HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատավոր Կարինե Պետրոսյան. «Գ. Ջհանգիրյանի պաշտոնավարումը կատարվում է օրենքի խախտմամբ»

Արդեն երկու օր է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանը ԱԺ-ում հայտարարում է, որ դատավորներից մեկը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները, որպես ԲԴԽ անդամ, դադարեցնելու պահանջով:

Հայցադիմումն ընդդեմ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի, երրորդ անձ՝ Գագիկ Ջհանգիրյանի, փետրվարի 24-ին վարչական դատարան է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը: Դատավորը պահանջում է պարտավորեցնել ԲԴԽ նախագահին կատարել որոշակի գործողություն, այն է՝ դատական իշխանության պաշտոնական կայքում Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ անհապաղ հայտարարություն տարածել: 

Կարինե Պետրոսյանը հայցադիմումում նշել է, որ Գագիկ Ջհանգիրյանի 65 տարին լրացել է 2020թ.: Այս տարվա փետրվարի 19-ին Կ. Պետրոսյանը դիմել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ դատական իշխանության պաշտոնական կայքում Գ. Ջհանգիրյանի լիազորությունները դադարած լինելու վերաբերյալ անհապաղ հայտարարություն հրապարակելու պահանջով: Սակայն, մինչ օրս Ռ. Վարդազարյանն այդ հայտարարությունը չի հրապարակել:

Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ-ի կողմից ԲԴԽ անդամ է ընտրվել 2021թ. հունվարի 22-ին: 

Կարինե Պետրոսյանը հայցադիմումում հիմնավորել է, թե ինչու է հենց ինքը Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարած համարելու վերաբերյալ հայտարարություն հրապարակելու պահանջ ներկայացրել: 

Արդարադատության նախարարի 27.01.2021թ. թիվ 6-Ա որոշմամբ վարույթ է հարուցվել դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ: Դատավորին կարգապահական պատասխանատովության ենթարկելու հարցը քննում է ԲԴԽ-ն, որի անդամն է նաև Գագիկ Ջհանգիրյանը:

Կարինե Պետրոսյանը գտնում է, որ այս պայմաններում ԲԴԽ անդամների օրինական կազմի վերաբերյալ հարցն ուղղակիորեն առնչվում է իր իրավունքներին: Ըստ նրա՝ խորհրդի գործող կազմով նշված կարգապահական գործի քննության արդյունքում կխախտվեն իր՝ Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքը, այդ թվում՝ վարչական մարմնի կողմից գործի արդարացի քննության իրավունքը:

Նշենք, որ ԲԴԽ-ն դատավորին վերաբերող կարգապահական գործ քննելիս հանդես է գալիս որպես դատարան:

Կարինե Պետրոսյանի կարծիքով, եթե վերացականորեն համարենք, որ 65 տարեկան տարիքային շեմը վերաբերում է բացառապես խորհրդի դատավոր անդամներին, ապա կբախվենք օրենքի բառացի տեքստից չբխող մեկնաբանության հետ: Բացի այդ, կստեղծվի մի իրավիճակ, որի պարագայում ակնհայտորեն խախտվում է խտրականության արգելքի կանոնը:

«Օրենսդիրը հստակ սահմանել է այն տարիքային շեմը, որի լրանալու պարագայում անձը չի կարող հանդես գալ որպես դատավոր: Կարծում ենք` այս առումով օրենսդրի սահմանումները հստակ են և չեն կարող տարընկալման, այլ մեկնաբանման առիթ հանդիսանալ: Ինչպես գիտենք, օրենքներն ընդունվում են և պետք է մեկնաբանվեն ողջախոհության կանխավարկածով»,-հայցադիմումում նշել է Կարինե Պետրոսյանը:

ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամները, որոնց թվում է Գագիկ Ջհանգիրյանը, ընտրվում են Ազգային ժողովի կողմից: Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պետական իշխանության մարմինների կողմից դատական մարմնի անդամների նշանակման հանգամանքն ինքնին չի հանդիսանում Մարդու իրավունքների և հիմնական ազատություների պաշտպանության մասին կոնվենցիայի խախտում: Սակայն կոնվենցիան խախտված կարող է համարվել այն դեպքում, երբ դիմողը կարողանա ցույց տալ, որ դատական մարմնի անդամների նշանակման կարգն ընդհանուր առմամբ կրել է անբավարար բնույթ:

«Կոնկրետ սույն պարագայում հայցվորի վերաբերյալ կարգապահական գործը քննող դատարանի (ԲԴԽ) կազմն օրինական համարվել չի կարող, և ԲԴԽ-ն չի կարող հանդես գալ, որպես անկախ դատարան: Քանի որ ԲԴԽ անդամ Գ. Ջհանգիրյանի պաշտոնավարումը կատարվում է օրենքի խախտմամբ: Մասնավորապես, դատական կազմի անդամ հանդիսանալու օրենքով նախատեսված արգելքի (65 տարին լրացած լինելու) պայմաններում վերջինս շարունակում է հանդես գալ որպես դատական կազմի անդամ»,-նշված է Կարինե Պետրոսյանի հայցադիմումում:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատավորներ  Ալեքսեյ Սուքոյանն ու Կարինե Պետրոսյանը 2018թ․ էլ դատարանում վիճարկում էին Գագիկ Հարությունյանին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 2018թ. մարտի 5-ի գործողությունները:

Նույն դատավորները 2019թ․ էլ հայցադիմումներ էին ներկայացրել վարչական դատարան՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին և նույն խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրանց Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու համար Բարձրագույն դատական խորհրդին միջնորդություն ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջով: 

Այդ գործերով Կարինե Գալֆրեդի Պետրոսյանի և Ալեքսեյ Արշալույսի Սուքոյանի կողմից ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվել էր դատարանի կողմից: Իսկ վերադաս ատյաններն անփոփոխ էին թողել առաջին ատյանի դատարանի որոշումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter