HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ովքեր փոխհատուցում կստանան նոր ճանապարհի տեղում գտնվող իրենց հողերի համար

Երևան քաղաքի Իսակովի պողոտան նոր ճանապարհով կկապվի Արշակունյաց պողոտային։ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ գտնվող տարածքից ճանապարհը պետք է ձգվի Հրազդան գետի վրայով՝ հասնելով Արշակունյաց պողոտա։ Կառավարության այս տարվա փետրվարի 18-ի որոշմամբ` կուսումնասիրվեն ճանապարհի տեղում առկա գույքերը, որպեսզի առաջիկայում դրանք հանրային գերակա շահ ճանաչվեն։ Հողերի սեփականատերերը այդ դեպքում փոխհատուցում կստանան։

Մինչ Կառավարության որոշմամբ Երևանի քաղաքապետարանը հողերի ուսումնասիրությունը կիրականացնի, «Հետք»-ն ուսումնասիրել է նոր ճանապարհի տեղում գտնվող հողերի օտարման գործարքները, դրանց արդյուքնում սեփականատեր դարձած անձանց շրջանակը։ Հայաստանի կառավարությունը Ասիական զարգացման բանկի հետ 2015 թվականին կնքել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» վարկային համաձայնագիրը։ Ներդրումային ծրագրով նախատեսված է կառուցել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածը:

Կառուցվելիք ճանապարհի տեղում գոյություն ունի 84 անշարժ գույք, որոնց մեջ կան պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ։ Հրազդան գետի ձախ ափին՝ Կոմիտասի անվան պանթեոնին հարող հատվածում, գտնվում են քաղաքացիներին պատկանող տներ։ 55 անշարժ գույք գտնվում է Կաշեգործների փողոցում, Արշակունյաց պողոտայում և Կոմիտասի անվան պանթեոնին հարող տարածքում։

Շենգավիթ վարչական շրջանում գտնվող գույքերի մեջ գերակշռում են խիտ կառուցապատված տները (Սարի թաղի կառուցապատման նմանությամբ)։ Գույքերի մնացած մասը Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում է գտնվում։ Մալաթիա-Սեբաստիայում գտնվող հողերը Դալմայի այգիների տարածքում են։

Իսակովի պողոտա 13/6 հասցեի (Կենտրոն վարչական շրջան) 6008 քմ մակերեսով հողակտորը, որը Իսակովի արձանին կից է, սկզբում օտարվել և դարձել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ նախագահի վերահսկողական ծառայությունը ղեկավարած Հովհաննես Հովսեփյանի կնոջ՝ Էվելինա Միրզաբեկյանի սեփականությունը։ Էվելինա Միրզաբեկյանը Սևանի զինվորական կայազորի նախկին դատախազ Թևոս Նարիմանի Միրզաբեկյանի դուստրն է։

Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն` Էվելինա Միրզաբեկյանը հողի սեփականատեր է դարձել 2007 թ.-ին։ 2019 թ.-ին հողը փոխանցվել է «Յունիբանկ»-ին։ Հողը բանկի սեփականությունն է դարձել Քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի և 2008 թ.-ին կնքված գրավի պայմանագրի հիմքով։ Այդ հոդվածը սահմանում է գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգը։ Մինչ օրս հողի սեփականատերը «Յունիբանկ»-ն է։ Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից խնդրեցինք ասել՝ Էվելինա Միրզաբեկյանն արդյոք աշխատում է բանկի իրավաբանական բաժնում և գործարքի վերաբերյալ պարզաբանում տրամադրել («LinkedIn» սոցցանցի իր էջում Միրզաբեկյանը նշել է, որ բանկի իրավաբանական դեպարտամենտի ղեկավարն է)։

