HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամենադժվարը զոհվածի հարազատների լացը լսելն է»․ զինվորական նվագախմբի տղաները

Հոկտեմբերի 10-ին Հադրութում շրջող թշնամու դիվերսիոն խումբը այրում էր տեղացիների տները: Մի քանի օր ջուր եւ լույս չունեցող քաղաքում հրդեհվող տները լուսավորել էին այն: 19-ամյա Արմանը Հադրութից դուրս գալու երեկոն այդպես է հիշում՝ քաղաքը վառ լույսերի մեջ էր: Այրվող քաղաքում մնաց նաեւ նրա երաժշտական գործիքը՝ կլառնետը: Դրանով երաժշտական դպրոց էր գնացել, համերգներին նվագել:

Արման Ադամյանը կլառնետիստ է: 2020 թ. ամռանը զորակոչվել է բանակ: Ծառայում էր Հադրութի զորամասում: 10-հոգանոց նվագախմբի երաժիշտներից էր: Սեպտեմբերի 27-ի առավոտյան վերկացը սովորականից ուշ էր՝ հաշվի առնելով, որ կիրակի է: Արդեն պատրաստվել էին ճաշարան գնալու, երբ պայթյունի ձայն լսեցին: Արմանին սկզբից թվացել էր, թե ուսումնական տագնապ է, հետո վաշտը նկուղ իջավ: Հետզհետե պայթյունի ձայները շատանում էին: Հետո երբ արդեն իմացան, որ պատերազմ է սկսվել, ամեն մեկն արագ անցավ իր գործին՝ զենքերը վերցնելով եւ իրենց դիրքերն անցնելով: Պատերազմի առաջին օրերին մտածում էին, թե այն ամենաշատը մի շաբաթ կտեւի, բայց երբ երկրորդ շաբաթն անցավ, հասկացան, որ դեռ երկար է շարունակվելու:

Զինվորների մարտական ոգին բարձրացնելու համար Հադրութի զորամասի նվագախումբը քայլերգեր էր կատարում հենց պայթյունների ժամանակ: Արմանը երկար չի խոսում պատերազմից: Ասում է՝ ճանապարհը շատ խառն էր: Միայն նշում է, որ հոկտեմբերի 10-ի երեկոյան ժամը 8-9-ին Հադրութից դուրս գալուց այն մտայնությամբ էին, որ հատուկ ուժեր կմիավորվեն, քաղաքը կմաքրեն, եւ իրենք կվերադառնան:

Արմանը հիմա նվագում է պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի նվագախմբում: Զորամասի մեծ փորձասենյակում, կարծես, նոր դադարած երաժշտության ձայնը դեռ պահպանվում է: Գյումրեցի Արտյոմ Վարոսյանը հոբոյն է տեղավորում պայուսակի մեջ: Մեկ ժամ առաջ են վերադարձել Աբովյանից, որտեղ մասնակցել են երկու հուղարկավորության՝ ժամկետային զինծառայողի եւ կամավորականի:

44-օրյա պատերազմի առաջին օրերից գլխավոր շտաբի նվագախումբը մասնակցում է զոհված զինծառայողների հուղարկավորություններին: Օրեր են եղել, երբ երկու տասնյակի է հասել դրանց թիվը, եւ տղաներին օգնել է կայազորային նվագախումբը: Հերթափոխով նվագել են առավոտից երեկո. նախ՝ «Սուրբ, սուրբ»-ը, հետո՝ Հայաստանի օրհներգը, ապա՝ Շոպենի պրելյուդը: Եվ նույնիսկ 7 ամիս հետո նույն հուզմունքն է ռազմական երաժիշտների մոտ:

18-20 տարեկան այս տղաները 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում եւ դրանից հետո ամենօրյա ռեժիմով Եռաբլուրում եւ այլ գերեզմանոցներում են եղել, հիմա ավելի քիչ են մասնակցում: Արմանն ասում է՝ Եռաբլուրում են ամփոփովել իր 4 ընկերները, ինչպես նաեւ ծառայակից ընկերներից: Եվ երբ Եռաբլուրում են լինում, ազատ ժամանակ հրամանատարից նրանց շիրիմներին այցելելու թույլտվություն է խնդրում։

Նոր Հաճնից թմբկահար Արման Բեգյանն ասում է՝ ընկերներից մեկի հուղարկավորմանը պետք է նվագեր, բայց մինչեւ սկսելը հասկացել էր, որ ուղղակի չի կարող: Կայազորային նվագախմբի թմբկահարին խնդրել էր փոխարինել, որպեսզի ինքը մասնակցի թաղմանը:

18-20 տարեկան այս տղաներն իրենց տարեկիցների եւ մյուսների վերջին հրաժեշտին են նվագում: Ապրումները, ցավը կուլ տալով՝ ամեն ինչ անում են՝ անսխալ նվագելու համար: Ասում են, որ փորձում են սառնասիրտ մնալ. եթե նույնիսկ շարքի վերջում կանգնած լինես, պետք է ճիշտ նվագես։

-Իսկ լինո՞ւմ է, որ հուզմունքից ֆալշ նվագեք,- դիմում են նրանց։

-Մեր ճիշտ նվագելով մեր հարգանքն ենք մատուցում հուղարկավորվողին։ Ամեն դեպքում, ինչքան էլ հուզված լինեն, կարող է մեզ չլսեն, բայց ճիշտ նվագել պետք է, դա հարգանքի նշան է,- ասում է սաքսոֆոնահար Դավիթ Պետրոսյանը։

Դավիթը զորակոչվել է այս տարվա մարտին։ Նա եւ կողքին նստած կլառնետիստ Էմիլ Վարդանյանը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համակուրսեցիներ են։ Երկուսն էլ առաջին կուրսի մեկ կիսամյակ սովորելուց հետո զորակոչվել են ու հիմա նույն նվագախմբում են։ Նորակոչիկներն արդեն 4 հուղարկավորության են մասնակցել։

«Մենք մի քիչ հեռու ենք կանգնում, որ եւ տեղ անենք, եւ ձայները մոտ չլինեն։ Հեռվից տեսնում ենք, թե ինչպես են պատվո պահակայինի տղաներն իրենց հասակակիցներին ուղեկցում, տանում։ Մեզ համար ինչքան էլ ծանր բան է, ինչքան էլ մի ամսվա ծառայող ենք, կպնում ենք գործին»,- նշում է Դավիթը։

Տղաներն ասում են՝ նվագելիս միշտ պետք է զգաստ, պատրաստ եւ ուշադիր լինել հրամաններին, հրամանատարի ձեռքի շարժումներին, թե երբ պիտի նվագն սկսի, երբ ավարտվի։ Արման Ադամյանի խոսքով՝ նվագախմբի հիմքը հարվածային գործիքն ու խմբավարն են։ Թմբկահար Արման Բեգյանն սկսում է նվագել, հետո մյուսները միանում են։ 40 հոգի պետք է սինխրոն նվագի։

«Հիմնականում ծնողների ապրումները տեսնելիս ես հուզվում։ Մի անգամ էր դժվար ինձ համար, տղաներն արդեն սովորել էին, երկար ժամանակ էր, որ մասնակցում էին։ Հետո ընթացքում ուզած-չուզած սովորում ես»,- ասում է Արման Ադամյանը։ Սակայն որքան էլ փորձում են սառնասրտորեն նայել, միեւնույնն է՝ հարազատների լացը լսելիս հուզմունքն ակամայից է, եւ երբեմն անհնար է այն հաղթահարելը։

«Ամենադժվարը զոհվածի հարազատների լացը լսելն է։ Էդ պահը շատ դժվար է, դու էլ ես հուզվում անկախ քեզնից։ Եղել են դեպքեր, երբ մեր նվագախմբի պետը զգացել է, որ շատ է լացը, հրաման է տվել այդտեղից գնանք փոսի մոտ»,- նշում է թմբկահար Արմանը, ապա ավելացնում, որ ամենածանրն իր համար մանկատան զոհված զինվորների թաղման արարողություններն են, երբ 3-4 հոգի են ներկա գտնվել։ Արմանն ասում է՝ դրանից շատ է հուզվում։

Զինվորական դիրիժոր Սարգիս Փափազյանն ասում է՝ պատերազմի հաջորդ օրվանից նվագախումբը մասնակցում է հուղարկավորություններին։ Առաջին օրերը չափազանց ծանր էին։ «Մեր երաժիիշտներից պահի տակ վատ էին զգում, նեղվում էին, բայց որպես զինվորական՝ մեր պարտականությունն է: Դա սովորական թաղում չէ, մեր զինակից ընկերներն են։ Տուն էլ որ գնում ենք, այդ ապրումները մեր մեջ են»,- նշում է Փափազյանը։ Հարցնում եմ, որ եթե ամբողջ նվագախումբն իրեն է նայում, ինչ է անում, երբ հենց ինքն է հուզված լինում, ասում է՝ հուզմունքը թաքցնում է, նման դեպքերում, ինչքան կարողանում են, զսպում են իրենց։

44-օրյա պատերազմի ժամանակ հուղարկավորություններից հետո նվագախմբի տղաները զորամասում օգնում էին կամավորականներին։ Նրանց ճանապարհելուց էլ պատահել է, որ նվագել են։ Տղաները հիշում են, որ կամավորականները մեծ ոգեւորությամբ էին ռազմաճակատ մեկնում, բայց հետո ամենաանսպասելին իրենց ճանապարհած կամավորականների վերջին հրաժեշտին նվագելն էր։

«Հովազների Ռուստամը (նկատի ունի Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանին – հեղ.), ում ճանապարհել ենք, հուղարկավորությանն էլի մենք նվագեցինք: Որ իրեն տեսանք, սաղս ոգեւորվեցինք, որ հաղթելու ենք: Հետո որ լսեցինք լուրը, սաղս շատ նեղվեցինք»,- ասում է Արմանը։

Լռում ենք։ Փորձասենյակում, կարծես, ինչ-որ անավարտ տխուր երաժշտություն է։ Ու դրանից բոլորս ակամայից տխրում ենք։ Ինչքան էլ հարցեր տանք այս տղաներին, միեւնույնն է՝ նրանց հոգեվիճակը դժվար թե հասկանա մեզնից որեւէ մեկը։

Երբ խոսում ենք ապագա ծրագրերից, տղաներից Դավիթն ասում է՝ զինծառայության երկու տարին երաժշտի համար պատրաստվելու, զարգանալու հնարավորություն է։ Թաղումներին նվագում են, բայց օրվա ընթացքում էլ ժամանակ են գտնում՝ անհատապես պարապելու համար։ Ասում են՝ ապագան երաժշտության մեջ են պատկերացնում։

-«Նվագախմբի տղաները» ֆիլմը նայե՞լ եք,- մեր զրույցի ավարտին հարցնում եմ նրանց։

-Հա,- պատասխանում են։

-Նրանց նման մականուններ ունե՞ք:

-Հա, կան հիմնականում, բայց չբարձրաձայնենք,- սա ասելուց հետո նայում են իրար ու ժպտում։

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter