HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Քիչ եկամուտ, կրկնակի մեծ դեֆիցիտ. 2020-ի բյուջեի կատարողականը

Հայաստանի 2020 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմել են մոտ 1 տրլն 561 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրլն 895 մլրդ դրամ: Ու քանի որ ծախսվում է ավելի շատ, քան ստացվող եկամուտներն են, բյուջեն դեֆիցիտով է: Այն կազմել է մոտ 334 մլրդ դրամ: 

Բյուջեի կատարողականի ցուցանիշներն այսօր (2020թ. ապրիլի 22)  կառավարության նիստին ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Կատարողականը հաստատվեց Կառավարության կողմից, որից հետո ներկայացվելու է Ազգային ժողով: 

2020 թվականի բյուջեն պլանավորելիս ավելի շատ եկամուտ էր նախատեսվել (1 տրլն 695 մլրդ դրամ), սակայն համավարակի ու պատերազմի պայմաններում պլանավորված ցուցանիշով եկամուտներ չապահովվեցին: Տարվա ընթացքում բյուջեի եկամուտների սպասվող ցուցանիշը ճշգրտվել է և կազմել 1 տրլն 563 մլրդ դրամ: Այլ խոսքով՝ ճշգրտված ցուցանիշը թերակատարվել է 0.2%-ով: 

2019 թվականի համեմատ պետական բյուջեի փաստացի եկամուտները նվազել են 0.3%‑ով կամ 4.8 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է հարկային եկամուտների և պետական տուրքերի նվազմամբ:  

Նախատեսված և ավելացող ծախսերը կատարելու համար պետությունը արտաքին աշխարհից ավելի շատ պարտք է ներգրավել, որի հետևանքով ավելացել է ինչպես պետական պարտքը, այնպես էլ՝ բյուջեի դեֆիցիտը: 

2020 թվականին բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 1 տրլն 895 մլրդ դրամ: Բյուջեով նախապես պլանավորվել էր ծախսել մոտ 1 տրլն 856 մլրդ: Հետո այս թիվը ճշգրտվել է՝ դառնալով 1 տրլն 989  մլրդ դրամ: Ծախսերի ճշտված ծրագիրը թերակատարվել է  4.7%-ով: 

Ի սկզբանե նախատեսված էր 2020 թվականին ունենալ մոտ 161 մլն դրամի դեֆիցիտ, սակայն փաստացի գրանցվել է մոտ 334 մլրդ դրամի՝ ավելի քան կրկնակի նախատեսված ցուցանիշից: Ջանջուղազյանն ընդգծեց, որ դա այն գինն է, որը Հայաստանը վճարել է կորոնավիրուսի ու պատերազմի տնտեսական հետևանքները նվազեցնելու համար։

Այս ամենին զուգահեռ ավելացել է նաև Հայաստանի պետական պարտքը: 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 4 տրլն 164.3 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 67.3%-ը: Դոլարային արտահայտությամբ պարտքը կազմել է 7 մլրդ 968.5 մլն ԱՄՆ դոլար:

Դոլարի նկատմամբ դրամի արժեզրկման հետևանքով, երբ պարտքը հաշվարկվում և 2019 թվականի վերջի հետ համեմատվում է դրամով, ապա աճը շատ ավելի մեծ է ստացվում, քան դոլարային հաշվարկներով:  

Մասնավորապես, 2020 թվականի դեկտեմբերի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 7 մլրդ 968 մլն դոլար: Տարվա ընթացքում, այսինքն՝ 2019 թվականի վերջի համեմատ, այն աճել է 647 մլն դոլարով կամ 8.8%-ով: 

Հայաստանի արտաքին պարտքը 2020-ի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 53 մլն դոլար՝ տարվա ընթացքում աճելով մոտ 269 մլն դոլարով կամ 4.6%-ով: 

Իսկ ներքին պարտքը կազմել է 1 մլրդ 915 մլն դոլար՝ ավելանալով մոտ 379 մլն դոլարով կամ 24.6%-ով:

Համեմատության համար՝ դրամով պետական պարտքը 2020-ի դեկտեմբերի վերջին կազմել է 4 տրլն 164 մլրդ դրամ՝ տարվա ընթացքում աճելով 18.6%-ով: Ընդ որում ՝ արտաքին պարտքը կազմել է 3 տրլն 163 մլրդ դրամ՝ աճելով 14%-ով: Ներքին պարտքը կազմել է 1 տրլն դրամ՝ աճելով 35.8%-ով:

Սրա արդյունքում ավելացել է կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը՝ 2020 թվականի վերջում կազմելով 63.5%, մինչդեռ 60%-ի շեմը գերազանցելը համարվում է «վտանգավոր շեմի» հատում:

«Պետական պարտքի մասին» օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքի և Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի հարաբերակցության սահմանային շեմը 60 տոկոս է։ Երբ կառավարության պարտքը գերազանցում է տվյալ տարվա ՀՆԱ-ի 60%-ը, պարտավորվում է հստակ սահմանափակումների գնալ հարկաբյուջետային պլանավորման ժամանակ:

Ֆինանսների նախարարի խոսքով՝ իրենք ձգտում են կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կրկին 60%-ից իջեցնել: Նշենք, որ այդ ցուցանիշը 2019թ. վերջին կազմել է 49.9%։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter