HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ավտովթարներ անչափահաս վարորդների մասնակցությամբ․ 2021-ի տվյալները մտահոգիչ են

2016-2020 թվականներին, ոստիկանության տվյալներով, անչափահաս վարորդների մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարների հետևանքով միայն մեկ մարդ է զոհվել, սակայն 2021 թվականը արդեն իսկ գերազանցել է իրեն նախորդած 5 տարիների ցուցանիշները։ 

Այսպես, 2021թ․ մարտի 14-ի երեկոյան Երևան-Գյումրի ճանապարհի 67-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել քարերին և կողաշրջվել. 15-ամյա ուղևորներ Մ․Խ․-ն և Յ․ Ա․-ն տեղում մահացել են, իսկ 15-ամյա վարորդը և մյուս ուղևորները՝ 15-ամյա Է․ Գ․-ն և Ս․ Ա․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վերջին երկուսը ևս մահացել են։

Անչափահասների մասնակցությամբ ևս մեկ խոշոր ավտովթար էր տեղի ունեցել ապրիլի 7-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում։ Toyota Camry մակնիշի ավտոմեքենայում եղել է 6 անչափահաս, վարորդը՝ 2005թ․ ծնված Մ․Հ․-ն։ Ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը և ծառին, այնուհետև՝ գլխիվայր շրջվել։ Բարեբախտաբար, այս անգամ հնարավոր էր եղել խուսափել զոհերից, նրանք միայն մարմնական վնասվածքներ էին ստացել։

Ապրիլի 13-ին և 26-ին անչափահաս վարորդների մասնակցությամբ 1-ական ավտովթարներ էր տեղի ունեցել նաև Վայոց Ձորի և Տավուշի մարզերում՝ ընդհանուր 5 վիրավորով։

2016-2020-ը գրանցվել է 18 ՃՏՊ

Ոստիկանությունից գրավոր հարցմամբ խնդրել էինք տրամադրել 2016-2020թթ․ ընթացքում անչափահաս վարորդների մասնակցությամբ տեղի ունեցած և հաշվառված ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) վիճակագրությունը։ Ոստիկանության հաշվառած տվյալների համաձայն՝ 

2016թ․ Հայաստանում անչափահաս վարորդների մասնակցությամբ տեղի է ունեցել 4 ՃՏՊ, վիրավորվել է 4 անձ։

2017թ․ տեղի է ունեցել 3 ՃՏՊ, վիրավորվել է 3 անձ։

2018թ․ անչափահաս վարորդների մասնակցությամբ եղել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, զոհվել է 1 անձ, վիրավորվել՝ 7-ը։

2019թ․ ոստիկանությունը հաշվառել է 1 ՃՏՊ՝ 1 վիրավորով։

2020 թվականին էլ գրանցվել է 4 ՃՏՊ՝ 7 վիրավորով։

Այսպիսով, 2016-2020թթ․ անչափահաս վարորդների մասնակցությամբ ընդհանուր գրանցվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել՝ 22-ը։

Ինչպես արդեն նշեցինք, միայն 2021-ի առաջին 4 ամսվա զոհերի տվյալներն արդեն իսկ գերազանցում են նախորդ 5 տարիների ցուցանիշները։

Հաշվառվում են այն դեպքերը, որոնց վերաբերյալ հաղորդում է լինում կամ իրավասու մարմիններն են հայտնաբերում

Ճանապարհային ոստիկանությանը նաև գրավոր հարցեր էինք ուղղել, որոնց պատասխանել է ՃՈ պետի տեղակալ, փոխգնդապետ Արա Սարգսյանը։ Հարցել էինք, թե արդյոք անչափահաս վարորդների մասնակցությամբ բոլո՞ր ՃՏՊ-ներն են հաշվառվում ճանապարհային ոստիկանության կողմից, ինչին ի պատասխան ՃՈ պետի տեղակալը նշել է, որ հաշվառվում են այն պատահարները, որոնց վերաբերյալ հաղորդում է լինում ոստիկանությունում կամ իրավասու մարմիններն են հայտնաբերում։ Միևնույն ժամանակ կա ՀՀ կառավարության 2007թ․ նոյեմբերի 8-ի որոշումը, համաձայն որի՝ պետական հաշվառման ենթակա են ճանապարհատրանսպորտային բոլոր պատահարները:

Հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում անչափահասների կողմից ավտոմեքենաներ վարելու դեպքերը բացառելու և կանխելու ուղղությամբ, ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը նշել է, որ այդ գործընթացը կրում է ամենօրյա բնույթ և ապահովվում է ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերի կողմից նման դեպքերի հայտնաբերման և բացահայտման, ոստիկանապետի հանձնարականով՝ հատուկ միջոցառումներ անցկացնելու, ինչպես նաև ԶԼՄ-ներով իրականացվող բացատրական աշխատանքների միջոցով։

***

Հավելենք նաև, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ավտոմեքենայի վարորդական իրավունք կարող են ստանալ նվազագույնը 18 տարին լրացած անձինք, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգքրի 128-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձին հանձնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով (10 հազար դրամ):

Ֆոտոկոլաժի նկարները վերցվել են police.am-ից, mes.am-ից և shamshyan.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter