HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մեղրիի համայնքապետի եղբորը՝ Մհեր Զաքարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Քննչական կոմիտեն Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1, 2, 5-րդ կետերով մեղադրանք է առաջադրել Մեղրիի համայնքապետի եղբորը՝ Մհեր Զաքարյանին, և վերջինիս կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Մհեր Զաքարյանի պաշտպաններից Միքայել Շխիմյանը։

Զաքարյանը, ըստ մեղադրանքի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում խմբի կազմում կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով և բացառիկ ցինիզմով։

Զաքարյանի շահերը ներկայացնում է նաև փաստաբան Էդգար Թումասյանը։ Վերջինս, Միքայել Շխիմյանը, փաստաբաններ Արթուր Մանուկյանն ու Լիանա Գասպարյանն այսօր 11 անձի, որոնց թվում՝ Մհեր Զաքարյանին ներկայացրել են Քննչական կոմիտե։

Շխիմյանի խոսքով՝ վերը նշված 11 անձինք տեղեկություն են ստացել այն մասին, որ ոստիկաններն իրենց գտնվելու վայրն են ճշտել և ինքնակամ, փաստաբանների ուղեկցությամբ ներկայացել են վարույթն իրականացնող մարմնին, որտեղ արդեն նրանց մեղադրանք են առաջադրել։

Պաշտպան Շխիմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Քննչական կոմիտեն այսօր ներկայացած 11 անձանցից 6-ին կալանավորելու միջնորդությունն է ներկայացրել դատարան, որոնց թվում է նաև իր պաշտպանյալ Մհեր Զաքարյանը։ Նշենք, որ մյուս 5 անձինք, որոնց  կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել, ևս մեղադրվում են խուլիգանության հոդվածի 3-րդ մասով։

Մհեր Զաքարյանի կալանավորման միջնորդությունը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։ Դատական նիստը նշանակվել է այսօր՝ ժամը 20:30-ին, այսինքն՝ արդեն բացվել է։

Դատավոր Մանվել Շահվերդյանն, ի դեպ, երեկ քննել է նաև Մեղրիի համայնքապետի ձերբակալման դեմ բողոքն ու նրան ազատ արձակել։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 20-ին և 21-ին Սյունիք կատարած այցի ընթացքում մարզի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Մեղրիում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց առթիվ հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկաայցուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության հոդվածներով, որով անցնում են Զաքարյան եղբայրներն ու այլ անձինք։

Լուսանկարում՝ Միքայել Շխիմյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter