HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական վերնախավն անդրադարձել է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչություններն ու պաշտոնյաներն անդրադարձել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին։ 

Այսպես, Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը ԱՄՆ նախագահին կոչ է արել նայել Միացյալ Նահանգների պատմությունը.

«Մենք վճռականորեն դատապարտում և մերժում ենք ԱՄՆ նախագահի հայտարարությունը, որի միակ օրակարգը կրկնում է այն շրջանակների զրպարտությունը, որոնք թշնամաբար են տրամադրված մեր երկրի նկատմամբ։ Մենք ԱՄՆ նախագահին խորհուրդ ենք տալիս նայել սեփական երկրի պատմությանը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Քալընը։

Թուրքիայի նախագահի վարչակազմն էլ հայտարարել է, որ Բայդենն իր հայտարարությամբ մեծ սխալ է թույլ տվել Թուրքիայի նկատմամբ։ «Հայկական սփյուռքի պահանջները հաստատելու փոխարեն` Բայդենը պետք է կոչ աներ հետաքննել այդ իրադարձությունները։ ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ դա լուրջ հարված է Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններին։ Եվ Բայդենի հայտարարություններն անհետևանք չեն մնա»,- նշվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ, Թեքիրդաղից պատգամավոր Ֆայիք Օզթրաքը հայտարարել է, որ Բայդենի որոշումը կմտնի պատմության մեջ` որպես մեծ սխալ։ Նրա խոսքերով՝ ավելի լավ էր ամերիկյան առաջնորդը խուսափեր «անցյալի ողբերգության» վերաբերյալ լարվածության նոր ալիքից և «փորձեր բուժեր ընդհանուր ցավի վերքերը»։

Ավելի վաղ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան ամբողջությամբ մերժում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության 106-ամյակին նվիրված հայտարարությունը, որտեղ Միացյալ Նահանգների առաջնորդը Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումն անվանել էր «Ցեղասպանություն»՝ դրանով ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։

«Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը։ Մենք մեր անցյալի վերաբերյալ որևէ մեկից սովորելու բան չունենք։ Քաղաքական օպորտունիզմը խաղաղության և արդարության մեծագույն դավաճանությունն է։ Մենք լիովին մերժում ենք այդ հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն անվանել է «պատմական սխալ»։ Այդ մասին նա հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Ալիևը նշել է, որ «այդ հայտարարությունը լուրջ վնաս է հասցրել տարածաշրջանում համագործակցության ձեւավորվող միտումներին»։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն էլ իր ափսոսանքն է հայտնել Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման առնչությամբ։ Այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշում է, որ «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ պատմական ճշմարտությունը խեղաթյուրող հայտարարությունը  ափսոսանք է առաջացնում»։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ի իր հայտարարության մեջ ԱՄՆ նախագահը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը՝ նշելով, որ «ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, որոնք մահացել են Օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ և կրկին հանձն ենք առնում կանխել երբևէ նման վայրագության կրկնումը»։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter