
Պետությունն ընդհանուր 867 միլիոն դրամի գնում է կատարել փոխդատախազի մոր ընկերությունից
2020 և 2021 թվականներին պետական մի շարք կառույցներ խոշոր գնման պայմանագրեր են կնքել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի փոխդատախազ Արսեն Կոստանդյանի մորը՝ Աննա Վանեցյանին պատկանող «Պահապան1» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 867 միլիոն դրամ։
Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ «Պահապան1» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թվականի օգոստոսի 21-ին, ընկերության միակ սեփականատերն ու նաև տնօրենը փոխդատախազի մայրն է՝ Աննա Վանեցյանը։ Ընկերությունը պահնորդական ծառայություններ է մատուցում (անվտանգության համակարգեր, պարեկային ծառայություն և այլն)։ Ոստիկանությունից համապատասխան գործունեության իրականացման լիցենզիան ստացել են 2019թ․ սեպտեմբերի 6-ին։
Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ «Պահապան1» ՍՊԸ-ն պետգնումների գործընթացին սկսել է մասնակցել 2020 թվականի հունվարից, և մինչև օրս 7 պայմանագիր է կնքել պետական տարբեր կառույցների հետ։
Դրանցից ամենախոշորի պատվիրատուն եղել է Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)։ 2021 թվականի հունվարի 12-ին կնքված պայմանագրով՝ «Պահապան1» ընկերությունը 530 միլիոն 700 հազար դրամի դիմաց պահնորդական ծառայություններ է մատուցել ՊԵԿ-ին՝ պարտավորվելով շուրջօրյա պարեկության միջոցով կանխել և կասեցնել պահպանվող տարածքներում իրավախախտումները։
Հաջորդ խոշոր պատվիրատուն Երևանի պետական համալսարանն է (ԵՊՀ)։ 2020թ․ դեկտեմբերի 23-ին ԵՊՀ-ի և «Պահապան1»-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ընկերությունը պարտավորվել է 260,5 միլիոն դրամի դիմաց ապահովել մայր բուհի անվտանգությունը։
«Պահապան1» ՍՊԸ-ի ծառայություններից օգտվել են «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» պետական ՓԲԸ-ն (երկու անգամ՝ 29,1 մլն և 31,5 մլն), ոստիկանությունը (երկու անգամ՝ 3,3 մլն և 5,9 մլն) և սոցիալական ապահովության ծառայությունը (այժմ ներառված է Միասնական սոցիալական ծառայության կազմում) (6,3 մլն)։
Հիշեցնենք, որ մեր նախորդ հրապարակման մեջ էլ անդրադարձել էինք Մալաթիա-Սեբաստիայի դատախազի տեղակալ Արսեն Կոստանդյանի կնոջը՝ Վիկտորյա Մելիք-Սարսգայնին պատկանող ընկերություններին («Պահապան» ՍՊԸ և «Մանանկ» ՍՊԸ), որոնք տարիներ շարունակ հանդերձանք են մատակարարել և մատակարարում ուժային կառույցներին, ինչպես նաև ՊԵԿ-ին և արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը։
Հարկ է նշել, որ ըստ armeps.am համակարգի՝ ուժային կառույցներին 2016-2019 թվականներին տասնյակ միլիոնավոր դրամների հանդերձանք է մատակարարել այս ընտանիքին պատկանող մեկ այլ ընկերություն ևս «Դերձակ» ՍՊԸ-ն, որի գործուներությունը, ըստ ՊԵԿ-ի՝ ժամանակավորապես դադարեցված է։
Ի դեպ, նշենք նաև, որ փոխդատախազ Արսեն Կոստանդյանի հայրը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Կոստանդյանն է, որը 1978-1996 թվականներին աշխատել է ներքին գործերի նախարարության համակարգում։ Նա պատգամավոր է եղել 1999-2007 թվականներին։ 1999-2003 թվականներին ոչ մի խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, իսկ 2003-2007 թվականներին եղել է «Ազգային միաբանություն» խմբակցություն անդամ։
2017 թվականի խորհրդարանական ընտրություններին Գագիկ Կոստանդյանը առաջադրվել էր Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում` «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից, բայց ինչպես հայտնի է, կուսակցությունը չէր հաղթահարել անցողիկ շեմը։
Մեկնաբանել