
Պայմանավորվածությունները խախտելու դեպքում «Իմ քայլը» Փաշինյանին կընտրի վարչապետ
Խորհրդարանի հատուկ նիստում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը, «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Վերջինիս թեկնածությունը ներկայացրեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Մակունցը հիշեցրեց, որ խորհրդարանական երեք խմբակցությունների և վարչապետի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ դրա համար հարկավոր է խորհրդարանի արձակումը, արձակման համար պետք է երկու անգամ վարչապետ չընտրվի:
Փաշինյանն իր խոսքում ընդգծեց` եթե պայմանավորվածությունների խախտում լինի, այդ դեպքում «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի իրեն վարչապետ: Փաշինյանը հույս հայտնեց, որ պայմանավորվածությունը խախտելու որևէ փորձ չի արվի: Վարչապետի պաշտոնակատարը նշեց` չի խոսի որպես վարչապետի թեկնածու, այլ կխոսի կորոնավիրուսի համավարակի մասին: Փաշինյանը հիշեցրեց, որ առավոտյան տիկնոջ հետ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է:
«Ուզում եմ կոչ անել պատվաստվել, պատգամավորներին էլ եմ խնդրում պատվաստվել և լուսաբանել այդ պատվաստման փաստը: Կա մեծ հավականություն, որ 2021-ի երկրորդ կեսից կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների համար ճամփորդելու սահմանափակումներ կարող են լինել: Մենք պետք է տեղյակ լինենք սրանից»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց` Հայաստանում տարբեր տեսակի պատվաստանյութերի բավարար պաշար կա, և հնարավորություն կա լայնածավալ պատվաստումների:
Մեկնաբանել