«Իսակովի փողոց 13/06 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ «Յունիբանկ»-ի սեփականության իրավունքը գրանցվել է 2019թ.-ին: Հողամասի գործառնական նշանակությունը սահմանված է որպես հասարակական կառուցապատման, նպատակային նշանակությունը` բնակավայրերի: ՀՀ կառավարության կողմից Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա - Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում կայացնելու դեպքում բանկի կողմից կիրականացվեն օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ քայլերը: Ելնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջներից` պահանջվող այլ տեղեկություններ Բանկը չի կարող հայտնել»,- պատասխանել են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Ծովակալ Իսակովի պողոտա 15/9 և 13/17 (Կենտրոն վարչական շրջան) հասցեներն ունեցող հողակտորներն ի սկզբանե առանձին-առանձին չեն եղել։ Առաջացել են մեկ ամբողջական (3200 քմ) հողակտորի տրոհման արդյունքում։ Հողակտորի առաջին ձեռք բերողը 2004 թ.-ին հանդիսացել է «Սպարապետի կոչ» մահապարտների հասարակական կազմակերպությունը։ Արթուր Աղաջանյանի հիմնադրած ՀԿ-ն հողը ձեռք բերելուց 2 ամիս անց՝ 2004 թ.-ի սեպտեմբերի 7-ին, վաճառել է Սամվել Թադևոսյանին։ ՀԿ-ն իր գործունեությունը դադարեցրել է։ Նոր սեփականատերը հողը բաժանել է 2 հավասար մասի՝ 1600 քմ հողակտորների։ Դրանցից մեկը 2017 թ.-ին նվիրել է Գագիկ Պետրոսյանին, մեկ տարի անց կրկին նվիրատվությամբ հետ է ստացել հողակտորը։ Մյուս հողակտորը, առանց սեփականության իրավունքի փոփոխման, մինչ օրս պատկանում է նույն Սամվել Թադևոսյանին։ Թադևոսյանը «Էս. Թի. Տրանս. Մոբիլ» ՍՊԸ-ի 100% սեփականատերն է։ Ընկերությունը Երևանում ներքաղաքային տրանսպորտային 39 համարի երթուղու շահագործողն է։

«Սահակյանշին» ՓԲԸ-ի կողմից հողատարածքների ձեռքբերման պատմությանը «Հետք»-ն ավելի վաղ անդրադարձել էր։ Ընկերությանը սեփականության իրավունքով փոխանցված հողակտորներից մեկն էլ գտնվում է Իսակովի պողոտայի և Մոնթե Մելքոնյան փողոցների հատման մասի հարևանությամբ՝ Ծովակալ Իսակովի պողոտա 12/1 հասցեում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան): Հողատարածքը զբաղեցնում է 1 հեկտար մակերես։ Ընկերությունն այդ հողը ստացել էր Մոնթե Մելքոնյան փողոցը իր միջոցներով կառուցելու գործարքի արդյունքում։

Էջմիածնի հին խճուղի 109 հասցեում երկու առանձին գույք (Կենտրոն վարչական շրջան) պատկանում է «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ին։ Հողակտորներից մեկը զբաղեցնում է 1.3 հա տարածք, մյուսը՝ 1.7 հա։

Հողակտորների վարձակալները

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն Երևանի քաղաքապետարանից վարձակալել է Էջմիածնի հին խճուղում (Կենտրոն վարչական շրջան) գտնվող 1800 քմ հողամասը։ Իսակովի պողոտայի եւ Մոնթե Մելքոնյան փողոցի խաչմանը հարող տարածքում՝ Դալմայի այգիների հատվածում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան), կան վարձակալներ, որոնց կողմից մշակվող տարածքները ևս գտնվում են կառուցվելիք ճանապարհի տեղում։ Այդ հողերը գյուղատնտեսական նշանակություն ունեն։

Դալմայի այգիների տարածքում՝ կառուցվելիք ճանապարհի տեղում, հողակտորներ են վարձակալել հետևյալ անձինք՝ Լարիսա Վարդանյանը (800 քմ), Լուսիկ Էքսաջյանը (800 քմ), Նելիկ Վարդանյանը (800 քմ), Արամայիս Միքայելյանը (Կառավարության որոշման մեջ նշված ծածկագիրը թույլ չի տալիս մակերեսը պարզել) և Վարդան Վարդանյանը (12025 քմ)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter