HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողան-Բայդեն առճակատումը. մի քանի պատճառ, թե ինչու Բայդենը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 22-ին համաշխարհային հեղինակավոր լրատվամիջոցները, հղում անելով Սպիտակ տան իրենց աղբյուրներին, հայտարարեցին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ամենամյա ուղերձի ժամանակ, պատրաստվում է պաշտոնապես ճանաչել XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումը որպես ցեղասպանություն։ Մինչ այդ, ամերիկյան նախագահները խուսափում էին «Ցեղասպանություն» եզրույթից՝ իրենց ուղերձներում կիրառելով «Մեծ եղեռն» տարբերակը։ Նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ի պատասխան Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման վերաբերյալ լուրերին, հայտարարել էր, որ Թուրքիան «պաշտպանելու է ճշմարտությունը՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեջ իրենց ուղղված ստահոդ և քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներից»: Կճանաչի՞ արդյոք Միացյալ Նահանգների նախագահը Հայոց ցեղասպանության փաստը, դեռևս անհայտ է։ Այն պարզ կլինի ապրիլի 24-ին Բայդենի ուղերձի ժամանակ։ Սակայն մի բան ակնհայտ է։ Թերևս վերջին տարիներին սա ամենահավանական ժամանակահատվածն է, երբ Միացյալ Նահանգների նախագահը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունն այն դեպքում, երբ օրենսդիր և նահանգային մակարդակներում արդեն իսկ ճանաչվել է այդ փաստը։ 

«Հետք»-ը վեր է հանել այն հիմնական պատճառները, որոնք կարող են նպաստել Հայոց ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ նախագահի կողմից։

Միացյալ Նահանգներն արդեն իսկ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ պատմության մեջ Ռոնալդ Ռեյգանը դեռևս միակ նախագահն է, որ Հայոց ցեղասպանության փաստը որակել է որպես «ցեղասպանություն»։ Դա տեղի է ունեցել 1981 թվականին։ Ռեյգանի հռչակագրի հեղինակը եղել է այդ ժամանակ Սպիտակ տան աշխատակից, նախագահի ելույթների նախապատրաստման բաժնի ղեկավար Քենեթ Խաչիկյանը։ «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում Խաչիկյանը պատմել է, որ Հայոց ցեղասպանության եզրույթի կիրառումը եղել է Սպիտակ տան քաղաքական որոշումը։ 

 «Ամեն տարի նախագահը հռչակագիր է հրապարակում հրեաների ողջակիզման վերաբերյալ: 1981 թվականին, ես որպես նախագահի ելույթների պատրաստման բաժնի ղեկավար, գրում էի Ողջակիզման վերաբերյալ հռչակագիրը և ինձ համար տրամաբանական էր հռչակագրում նշել «Հայոց ցեղասպանություն» եզրը: Բայց, քանի որ ինքս հայ եմ, ճիշտ համարեցի այդ հռչակագիրը քննարկել նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի հետ, մատնանշելով, որ ներառել եմ Հայոց ցեղասպանություն եզրը նախագահի հռչակագրում: Նրա պատասխանը միանշանակ էր»: «Սա իրական է, ճի՞շտ է: Ուստի, եթե իրական է, որևէ խնդիր չկա: Այսպիսով, ես տարա հռչակագիրը նախագահին, նախագահ Ռեյգանն այն ստորագրեց»,- պատմել է Խաչիկյանը։

Ռեյգանին հաջորդած Ջորջ Բուշ Ավագը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Ուոքեր Բուշը, Բարաք Օբաման և Դոնալդ Թրամփը խուսափեցին «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից։ Դա առաջին հերթին պայմանավորված էր թուրք-ամերիկյան հարաբերություններով։ Երկու երկրներն ունեին ռազմավարական նշանակության փոխգործակցություն և հարաբերություններ։ Թուրքիան, ԱՄՆ-ից հետո, ուներ երկրորդ խոշոր բանակը ՆԱՏՕ-ի կազմում, բացի այդ, այն Միացյալ Նահանգների համար կարևոր գործընկեր էր Մերձավոր Արևելքում։

Ըստ որոշ աղբյուրների, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման 2009 թվականին հրաժարվել էր կիրառել «ցեղասպանություն» եզրույթը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը չվնասելու համար։ Այդ մասին հայազգի երիտասարդներից մեկի հետ զրույցի ժամանակ ասել էր այն ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը՝ նշելով, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը իրենց խնդրել էր չշտապել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Տեսանյութը, որը գաղտնի էր նկարահանվել, մեծ իրարանցում էր առաջացրել Հայաստանում։ Ավելի ուշ, երրորդ նախագահը հերքել էր Բայդենի խոսքերը։

«Հայաստանի Հանրապետության նախագահը երբևէ չի զանգահարել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին: Վերջինիս նախաձեռնությամբ 2009 թ. կայացել է երկու հեռախոսազրույց, որոնց ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահը չի արել տեսանյութում իրեն վերագրվող արտահայտությունն ուղղակի կամ անուղղակի»,- տարածված հաղորդագրության մեջ նշել էր այն ժամանակ նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը:

ԱՄՆ 50 նահանգներից 49-ը պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Միակ նահանգը, որը չի ճանաչել հայերի բնաջնջումը Օսմանյան կայսրությունում, Միսիսիպին է։ Դեռ 2015 թվականին Միսիսիպիի նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Թոբի Բարքերը նախաձեռնել էր Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծ, որը սակայն ձախողվեց։ 

Հայոց ցեղասպանությունն ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներն էլ (Սենատը և Ներկայացուցիչների պալատը) ճանաչել են 2019 թվականին՝ համապատասխանաբար N 150 և N 296 բանաձևերով։ ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատների բանաձևերը միմյանցից անկախ էին, չունեին օրենքի ուժ և, ըստ ընթացակարգի, չէին պահանջում ԱՄՆ նախագահի ստորագրությունը։ ԱՄՆ պետքարտուղարությունը 2019 թվականի դեկտեմբերի 17-ին, անդրադառնալով Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին, հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները շարունակում է այդ իրադարձությունները դիտարկել որպես «ամենասարսափելի զանգվածային կոտորածներից մեկը»։ «Վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել։ Մեր տեսակետներն արտացոլված են նախագահի՝ այս հարցով ապրիլի 24-ին հնչած հստակ հայտարարությունում»,- հայտարարել էր ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրտագուսը։

Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնական պատճառները

Կան մի շարք պատճառներ, որոնք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կարող են դրդել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։ Ընդ որում, դրանք միայն արտաքին քաղաքական դրդապատճառները չեն։

1. Նախընտրական քարոզարշավի խոստումներ

Դեռևս նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը, նախագահ ընտրվելու պարագայում, խոստացել էր պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Թվիթերի իր միկրոբլոգում Բայդենը գրել էր, որ խոստանում է աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի ընդունմանը, իսկ մարդու իրավունքները կդառնան իր կառավարման գլխավոր առաջնահերթություն։

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք կճանաչի Բայդենը Հայոց ցեղասպանությունը, բայց սա շատ լավ աշխատող հնարք է, որից նախընտրական քարոզարշավների ժամանակ օգտվում են ԱՄՆ նախագահի թեկնածուները։ Այս քայլով նրանք նպատակ են հետապնդում գրավելու ԱՄՆ հայ համայնքի ուշադրությունը՝ փորձելով ստանալ ավելի քան մեկ միլիոն հայերի աջակցությունը նախագահական ընտրությունների ժամանակ։ Նույն մարտավարությունը որդեգրել էր նաև Բարաք Օբաման, որը խոստացել էր նախագահ ընտրվելուց հետո ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն այդպես էլ չկատարեց իր խոստումը։

2. Բայդեն-Էրդողան հարաբերություններն ու թուրք-ամերիկյան լարումը

Մինչև 2021 թվականի ապրիլի 23-ը, ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո՝ Ջո Բայդենը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեն հանդիպել և հեռախոսազրույց չէին ունեցել։ Սա բավականին հետաքրքիր է։ Եթե առաջին պարագայում, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, միջազգային հանդիպումներն ու գագաթնաժողովները հիմնականում կազմակերպվում են առցանց ֆորմատով, ապա հեռախոսազրույցի բացակայության մասին փաստը խոսում էր երկու երկրների հարաբերություններում առկա խորը ճգնաժամի մասին։ Եվ միայն ապրիլի 23-ին Բայդենն ու Էրդողանն ունեցել են հեռախոսազրույց, որտեղ, ըստ Bloomberg գործակալության, ԱՄՆ նախագահը Էրդողանին հայտնել է, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ 

Դեռ այս տարվա մարտին, պատասխանելով այն հարցին, թե ինչու նորընտիր նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց չի ունեցել Թուրքիայի իր գործընկերոջ հետ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին ասել էր հետևյալը. «Իհարկե, կան համաշխարհային շատ առաջնորդներ, որոնց նախագահը դեռ պետք է զանգահարի, և դա նա կանի առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում։ Ես վստահ եմ, որ ինչ-որ մի պահ նա կխոսի Էրդողանի հետ»։ Դեռ նոյեմբերին, երբ արդեն պարզ էր, որ ընտրություններում հաղթում է Ջո Բայդենը, Էրդողանը փորձել էր հեռախոսազրույց ունենալ նրա հետ, սակայն ստացել էր վերջինիս մերժումը: 

Որոշ քաղաքագետներ պնդում են, որ Էրդողանի նկատմամբ Բայդենի վերաբերմունքը մասամբ պայմանավորված է գաղափարախոսական պատճառներով։ Այսպես, նախընտրական քարոզարշավի ժամանակ Բայդենը Թուրքիայի առաջնորդին անվանել էր ավտոկրատ և հիմա փորձում է ցույց տալ, որ ի տարբերություն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի, չի պատրաստվում «խաղեր խաղալ» ոչ լիբերալ առաջնորդների հետ։

Բայդենը բավականին կոշտ է արտահայտվում մի շարք երկրների առաջնորդների հասցեին, ինչպես օրինակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ իբն Սալմանի։ Վերջերս, ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Բայդենը հայտարարել էր, որ Պուտինին համարում է մարդասպան։

Ավելի քան 180 կոնգրեսականներ կոչ էին արել Ջո Բայդենի վարչակազմին պայքարել Թուրքիայում մարդու իրավունքների խախտման դեմ։ Նամակում, որն ուղարկվել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին, Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններից կոնգրեսականները խնդրել էին ուսումնասիրել Էրդողանի կառավարման տարիներին այդ երկրում գրանցված մարդու իրավունքների խախտումները։ «Ցավոք Թուրքիայի նախագահը նպաստել է նրան, որ մեր երկրների միջև հարաբերությունները ստիպված են եղել անցնել ծանր փորձություններով։ Իրավունքի վերաբերյալ ռազմավարական հարցերը կարևոր դեր են զբաղեցնում մեր երկկողմ հարաբերություններում։ Այդուհանդերձ, Թուրքիայում մարդու իրավունքների և ժողովրդավարության սկզբունքների լուրջ խախտումները հավասար մակարդակով մտահոգություն են առաջացնում»,- նշվում է Բայդենի վարչակազմին ուղղված կոնգրեսականների նամակում։

Վերջին ամիսներին էականորեն լարվել են նաև թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչը մասամբ պայմանավորված է ռուս-թուրքական հարաբերությունների խորացմամբ և զարգացմամբ։ Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին Թուրքիան կարողանում էր երկակի խաղ խաղալ և’ Ռուսաստանի, և’ Միացյալ Նահանգների հետ։ Թուրքիան խուսափեց ամերիկյան կողմի լուրջ պատժամիջոցներից, երբ Ռուսաստանից ձեռք բերեց С-400 զենիթահրթիռային համակարգերը, ինչը քննարկվել է վերջին մի քանի ամիսներին թուրք-ամերիկյան տարբեր մակարդակներով բանակցությունների ժամանակ։ Բացի այդ, այս տարվա փետրվարին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն առաջարկել էր C-400-ի խնդրի լուծումը կապել սիրիական քրդերի զինված ջոկատներին ամերիկյան աջակցության հետ, որոնց Անկարան համարում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ճյուղավորում։ Ամերիկացիները սակայն մերժել էին այս առաջարկը։

Վաշինգտոնը նախկինի պես Թուրքիայից պահանջում է հրաժարվել ռուսական զենիթահրթիռային համակարգերից։ Ինչպես Սենատում հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, «մեզ համար անընդունելի է այն միտքը, որ մեր ռազմավարական, այսպես կոչված ռազմավարական, գործընկերը կարող է մտերմանալ Ռուսաստանի հետ, որը մեր խոշոր ռազմավարական մրցակիցներից մեկն է»։

Ապրիլի 22-ին նաև պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգները Թուրքիային վերջնականապես հեռացրել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրից։ Այդ մասին հայտարարել էր Պենտագոնի ներկայացուցիչ Ջեսիկա Մաքսվելը։ Նա նշել էր, որ որոշումը պայմանավորված է Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների գնմամբ։ 

Բայդենի վարչակազմի կոշտ դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ պայմանավորված է նաև նրանով, որ Մերձավոր Արևելքը ներկայումս չի համարվում ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը։ Հետևաբար, այս տեսանկյունից, Թուրքիան, լինելով դեպի Մերձավոր Արևելք արևմտյան ուժերի հիմնական դարպասը, որոշակիորեն կորցնում է իր ռազմավարական նշանակությունը Բայդենի վարչակազմի համար։

Էրդողանի վարչակազմը, հասկանալով այս ամենը, փորձում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Դրա վառ օրինակներից մեկը 2020 թվականին արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի տարածքում ստեղծված հրադադարի պահպանման ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի ստեղծումն էր։ Դա չի խանգարում, որ զուգահեռաբար պաշտոնական Անկարան խորացնի իր հարաբերությունները նաև Կիևի հետ։ Վերջին ամիսներին մամուլում բազմիցս գրվել է, որ Թուրքիան Ուկրաինային է վաճառում Bayraktar TB-2 անօդաչու հարվածային թռչող սարքեր։ Բացի այդ, ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ, Անկարան աջակցում է Կիևին՝ հայտարարելով, որ Ղրիմը բռնակցվել է Ռուսաստանի կողմից։ 

Պաշտոնական Մոսկվան շատ լավ հասկանում է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները ճգնաժամային փուլում են, ուստի իրեն ձեռնտու է Թուրքիայի հետ հարաբերությունների խորացումը։ Հենց սա է պատճառը, որ Մոսկվան երբեմն անտեսում է Անկարայի գործողությունները՝ այդ թվում իր ազդեցության գոտիներում։

Մի բան պարզ է։ Հայոց ցեղասպանության ճանաչման պարագայում ԱՄՆ-ն այսուհետ Թուրքիայի հետ իր հարաբերությունները կկառուցի քաղաքական շահերի, այլ ոչ ռազմավարական գործընկերության վրա։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վլադիմիր Վասիլևը պնդում է, որ Բայդենը դեռևս հիշում է Էրդողանի կողմից ամերիկյան վարչակազմին ուղղված այն մեղադրանքները, համաձայն որի 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ իբր իր մասնակցությունն է ունեցել նաև Միացյալ Նահանգները։ Վերջինս հրաժարվում է Թուրքիային արտահանձնել իսլամական քարոզիչ, Էրդողանի գլխավոր ընդդիմախոս Ֆեթուլահ Գյուլենին։ «Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն կխորացնի թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը, բայց նաև ակտիվ ճնշման հնարավորություն կստեղծի այդ երկրում՝ ներքաղաքական իրավիճակի նոր ապակայունացման նպատակով։ Բացի այդ, Վաշինգտոնը, իր դաշնակից Իսրայելի հետ միասին, հազիվ թե հանդուրժի Թուրքիայի աշխարհաքաղաքական հզորացումը Մերձավոր և Միջին Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում»,- նշել է Վասիլևը։

3. ԱՄՆ-ն չի հաշտվում արցախյան երկրորդ պատերազմից հետո Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցության մեծացման հետ

Միացյալ Նահանգներում վստահ են, որ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ իրենց երկիրն ունեցել է պասիվ դիտորդի կարգավիճակ։ Միայն մեկ անգամ, ԱՄՆ նախագահի միջնորդությամբ, կողմերը փորձել էին հասնել հրադադարի ռեժիմի հաստատմանը, սակայն անարդյունք։ Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտել էր ձեռքբերված պայմանավորվածությունը։

