
Դատավորներն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի
Այս տարվա 4 ամիսների ընթացքում արդեն երեք դատավոր է դիմել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դեմ: Նախկինում դատավորները խուսափում էին ԲԴԽ-ի հետ առճակատման գնալուց և դատական կարգով վիճարկել վերջինիս որոշումները:
Դատական գործերից մեկը վերաբերում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանի հայցադիմումին: Դատարանի նախագահը դիմել է վարչական դատարան պահանջելով անվավեր ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի 24.12.2020թ. ընդունված թիվ ԲԴԽ-83-Ո-188 որոշումը:
Ըստ այդ որոշման՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանը 2021թ. հունվարի 11-ից մինչև նույն տարվա հուլիսի 12-ը ներառյալ գործուղվում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Տիգրան Գրիգորյանին Տավուշ գործուղեու համար որպես հիմք ԲԴԽ-ն նշել է մարզի դատարանի դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարությունը և դատարան ստացված առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը:
Թեև դատարանի բնականոն գործունեության ապահովման պարտականությունը դրված է դատարանի նախագահի վրա, սակայն ԲԴԽ նախագահն այդպես էլ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանին չի տրամադրել դատավոր Տիգրան Գրիգորյանին մարզ գործուղելու իրավական հիմք հանդիսացող տեղեկությունները:
Գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանին: Առաջին դատական նիստը նշանակվել է հունիսի 15-ին:
ԲԴԽ-ի դեմ հաջորդ հայցադիմումը վարչական դատարան ներկայացրել է նույն դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը: Վերջինս էլ պահանջում է անվավեր ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի 19.10.2020թ. թիվ ԲԴԽ-67-Ն-14 որոշումը՝ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող Դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր ճանաչելու հիմնավորմամբ:
Նշենք, որ վկայակոչված օրենքի համաձայն՝ «Մասնագիտացված դատարանների կենտրոնական նստավայրերը գտնվում են Երևան քաղաքում»: Մինչդեռ ԲԴԽ-ն որոշել է առաջնորդվել նախկինում կայացրած իր որոշումներով, դրանցում կատարել փոփոխություն՝ որոշման «Նստավայրի անվանում» սյունակի «քաղաք Կապան» բառերը փոխարինել «քաղաքներ Կապան, Երևան» բառերով:
Բարձրագույն դատական խորհրդի` 2020թ. ապրիլի 30-ի թիվ
ԲԴԽ-24-Ն-4 որոշմամբ՝ Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է վարչական դատարանի Սյունիքի մարզի վարչական տարածքի դատավոր՝ նստավայրը Կապան: Ստացվում է, որ դատավոր Ռուստամ Մախմուդյանի նստավայրը և Երևան քաղաքն է Կապանը: Հենց այս հանգամանքնեն էլ հիմք է հանդիսացել, որպեսզի Վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը վիճարկի ԲԴԽ-ի որոշումը:
Վարչական դատարանի դատավոր Ռուստամ Մախմուդյանը ներգրավվել է որպես երրորդ անձ, քանի որ դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև նրա վրա:
Վարչական դատարանը ԲԴԽ-ից պահանջել է դատարան ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի 19.10.2020 թվականի թիվ ԲԴԽ-67-Ն-14 որոշման համար հիմք հանդիսացած բոլոր փաստաթղթերը:
ԲԴԽ-ի դեմ հաջորդ հայցադիմումը ներկայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը: Վերջինս պահանջում է պարտավորեցնել ԲԴԽ նախագահին կատարել որոշակի գործողություն, այն է՝ դատական իշխանության պաշտոնական կայքում Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ անհապաղ հայտարարություն տարածել:
Գրել էինք, որ Կարինե Պետրոսյանը հայցադիմումում նշել է, որ Գագիկ Ջհանգիրյանի 65 տարին լրացել է 2020թ.: Այս տարվա փետրվարի 19-ին Կ. Պետրոսյանը դիմել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ դատական իշխանության պաշտոնական կայքում Գ. Ջհանգիրյանի լիազորությունները դադարած լինելու վերաբերյալ անհապաղ հայտարարություն հրապարակելու պահանջով: Սակայն, մինչ օրս Ռ. Վարդազարյանն այդ հայտարարությունը չի հրապարակել:
Դատարան դիմելու հիմք է հանդիսացել այն, որ Արդարադատության նախարարի 27.01.2021թ. թիվ 6-Ա որոշմամբ վարույթ է հարուցվել դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ: Դատավորին կարգապահական պատասխանատովության ենթարկելու հարցը քննում է ԲԴԽ-ն, որի անդամն է նաև Գագիկ Ջհանգիրյանը:
Կարինե Պետրոսյանը գտնում է, որ այս պայմաններում ԲԴԽ անդամների օրինական կազմի վերաբերյալ հարցն ուղղակիորեն առնչվում է իր իրավունքներին: Ըստ նրա՝ խորհրդի գործող կազմով նշված կարգապահական գործի քննության արդյունքում կխախտվեն իր՝ Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքը, այդ թվում՝ վարչական մարմնի կողմից գործի արդարացի քննության իրավունքը:
Հայցադիմումին կից ներկայացվել է հայցի ապահովման մասին միջնորդություն, որով հայցվոր Կարինե Պետրոսյանը, պատճառաբանելով, որ հայցադիմումի բավարարման դեպքում կարգապահական վարույթի օրինականության խնդիր կառաջանա, խնդրել է կիրառել հայցի ապահովման միջոց, այն է՝ արգելել Գագիկ Ջհանգիրյանին իրականացնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները մինչև սույն գործով վերջնական դատական ակտի կայացումը:
Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դանիել Դանիելյանի, մերժել է միջնորդությունը, իսկ Վերաքննիչ դատարանն այն թողել է անփոփոխ:
Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ-ի կողմից ԲԴԽ անդամ է ընտրվել 2021թ. հունվարի 22-ին:
Գործով Գագիկ Ջհանգիրյանը դատավարության մեջ ներգրավվել որպես երրորդ անձ: Հաջորդ նիստը տեղի է ունենալու հունիսի 11-ին:
Մեկնաբանել