HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մեղրիի ղեկավար Մխիթար Զաքարյանի ձերբակալման դեմ բողոքը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին

Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի պաշտպան Գայանե Պապոյանը բողոքարկել է նրա ձերբակալման որոշումը։ Բողոքը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Պապոյանը՝ տեղեկացնելով, որ բողոքի քննությունը նշանակվել է վաղը՝ ապրիլի 23-ին, ժամը 18:30-ին։ Բողոքի քննությունն ուշ նշանակելու պատճառաբանությունն, ըստ Գայանե Պապոյանի, այն է եղել, որ քննիչը ծանրաբեռնված է, մինչդեռ Պապոյանը հայտնում է, որ Քննչական կոմիտեի մի խումբ քննիչներ ներգրավված են Զաքարյանի և մյուսների վերաբերյալ քննվող քրեական գործով։

«Այդ կառույցի բոլոր քննիչներն այս գործով են զբաղվում, ակնհայտ երևում է, որ զուտ ձգձգում են։ Դատարանը պարտավորություն ունի նիստը բացելու․ ի՞նչ է նշանակում՝ քննիչին հարմար չէ։ Թող դատարանը նիստը բացի, հայտնի, որ քննիչն այսպիսի դիրքորոշում է ներկայացրել, և եթե քննիչի բացակայությունը հարգելի է, հետաձգի նիստը, իսկ եթե ոչ, թող առանց քննիչի նիստն անցկացվի»,- վրդովմունք հայտնեց Պապոյանը։

Մխիթար Զաքարյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով և բացառիկ ցինիզմով։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 20-ին և 21-ին Սյունիք կատարած այցի ընթացքում մարզի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Մեղրիում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց առթիվ հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության հոդվածներով։

Լուսանկարում՝ Մանվել Շահվերդյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter