
ԱԱԾ տնօրենի տեղակալ. «Չենք կարող ասել, որ հանգիստ է իրավիճակը»
Ռազմաքաղաքական իրավիճակը նոր ձևավորված բնագծում դեռ կայուն չէ:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը:
«Բնականաբար, չենք կարող ասել, որ հանգիստ է իրավիճակը, ու ռիսկեր ու մարտահրավերներ չի պարունակում»,-ասաց նա:
ԱԱԾ տնօրենի տեղակալը մանրամասնեց` խոսքը ոչ միայն Սյունիքին է վերաբերում, այլ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո ձևավորված նոր` 520 կմ երկարությամբ բնագծին: Նրա խոսքով` բնագծի ողջ երկայնքով դիրքավորված են թե' Հայաստանի, թե' Ադրբեջանի պաշտպանական զորքերը, բնագիծը դեռ վերջնական կարգավորված չէ: Ըստ նրա` ժամանակի ընթացքում այնտեղ պետք է հստակ սահման ձևավորվի:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները վերջին անգամ հանդիպել են շուրջ մեկ ամիս առաջ, օրակարգը` գերիների վերադարձի թեման: Մելքոնյանի խոսքով` նրանք, անմիջական հանդիպումներից զատ, նաև հեռախոսային կապով են հաղորդակցվում:
Դիտարկմանը, թե հայկական կողմը պետք է տարածք զիջի՞ չեզոք գոտի ձևավորելու համար, ԱԱԾ տնօրենի տեղակալը հստակեցրեց Թուրքիայի հետ սահմանի օրինակով. ձևավորվելու է սահմանային շերտ, որն ինժեներական կառույցներով ապահովելու է սահմանային անվտանգությունը:
«Ամեն պետություն դա ձևավորում է իր տարածքի հաշվին, ո՞նց կարող եք սահմանային շերտը ձևավորել հարևանի տարածքի հաշվին»,-ասաց նա:
Ստեփան Մելքոնյանը հերքեց նաև Մեղրիի միջանցքի մասին խոսակցությունների իսկությունը` պնդելով, որ միջանցք չկա ու չի կարող լինել: ԱԱԾ տնօրենի տեղակալը, սակայն, չհերքեց բեռնափոխադրումների համար երկաթգծի ճանապարհների հավանականությունը:
Մեկնաբանել