HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ռ. Ռուբինյան. «Միակ ճանապարհը` մեր տղաների վերադարձին հասնելու, միջազգային ճնշման մեծացումն է»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հերթական նստաշրջանում հայկական պատվիրակությանը հաջողվել է քննարկման առարկա դարձնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցը:

Այս մասին խորհրդարանում հրավիրված ասուլիսին ասաց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

«Մեզ հաջողվեց քաղաքական ուժերի մեջ կոնսենսուս ապահովել, և գերիների թեման դարձնել ընթացիկ թեմա»,- ասաց Ռուբինյանը` հավելելով, որ նիստի ընթացքում ելույթներ են հնչել նաև եվրոպացի պատվիրակների կողմից, ըստ որոնց` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներն անհապաղաղ պետք է վերադարձվեն:

Ռուբինյանը հիշեցրեց նաև, որ ԵԽԽՎ մշտադիտարկման կոմիտեն հայտարարություն է տարածել` կոչ անելով Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին և հարգել մշակութային ժառանգությունը:

«Կարծում եմ`այս նստաշրջանի համար մեր պատվիրակությունն իր առջև դրված խնդիրը կատարել է, այն է` շարունակել մեծացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա և այսպիսով փորձել հասնել մեր խնդրի լուծմանը»,- ասաց Ռուբինյանը:

Նրա խոսքով` Ադրբեջանն իրեն պահում է ծայրահեղ ապակառուցողական, խախտում է եռակողմ հայտարարությունը, ինչպես նաև հումանիտար միջազգային իրավունքը` չվերադարձնելով ռազմագերիներին:

«Միակ ճանապարհը մեր տղաների վերադարձին հասնելու միջազգային ճնշման մեծացումն է: Միջազգային ճնշում ասելով` նկատի ունեմ լայն գործընթաց, որը համապարփակ գործընթաց է, որը պետք է տեղի ունենա միջազգային ատյաններում, և ես վստահ եմ, որ մեզ ի վերջո կհաջողվի հասնել մեր նպատակին»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը:

Պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը կարևորեց խորհրդարանական դիվանագիտության հարթակներն օգտագործելը:

«Հաճախ հարցնում են` լավ ինչ օգուտ տվեց, արդյոք վերադարձան… Վերադարձի համար այդ քայլերը պետք է լինեն իսկապես համառ, պետք է ստեղծվի այնպիսի վիճակ, որ Ալիևի համար դառնա իսկական գլխացավանք մեր գերիներին օր ավել Բաքվում պահելը»,- ասաց նա:

Պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում անդրադարձել էր Բաքվում բացված ռազմավարի պուրակին` ցուցադրելով նաև լուսանկարներ: Մարուքյանի խոսքով`ադրբեջանցի պատվիրակները պուրակի թեմայից խուսափում էին, սակայն ելույթից հետո իրեն է մոտեցել ԵԽԽՎ պատվիրակ Ստեփան Շենախը և նայել լուսանկարները: Շենախն ասել է, որ այս պուրակի մասին ելույթները Եվրոպայում մեծ հնչեղություն են ստացել` հայտնվելով միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների գլխագրերում:

«Կարծում եմ` մեր պատվիրակության աշխատանքի շնորհիվ հարցը հնչեղություն ստացավ: Ալիևը, պուրակը բացելով, օգնեց մեզ, որ ավելի ցցուն փաստերով ցույց տանք, թե ինչ ռեժիմի հետ գործ ունենք, ում մոտ կան ոչ միայն մեր զինվորների սաղավարտներ, այլ նաև զինվորներ: Հետևաբար օր առաջ պետք է վերադարձվեն»,- ասաց Մարուքյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter