
Պաշտպան․ «Սյունիքում տեղի ունեցած դեպքերի առթիվ խուլիգանության հանցակազմն անգամ քննարկվել չէր կարող»
Սյունիքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալների փաստաբաններից Արթուր Մանուկյանը պնդում է, որ ապրիլի 21-ին մարզի մի շարք համայնքներում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ խուլիգանության հանցակազմն անգամ քննարկվել չէր կարող։
Խուլիգանությունը դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելն է, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով։
Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Վճռաբեկ դատարանը 2012 թվականին Շահեն Հախվերդյանի վերաբերյալ քրեական գործով անդրադարձել է խուլիգանության հանցակազմին և արտահայտել հստակ իրավական դիրքորոշում այն մասին, որ «արարքը, ժեստը, բառը, մարմնաշարժումը և այլն չի կարող գնահատվել որպես հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, եթե ուղղված է կոնկրետ անձին և չի հետապնդում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու նպատակ՝ թեկուզ հանցավորը հասկանում է, իսկ որոշ դեպքերում պարտավոր է հասկանալ, որ կոնկրետ անձին ուղղված իր արարքը տեսանելի և ընկալելի է հասարակության համար»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խախտումը որպես կոպիտ գնահատելիս անհրաժեշտ է ելնել հասարակական կարգի վրա այդ խախտման ունեցած ազդեցությունից։ Այս կապակցությամբ Վճռաբեկն ընդգծել է, որ հասարակական կարգը կոպիտ կերպով կարող է խախտվել ցանկացած արարքի կատարման պարագայում, մինչդեռ խուլիգանության առկայության մասին է վկայում այնպիսի արարքի կատարումը, որը միտված է հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելուն և, որպես այդպիսին, հանդիսացել է խուլիգանություն կատարող անձի դիտավորության մեջ ընդգրկված նպատակի իրականացման միջոց»:
Այսպես՝ ապրիլի 21-ին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանն, այցելել են Սյունիքի մարզ, որտեղ իրավիճակը, Մանուկյանի գնահատմամբ, անվտանգ չէ, Երևանից ընթանալիս տեղ-տեղ ճանապարհի ձախ կողմում անմիջապես Ադրբեջանն է, և այդ վայրերում, օրինակ, եթե ճանապարհատրանսպորտային պատահար լինի, և Հայաստանի քաղաքացին ավտոմեքենայով դուրս թռնի ճանապարհից, ապա ստացվում է, որ կհայտնվի հարևան թշնամական երկրի տարածքում: Ըստ տեղացիների՝ նշված և մի շարք այլ խնդիրներ պահանջում են հրատապ լուծում, սակայն ամիսներ շարունակ այս իրավիճակը պահպանվում է, և բարձրաստիճան պաշտոնյաների մարզային այցի ընթացքում մեծաթիվ սյունեցիներ իրենց բողոքը և կոշտ քննադատությունն են արտահայտել գործող իշխանությունների, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Մի շարք անձինք նաև վանկարկել են «Նիկոլ դավաճան, կապիտուլյանտ» և այլ արտահայտություններ, հնչել են նաև հայհոյանքներ: Այսինքն՝ այս անձանց խոսքն առերևույթ ուղղված է եղել կոնկրետ անձի՝ Նիկոլ Փաշինյանին, ուստի, ըստ Մանուկյանի, Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշոման լույսի ներքո, տեղի ունեցածը խուլիգանություն որակվել չի կարող՝ չնայած այն հանգամանքին, որ Քննչական կոմիտեում առկա է այդ հոդվածով հարուցված քրեական գործ, մեղադրյալներ, կալանավորված անձ, կալանավորման միջնորդություններ։
Պաշտպանի խոսքով՝ բողոքի ակցիայի որոշ մասնակիցներ առերևույթ վիրավորել են Փաշինյանին: Այս արարքը նախկինում կարող էր համարվել հանցագործություն, քանի որ վիրավորանքը համարվում էր հանցագործություն, սակայն 2010 թվականից վիրավորանքն ապաքրեականացվել է, փոխարենը համապատասխան իրավակարգավորում է նախատեսվել քաղաքացիական օրենսդրությամբ:
Մասնավորապես՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի համաձայն՝ «անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: Այս օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:
Օրենքը նախատեսում է նաև վիրավորանքի դեպքում քաղաքացիական հայցով դատարան դիմելու հնարավորություն։ Մանուկյանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, քաղաքացիական հայց չի ներկայացրել, և փոխարենը Սյունիքում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տեղի ունեցած իրադարձություններն օրենքի խախտում է գնահատել, հայտնել, թե ակնկալում է, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի, և մեղավորները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Մանուկյանի, փաստաբաններ Լիանա Գասպարյանի, Միքայել Շխիմյանի ու Էդգար Թումասյանի ուղեկցությամբ ապրիլի 24-ին 11 սյունեցի ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե, և նրանցից 6-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Մանուկյանը ներկայացնում է վերը նշված 6 անձից 3-ի շահերը։ Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, քննել է Մանուկյանի երրորդ պաշտպանյալին կալանավորելու միջնորդությունն ու մերժել այն: Այս պահին, փաստորեն, վերը նշված 6 անձի կալանավորման միջնորդություններն էլ մերժվել են։
Արթուր Մանուկյանը հրապարակել է դատավոր Գաբրիելյանի որոշումից մի հատված, որում դատավորը ևս եկել է հետևության, որ Սյունիքում ստեղծված իրավիճակը Մեղրիի տարածաշրջանի ողջ բնակչության շրջանում առաջացրել է խիստ հուզական վիճակ, լարվածություն, էմոցիոնալ բռնկվածություն, և անձանց վարքագիծը ստեղծված իրավիճակին համարժեք հուզական դրսևորում է եղել, որն ուղղված է եղել կոնկրետ անձի, այլ ոչ թե հասարարական կարգը կոպիտ կերպով խախտելուն։
Լուսանկարում՝ Արթուր Մանուկյանը
Մեկնաբանել