Արցախյան ճակատում և պատերազմական օրերին բանակցային դաշտում իրավիճակը միգուցե այլ լիներ, եթե Միացյալ Նահանգների նախագահը այդ պահին լիներ ոչ թե Դոնալդ Թրամփը, այլ Ջո Բայդենը։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի շահերից չի բխում պատերազմից հետո հակամարտող երկու պետություններում Ռուսաստանի ազդեցության մեծացումը։ Ավելին, Միացյալ Նահանգները, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, դուրս էր մնացել ռուս-թուրքական պայմանավորվածություններից։ Ուստի հավանական է, որ այս քայլով Բայդենը փորձում է բարձրացնել իր և Միացյալ Նահանգների հեղինակությունը Հայաստանում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հասարակությունում բավականին ընդգծված դրական վերաբերմունք կա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ, Բայդենի այս քայլը մեծ ոգևորությամբ կընդունվի մեր երկրում։ 

Ոչ պաշտոնական մակարդակով Անկարան Վաշինգտոնին հասկացնել է տալիս, որ «Ցեղասպանություն» բառի պաշտոնական կիրառումը կարող է ունենալ լուրջ հետևանքներ Հարավային Կովկասի համար։ Քաթարական Middle East Eye պարբերականի թուրք բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ Բայդենի ելույթը կարող է բացասաբար ազդել Էրդողանի վարչակազմի վրա՝ կարգավորելու դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ։ «Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Եթե մենք տեսնենք դրական դինամիկա, ապա կարող ենք բացել սահմանները»,- նշել էր աղբյուրը։ Վերջինս պնդում է, որ Բայդենի կողմից նման քայլը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հարավային Կովկասում։ Ըստ նրա՝ այդպիսի ազդակ նախորդ ամիս ուղարկվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին։

4. Բայդենի վարչակազմի անդամները ներգրավված են եղել Հայոց ցեղասպանության ճանաչման գործին

Կարևոր գործոններից մեկն էլ, որը կարող է նպաստել Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործին, նախկինում իր վարչակազմի անդամների ներգրավվածությունն է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Թերևս ամենաակնհայտը փոխնախագահ Քամալա Հարիսն է, որը դեռևս 2019 թվականին, երբ Սենատի անդամ էր, սենատորներ Բոբ Մենենդեսի և Թեդ Քրուզի հետ միասին Սենատում նախաձեռնել էր Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը։ Իսկ գործող պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, դեռևս այս տարվա հունվարին, երբ Կոնգրեսում քննարկվում էր նրա թեկնածությունը, Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցին պատասխանել էր, որ այդ հարցը անպայման կքննարկվի Կոնգրեսի հետ։ Իսկ Կոնգրեսի երկու պալատները, դեռ 2019 թվականին, ճանաչել էին Հայոց ցեղասպանությունը։ Սպիտակ տան ղեկավարի վարչակազմում կան նաև հայազգի գործիչներ, որոնք նույնպես իրենց ազդեցությունը կարող են ունենալ այս որոշման ընդունման վրա։

Թուրք-ադրբեջանական արձագանքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից զատ, ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքին անդրադարձել է նաև թուրք-ադրբեջանական քաղաքական վերնախավը։ Այսպես, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, Haberturk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Վաշինգտոնին կոչ է արել խուսափել այդ քայլից՝ նշելով, որ այն մեծ հարված կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին։ 

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «չի նպաստի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը» և երկու երկրների միջև սահմանների բացմանը, որը մնում է փակ։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ նշել էր, որ ԱՄՆ-ն պատմական սխալ կանի ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ «Բոլորին հայտնի է, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության հարցում Ադրբեջանի կոշտ և միանշանակ դիրքորոշումը։ Եթե այդպիսի քայլ ձեռնարկի ԱՄՆ նոր վարչակազմը, դա պատմական սխալ կլինի»,- հայտարարել էր Հաջիևը։

Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը մինչ այս լուրջ գործիք է եղել թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Իսկ թե ինչ կլինի ապագայում, արդյոք Բայդենը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, պարզ կլինի ապրիլի 24-ին։ Բայց մի բան պարզ է։ Միացյալ Նահանգների նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը թերևս միայն բարոյական հաղթանակ կլինի հայկական կողմի համար։ Ֆանտազիայի ժանրից է, որ Հայաստանի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական պետության մոտ մտածելակերպի և քաղաքականության որևէ էական փոփոխություն լինի։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter