HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բազային էֆեկտն «աշխատել է». մարտին տնտեսական ակտիվությունը Հայաստանում 3.8%-ով աճել է

2021 թվականի մարտին, 2020-ի նույն ամսվա համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 3.8%-ով աճել է:

Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) օպերատիվ տվյալներից, մարտին առավել մեծ աճ է գրանցվել շինարարության ոլորտում՝ 10.8%:

Առևտրի շրջանառությունն աճել է 4.6%-ով,

արդյունաբերությունը՝ 3.8%-ով,

ծառայությունների ծավալը՝ 0.9%-ով:

Մարտին բարելավվել են նաև արտաքին առևտրի ցուցանիշները: Մասնավորապես, ներմուծումն աճել է 5%-ով, իսկ արտահանումը՝ 21.8%-ով:

Այսպիսով, անցած տարվա փետրվարից ի վեր, մեկ տարի անկումից հետո, Հայաստանի տնտեսությունը աճ է գրանցում: Մինչև Վիճակագրական կոմիտեն կհրապարակեր տնտեսական ակտիվության ցուցանիշը, տնտեսագետներն արդեն իսկ կանխատեսում էին, որ այս տարվա մարտին նախորդ ամիսների գրանցված անկումից հետո աճ է լինելու: Դա բացատրվում այն հանգամանքով, որ այս տարվա մարտը համեմատում ենք 2020-ի նույն ամսվա հետ, երբ համավարակը սկսեց տարածվել, ու տնտեսության մի շարք ոլորտներ էապես տուժեցին: Այսինքն՝ այս տարվա մարտի տնտեսական վիճակը համեմատվում է նախորդ տարվա նույն ամսվա վատթար վիճակի հետ: Հետևաբար, այստեղ «աշխատել է» բազային էֆեկտն, ու աճ է գրանցվել:

Համեմատության համար նշենք, որ 2020-ի մարտին, 2019 թվականի մարտի համեմատ, ՏԱՑ-ը նվազել էր 4.2%-ով: Այդ ժամանակ ամենամեծ անկումը շինարարության ոլորտում էր գրանցվել՝ 26.2%:

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը մինչև այսօրվա տվյալների հրապարակվելը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված վերլուծության մեջ կանխատեսել էր, որ 2021 թվականի մարտին, բազային էֆեկտով պայմանավորված, բոլոր ճյուղերում դիտվելու են բարելավումներ:

«Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ անցած տարվա մարտ-մայիս ամիսների լոքդաունի ֆոնի համեմատ ներկայիս ավելի ակտիվ կյանքը հանգեցնելու է դրան (դա նաև աչքով է տեսանելի): Ընդ որում` սա միայն Հայաստանին ներհատուկ երևույթ չէ, այլ նույն տենդենցն է ընթանում աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Այլ հարց է, թե մենք ինչ արագությամբ ենք վերականգնվում աշխարհի և տարածաշրջանի համադրելի երկրների համեմատ և տարին ինչ տնտեսական աճով կամփոփենք: Ներկայիս իրավիճակը և միտումները հուշում են, որ այդ աճը կլինի 1-2%-ի շրջակայքում: Առայժմ այդ կարծիքին են նաև ԱՄՀ-ն և ՀՀ ԿԲ-ն»,- գրել է Վարդան Արամյանը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այս տարվա մարտին ավելի մեծ աճ էր կանխատեսում՝ 7-7.5%: Այդ մասին նա հայտարարել է ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում: Սակայն, գրանցված ցուցանիշներն ավելի համեստ են, քան նախարարի կանխատեսումները:

2% անկում՝ առաջին եռամսյակում

Ըստ Վիճկոմիտեի՝ այս տարվա առաջին եռամսյակի հաշվարկներով տնտեսական ակտիվությունը նվազել է 2%-ով (2021թ. հունվար-մարտը 2020թ. հունվար-մարտի համեմատ): Անկումը պայմանավորված է հունվար և փետրվար ամիսներին գրանցված նվազումներով: 

Հրապարակվել են նաև գյուղատնտեսության ցուցանիշները, որոնք ներկայացվում են միայն եռամսյակային կտրվածքով: Այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը նվազել է 1%-ով:

Արդյունաբերության ծավալները եռամսյակային կտրվածքով նվազել են 3.9%-ով,

առևտրաշրջանառությունը՝ 5.6%-ով,

ծառայությունները՝ 8.1%-ով:

Աճ է գրանցվել միայն շինարարության ոլորտում՝ 4.7%:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter