է լուծվելու այս հարցը:

Հանքարդյունաբերող ընկերության փոխանցմամբ՝ ջրցան մեքենան վերջին մեկ ամսվա ընթացքում տեխնիկական պատճառներով ոչ լրիվ հզորությամբ է աշխատել, ինչը եւս պայմանավորված է պահեստամասերի խնդրով: Ներկայում, ըստ ընկերության, մեքենան սարքին է եւ լիարժեք կատարում է աշխատանքը:

«Հարկ է փաստել, որ Շահումյանի հանքավայրում առհասարակ պատմականորեն ջրցան մեքենա չի եղել: Երբ անցած տարի որոշ տեղամասերում առաջացավ փոշու խնդիր, ընկերությունը, աշխատանքային պայմանների բարելավման եւ անվտանգության նկատառումներից ելնելով, տրանսպորտային պարկում առկա լիցքավորիչ մեքենան (այն բավականին թանկ արժե) վերափոխել է ջրցան մեքենայի, ինչը լուծել է փոշու խնդիրը հանքում: Մինչ այդ փոշին հեռացվում էր ձեռքով ջրելու միջոցով: Ավելին՝ առաջիկայում կտեղադրվի եւ կգործարկվի փոշենստեցման ավտոմատացված ցնցուղներով համակարգ (արդեն պատվիրված է), որն էլ ավելի կբարելավի իրավիճակը»,- ասվում է ընկերության պատասխանում:

Բողոքի ակցիա մասնակիցներն ընկերությունից պահանջել էին նաեւ աշխատավարձերի բարձրացում: Ընկերությանը հարցրել էինք, թե ինչ է արվելու այդ ուղղությամբ:

«Ընկերության ղեկավարության եւ աշխատակիցների միջեւ տեղի ունեցած համատեղ կառուցողական քննարկման արդյունքում բարձրացված հարցերին տրվել են համապատասխան լուծումներ»,- պատասխանել է «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն:

Լուսանկարը՝ chaarat.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter