
Նիկոլ Փաշինյան. «Ռոբերտ Քոչարյա՛ն, Սերժ Սարգսյա՛ն, դավաճանը, կապիտուլյանտը, հողատուն դու՛ք եք»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սերգսյանը դավաճաններ և հողատուներ են։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ասել է Փաշինյանը` արձագանքելով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցադրմանը:
ԱԺ հատուկ նիստում Փաշինյանը, կրկին պատասխանելով Ուրիխանյանին հարցին, անդրադարձել էր ղարաբաղյան բանակցային գործընթացին: Եթե երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին բանակցությունները տապալելու մեջ, Փաշինյանն էլ պնդում է, թե բանակցային գործընթացի բովանդակությունը փոխվել է դեռ 2015-ի աշնանը, 2016-ի ձմռանը: Ուրիխանյանն առաջարկեց շարունակել այդ թեմայով հարցուպատասխանը:
Փաշինյանն ընդգծեց` դեռևս 2016 թվականի նոյեմբերի 24-ին «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Սարգսյանն ասել է, որ պատրաստ է զիջել յոթ շրջանները, սակայն Ադրբեջանն ավելին է ուզում:
«Ասեմ ավելին` Սերժ Սարգսյանն ավելին էր տալիս Ադրբեջանին, նաև Ղարաբաղի կեսն էր տալիս, բայց Ադրբեջանը ասում էր` ոչ»,-ասաց Փաշինյանը:
Նա անդրադարձավ այն մեղադրանքներին, թե իր իշխանությունը պատերազմ է հրահրել, իսկ բանակցությունները նոր կետից է սկսել:
«Բա ո՞ւմ կետից պետք է սկսեինք․ պետք է ասեինք՝ լավ, Սերժ Սագսյանը յոթ շրջանը ու Ղարաբաղի կեսը տալիս է, մենք էլ էն մյուս կեսն ենք տալիս, որպեսզի պատերազմ չլինի՞: Էս պատմությունը 1998-ին է սկսվել, երբ Ղարաբաղը դուրս է շպրտվել բանակցային գործընթացից: Եկեք պարզենք` ով է դավաճանը, ով է կապիտուլյանտը, ով է հողատուն։ Ես ասում եմ՝ դու'ք եք` Ռոբերտ Քոչարյա՛ն, Սերժ Սարգսյա՛ն, դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք: Մենք պայքարել ենք ձեր դավաճանության դեմ, բայց դուք պատերազմի օրերին էլ ձեր դավաճանությունը շարունակել եք»,- ասաց նա:
Թեման շարունակեց «Իմ քայլից» Վիկտոր Ենգիբարյանը` նկատելով՝ ստացվում է, որ 2018 թվականից սկսած՝ այլ տարբերակ չկար, քան պատերազմին պատրաստվելը, արդյոք հնարավորություն եղե՞լ է պատշաճ ձևով պատրաստվել պատերազմի:
Փաշինյանն արձագանքեց` պատերազմին պատրաստվելն ունի նրբություններ, քանի որ հակառակորդը ևս հետևում է այդ ամենին. «Ինքը տեսնում է, որ 80-ականների զենքերից անցում ես կատարում 2020-ականների զենքերի։ Հասկանում է՝ երբ էդ գիծը անցար, քո պոտենցիալը աճելու է, հասկանում է, որ էդ ճիշտ տեղը խփելու էդ գիծն է, որ մնաս 80-ականների զենքի մակարդակի: Սա էլ է պատերազմի հրահրում, որովհետև երբ բանակը զարգանում է, հակառակորդը ևս տեսնում է»,- ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց` ՍՈՒ-30 կործանիչներ ձեռք բերելն ինչ-որ առումով պատերազմի հրահրում է, քանի որ նախորդ իշխանությունը պատերազմի ռիսկը կառավարել է՝ 80-ականների զենքեր ձեռք բերելով:
Փաշինյանը ինժեներական աշխատանքների պլանավորման որոշ ցուցանիշներ ներկայացրեց, ըստ որի՝ 2018-2020 թվականներին, օրինակ՝ ամրաշինական կառույցները ավելացել են 1,8 անգամ, զինվորների կենցաղի ապահովման կառույցները` 2,7 անգամ, հավաքովի գետնատնակները` 5,9 անգամ, երկաթբետոնե կոնտսրուկցիաներով ապաստարաները` 55 անգամ և այլն:
«Ինչո՞ւ է հակառակորդը հարձակվել, որովհետև տեսել է, որ մենք 80-ականների զենքերի էջը փակում ենք»,- ասաց նա:
Մեկնաբանել