HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ֆրանսիայի Սենատի նախագահ. «Բոլորս հուսով ենք, որ ԱՄՆ նախագահն ի վերջո որոշում կկայացնի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»

«Մի նման ասացվածք կա` բարեկամները աստղերի են նման, և միայն գիշերը կարելի է նրանց հաշվել». նման միտք Հայաստանի խորհրդարանում այսօր հայտնեց Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, որի գլխավորած պատվիրակությունը Հայատանում է ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի հրավերով:

«Կարելի է ասել, որ անթափանց գիշեր էր իջել Հայաստանի վրա անցյալ նոյեմբերին, որ մենք որոշեցինք բոլորս միասին, մի կողմ թողնելով մեր քաղաքական տարաձայնությունները, համախմբվելու և ընդունելու բանաձև, որով կոչ է արվում ճանաչել ԼՂ անկախությունը»,- ասաց Լարշենը:

Սենատի նախագահը շնորհակալություն հայտնեց հայաստանյան գործընկերոջը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին իր գլխավորած պատվիրակությանը հրավիրելու համար:

«Մենք բոլորս հուսով ենք, որ ԱՄՆ նախագահն ի վերջո որոշում կկայացնի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, բայց եկեք չմոռանանք, որ ԱՄՆ Սենատը և ներկայացուցիչների պալատն առաջինն էին, որ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, մի բան, որ ցույց է տալիս, թե ինչ կարևոր դեր ունեն խորհրդարանները»,- ասաց նա:

Ժերար Լարշեն հիշեցրեց Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը, որով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, նաև միաժամանակ բանաձևն ընդգծում է, որ այդ ճանաչումը գործիք կհանդիսանա խաղաղ բանակցությունների միջոցով տևական և կայուն խաղաղության հասնելու համար:

«Մենք մտածում ենք բոլոր զոհվածների, վիրավորների, գերիների մասին, որովհետև դրանք անձնական ողբերգություններ չեն, հավաքական են: Մենք վստահություն ենք տածում նաև, պարո´ն նախագահ, Հայաստանի ժողովրդավարության հանդեպ, որը ձեզ առանձնահատուկ տեղ է հատկացնում այս տարածաշրջանում: Ժողովրդավարություն, որը մեծ փորձությունների ենթարկվեց, ոտնահարվեց, բայց այնուամենայնիվ, դուք շարունակում եք կանգնած մնալ: Մենք վստահ ենք նաև հայ ժողովրդի անկախության ոգու նկատմամբ և նրա ազատատենչ բնույթի համար, ազատատենչություն, որը արտահայտվել է նաև հայկական ծագում ունեցող ֆրանսիացիների կողմից, որոնք մեր կողքին էին այն պահին, երբ Ֆրանսիան կարիք ուներ ոտքի կանգնելու և ազատությունը վերագտնելու»,- ասաց նա:

Ըստ Սենատի նախագահի` իր գլխավորած պատվիրակության այցը Հայաստան շարունակությունն է այն բանաձևի, որն ընդունվեց խորհրդարանում, այն էլ` չափազանց լայն մեծամասնությամբ, ընդամենը մեկ դեմ ձայնով:

Խոսելով Ադրբեջանում պահվող ռազմագերիների մասին՝ Լարշեն ընդգծեց` Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլորին` համաձայն նաև իր կողմից ստորագրած համաձայնագրի և միջազգային բոլոր պայմանագրերի: Վերջինս հիշեցրեց նաև, որ այս շաբաթ ԵԽԽՎ նիստում քննարկվել է ռազմագերիների հարցը և Սենատի անդամներից մեկը Սենատի անունից հանդես է եկել ելույթով` ընդգծելով հայ ռազմագերիների` Հայաստան վերադարձի հարցը:

Ժերար Լարշեն կարևորեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը, ապա հավելեց, որ 2022թ.-ի առաջին կիսամյակում ԵՄ նախագահությունը ստանձնելու է Ֆրանսիան:

Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց թե´ այցի, թե´ ընդունած բանաձևի համար, ապա հիշեցրեց, որ այսօր 20-րդ տարեդարձն է Ֆրանսիայի կողմից ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, որը նախաձեռնել էր Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը:

«Մենք այսօր ոգեկոչում ենք 1,5 միլիոն հայերի հիշատակը, ովքեր սպանվեցին միայն նրա համար, որ հայ էին ու քրիստոնյա: Ֆրանսիան առաջին պետությունն է, որ հենց օրենքի ուժով ճանաչեց Ցեղասպանությունը: Նաև խորհրդանշական է, որ Ֆրանսիայի Սենատի պատվիրակության այցը տեղի է ունենում Արցախի ու հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի բացահայտ աջակցությամբ սանձազերծված պատերազմից հետո: Ուստի այս այցը գնահատում ենք որպես համերաշխության ու աջակցության ուղերձ մեր բարեկամ Ֆրանսիայի կողմից»,- ասաց Միրզոյանը:

ԱԺ նախագահը նաև գնահատեց Արցախյան երկրորդ պատերազմի օրերին Ֆրանսիայի սկզբունքային ու անկողմնակալ դիրքորոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter