HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բերել էինք երեխաներին ցույց տալու, որ պատերազմից հետո կյանքը շարունակվում է». Լուսաձորի դպրոցի ուսուցչուհի

Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղի դպրոցականներին Ստեփանակերտ բերող ավտոբուսը կանգնած էր Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի առաջ։ Աշակերտներն ու ուսուցիչները ավտոբուսում նստած էին, բայց այն չէր շարժվում։ Պատերազմից հետո առաջին անգամ նրանք եկել էին Ստեփանակերտ՝ «Ալվան ծաղիկը» ներկայացումը դիտելու, բայց քաղաքում լույս չկար։

Դպրոցի տնօրեն Սվետլանա Մակվեցյանը մեզ պատմեց, որ ներկայացումը դիտել չի հաջողվել։ Թատրոնի աշխատակիցները ներողություն են խնդրել ու ասել, որ ներկայացումը կտեղափոխվի մեկ այլ օր։ Դրսում եղանակը քամոտ էր, նրանք ավտոբուսում նստած սպասում էին՝ քամին հանդարտվի, որպեսզի շրջեն քաղաքում, բայց եղանակը չէր փոխվում, ու ուսուցիչները որոշեցին վերադառնալ Լուսաձոր։

Դպրոցական էքսկուրսիայի մասնակից երեխաները 21-ն էին, դպրոցի տարբեր դասարաններից, ուսուցիչները՝ 7-ը։ Թեև մեզ հետ զրույցում աշակերտները չէին դժգոհում, որ ներկայացումը դիտել չհաջողվեց, բայց տխուր էին, գրեթե չէին ժպտում։ Դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Քրիստինե Դանիելյանն ասում է՝ երեխաները նոր են ուշքի գալիս պատերազմից։ Իրենք էլ որպես մանկավարժ պարտավոր են երեխաներին ամեն կերպ շեղել վատ մտքերից։ Էքսկուրսիան էլ կազմակերպել էին երեխաներին առօրյայից կտրելու, պատերազմից հետո ապրող Ստեփանակերտը ցույց տալու համար։

«Ուզեցինք երեխաներն իրենց աչքով տեսնեն, որ կյանքը շարունակվում է, գյուղից դուրս ինչ-որ հետաքրքիր բան տեսնեն, բերել էինք երեխաներին ցույց տալու, որ պատերազմից հետո կյանք կա։ Ցավոք, ամեն ինչ մեր պլանավորածի պես չստացվեց, եղանակն էլ բարենպաստ չէր քաղաքով զբասնելու համար»,-ասում է ուսուցչուհին։

Դպրոցում մինչ պատերազմը սովորել է 18 աշակերտ։ Պատերազմից հետո աշակերտների թիվն ավելացել է, այժմ այստեղ սովորում է 31 աշակերտ։ Ադրբեջանական վերահսկողության տակ անցած բնակավայրերից շատ ընտանիքներ Լուսաձոր են տեղափոխվել, գյուղի դատարկ տներն այժմ բնակեցված են։ Պատերազմից հետո գյուղը ոչ ոք չի լքել։

Աշակերտները հիմնականում լուռ էին ու գրեթե չէին պատասխանում մեր հարցերին, միայն առաջին դասարանցի Մարիամ Մեսրոպյանն էր ակտիվ։ Նրա ընտանիքը մինչ պատերազմն ապրում էր Բերձորում։ Պատերազմից հետո, երբ շրջանն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, տեղափոխվել են Լուսաձոր։ Մարիամը հեքիաթներ է գրում։ «Գուցե մի օր էլ գրող դառնա»,-նշում է Դանիելյանը։

Տնօրեն Մակվեցյանն ասում է, որ ամեն տարի Արցախի տարբեր տեսարժան վայրեր են տանում դպրոցականներին։ Նախորդ տարի Հադրութ՝ Կատարո վանք էին գնացել, որից հետո պլանավորել էին գնալ Շուշի։ Մակվեցյանն իրեն արցախցի է համարում, թեև 17 տարի առաջ է ամուսնացել ու Սևանից տեղափոխվել Լուսաձոր։

Տնօրենի խոսքով՝ պատերազմի սկզբից անցել էին հեռավար ուսման, ուսուցիչները, աշակերտները ցրվել էին Հայաստանի տարբեր բնակավայրերով։ Եղել են նաև մարդիկ, որոնք չեն լքել գյուղը։ Հիմա էլի ամբողջ կազմով են։

Մեկնաբանություններ (2)

mihran robert mahmouzian
mariam your smile is kerezig i miss berzor too. thank you you all. mihran
VaRouge
God bless you all.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter