HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական համաֆինանսավորման ծրագրից 3 տնտեսվարող է օգտվել․ մեկը դատախազի որդու ԱՁ-ն է

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու նպատակով Կառավարությունը 2020 թ.-ին ընդունեց 2-րդ ծրագիրը, որը վերաբերում էր գյուղատնտեսությանը։ Ծրագրի բաղադրիչներից մեկը համաֆինանսավորումն էր։

«Հետք»-ը պարզել է, որ 2020 թ.-ին համաֆինանսավորում ստացել է ընդամենը 3 սուբյեկտ, որոնցից մեկը զինվորական դատախազի տեղակալի որդու ԱՁ-ն է, մյուսը մի փաստաբանի ղեկավարած գյուղատնտեսական կոոպերատիվ։ Համաֆինանսավորման ծավալը կազմել է ընդամենը 23.7 միլիոն դրամ։

Դատախազի որդին սպանդանոցի բիզնես է հիմնում

«Արմեն Հարությունյան» ԱՁ-ն 1.820.000 ՀՀ դրամ համաֆինանսավորում է ստացել սպանդանոցային սարքավորումներ ձեռք բերելու համար։ ԱՁ-ն Վարդենիս քաղաքում ծրագրել է սպանդանոց շահագործել։

«Արմեն Հարությունյան Տիգրանի» ԱՁ-ն ստեղծվել է 2020 թվականի փետրվարի 2-ին Վարդենիս քաղաքում։ ԱՁ-ի գործունեության տեսակն է «Բուսաբուծություն ու անասնաբուծություն, որսորդություն և հարակից ծառայություններ»։

Արմեն Հարությունյանը ՀՀ զինվորական դատախազության Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Հարությունյանի որդին է։ Արմեն Հարությունյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2019 թ.-ին արտասահմանյան աճուրդներից մեքենաներ է գնել և վաճառել Հայաստանում։ Արմեն Հարությունյանն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։

Վարդենիսի քաղաքապետարանի հետ գրավոր նամակագրության արդյունքում պարզվեց, որ Վարդենիսում գտնվող 14 հա համայնքային հողամասը 2010 թ.-ին վարձակալել է քաղաքացի Անահիտ Գրիգորյանը։ 2020 թ.-ի մարտի 20-ին Գրիգորյանը դիմել է Վարդենիսի քաղաքապետարան՝ խնդրելով այդ հողամասից 0.8 հա հողակտորի կատեգորիան փոխել՝ սպանդանոց կառուցելու նպատակով։ Վարդենիսի ավագանին նույն տարվա հունիսի 11-ին համաձայնություն է տվել կատեգորիան փոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը։ ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջերատեսչական հանձնաժողովն էլ 2020 թ.-ի հուլիսի 8-ին որոշել է տալ դրական եզրակացություն հողի կատեգորիան փոխելու վերաբերյալ։ Եզրակացությունը ստանալուց հետո Վարդենիսի ավագանին օգոստոսի 11-ին փոխել է 0.8 հա հողակտորի կատեգորիան։ Ավագանին նույն օրը նաև որոշել է կատեգորիան փոխած հողակտորը աճուրդով օտարել, սակայն մինչ օրս դեռ աճուրդը չի կայացել։

Այցելեցինք Վարդենիս քաղաքի այն հողամասը, որի կատեգորիան փոխվել է սպանդանոց կառուցելու նպատակով։ Խորհրդային տարիներին կառուցված շինության առաջին հարկի պատուհաններն արդեն նորացված էին։ Հենց այդ տարածքն էլ կվերածվի սպանդանոցի, որտեղ գործունեություն կծավալի «Արմեն Հարությունյան» ԱՁ-ն։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալներով, Գեղարքունիքի մարզում կա գործող 5 սպանդանոց, որոնցից երկուսը՝ Սևան քաղաքում են, մյուսները՝ Գավառում, Վահան և Զովաբեր համայնքներում։ Գեղարքունիքի մարզն առաջատարն է ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի թվով։ Մարզում 97 հազարից ավել խոշոր եղջերավոր կենդանի է հաշվառված։

Տեսչական մարմնից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ «Արմեն Հարությունյան» ԱՁ-ն 2020թ.-ի սկզբին սպանդանոցի հայտ է ներկայացրել, ունեցել է շինություն, որում փոփոխություններ պետք է իրականացնի։ «Սակայն մինչև այսօր որևէ առաջընթաց չի գրանցվել: Համենայնդեպս չի դիմել ՍԱՏՄ, որպեսզի մեր տեսուչները ստուգեն համապատասխանությունը: Առանց ՍԱՏՄ թույլտվության գործունեություն սկսել չի կարող»,- փոխանցեց Տեսչական մարմնի հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը։

Դիլիջանում տավարաբուծության նոր ծրագիր կիրականացնեն

Համաֆինանսավորման տեսքով պետական աջակցություն ստացած տնտեսվարողներից մյուսը «Տոհմային տավարաբուծության նախագիծ» կոոպերատիվն է։ Այն նախատեսում է Տավուշի մարզի Դիլիջան համայնքում Աբերդին Անգուս ցեղատեսակի խոշոր եղջերավոր կենդանիներ բուծել։ Դրա համար պետությունը օժանդակել է կոոպերատիվին 21.000.000 ՀՀ դրամի համաֆինանսավորմամբ։ Քանի որ գումարը 15 մլն դրամից մեծ է, Կառավարության որոշմամբ է համաֆինանսավորման ծրագիրը հաստատվել։ «Ինեկոբանկ»-ի կողմից «Տոհմային տավարաբուծության նախագիծ» գյուղատնտեսական կոոպերատիվին տոհմային տավարաբուծության նպատակով տրամադրվող 30.0 մլն դրամ վարկը համաֆինանսավորել է 70 %-ով՝ 21.0 մլն դրամ գումարի չափով։

«Տոհմային տավարաբուծության նախագիծ» գյուղատնտեսական կոոպերատիվի անդամներն են՝ Արաքսյա Հովհաննիսյանը, Մարտուն Պողոսյանը, Քրիստինա Խաչատրյանը, Հայկուհի Պողոսյանը, Ռոբերտ Խաչիկյանը և Գայանե Խաչիկյանը։ Կոոպերատիվի նախագահը փաստաբան Մարտուն Պողոսյանն է։

Վերջինս նաև «Մաունթեն Բիֆ Քոմփանի» ՍՊԸ-ի 65 %-ի փայատերն է ու տնօրենը։ ՍՊԸ-ի բաժնետոմսերի մնացած մասը հավասարապես տիրապետում են Գեորգի Միսակի Օհանյանը և Սվետլանա Տիգրանի Ղազարյանը։ Գեորգի Օհանյանն էլ ալկոհոլային խմիչքներ արտադրող «Օհանյան բրենդի կոմպանի» ընկերության հիմնադիրն է։ «Մաունթեն Բիֆ Քոմփանի» ՍՊԸ-ն և «Տոհմային տավարաբուծության նախագիծ» կոոպերատիվը գտնվում են Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրում։ «Մաունթեն Բիֆ Քոմփանի» ՍՊԸ-ն զբաղվում է Աբերդին Անգուս ցեղատեսակի խոշոր եղջերավոր կենդանիների բուծմամբ։

Պետական համաֆինանսավորում ստացած երրորդ սուբյեկտի ծրագիրն ամենափոքրն է։ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում քաղաքացի Սիրվարդ Այվազյանը լորաբուծությամբ զբաղվելու համար ստացել է 900 հազար դրամ համաֆինանսավորում։ Թռչնամթերքը արտադրվում է «TeSileco» ապրանքային անվամբ։ Համաֆինանսավորում ստացած սուբյեկտը «Սիրվարդ Այվազյան Արամայիսի» ԱՁ-ով է գործունեություն ծավալում։ Արտադրում է լորի ձու։

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պատասխանել է պետական ծրագրից օգտվելու ընթացակարգերի մասին մեր հարցերին։ Նախարարը հայտնել է, որ օժանդակության կարգը սահմանված է Կառավարության որոշմամբ։

Համաձայն կարգի` համաֆինանսավորվել կարող են այն վարկերը, որոնք ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի հետ կնքել են միջոցառմանը մասնակցության վերաբերյալ պայմանագրեր։

Շահառուները վարկավորման նպատակով դիմում են Գյուղական ֆինանսավորման կառույցի հետ պայմանագրեր կնքած Ֆինանսական կազմակերպություններին՝ ներկայացնելով միջոցառման ներքո օժանդակության կոնկրետ ուղղություններով գումարների օգտագործման մասին տեղեկատվություն։ Ֆինանսական կազմակերպությունները վարկի նախահաստատումից հետո Կառույցին են ներկայացնում համապատասխան հայտ: Գյուղական ֆինանսավորման կառույցը ստուգում է ներկայացված հայտի համապատասխանությունը միջոցառման սահմանված պահանջներին։

Վարկը տրամադրելուց հետո բանկը կամ վարկային կազմակերպությունը կառույցին է ներկայացնում վարկի համաֆինանսավորման հայտ: Եթե բավարարվում է հայտը, հաշված օրերի ընթացքում իրականացվում է համաֆինանսավորումը։

Էկոնոմիկայի նախարարության ստորաբաժանումների աշխատակիցների կողմից փաստաթղթերի ստուգման աշխատանքներ նախատեսված չեն

Ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի համաֆինանսավորման նպատակով հայտերի ներկայացման, դրանց բավարարման կարգն ու ժամկետները, ինչպես նաև միջոցների նպատակային օգտագործման, պետության նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացակարգերը կարգավորվում են Գյուղական ֆինանսավորման կառույցի և Ֆինանսական կազմակերպությունների միջև կնքվող պայմանագրերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter