HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սերգեյ Լավրով. «Չենք նվազեցնում ջանքերը բոլոր պահվող անձանց վերադարձնելու ուղղությամբ»

Չենք նվազեցնում ջանքերը բոլոր պահվող անձանց վերադարձնելու ուղղությամբ։ Այդ մասին մայիսի 6-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մանրամասն քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը: Նշել ենք առկա առաջընթացը և իրավիճակի կայունացումը: Մենք չենք նվազեցնում ջանքերը բոլոր պահվող անձանց տուն վերադարձնելու, ինչպես նաև ականազերծման, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ: Տարածաշրջանում կայունացման գործում կարևոր դեր է խաղում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ եռակողմ աշխատանքային խումբը»,- նշել է Լավրովը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել հայ-ռուսական համագործակցությունը քաղաքական օրակարգի բոլոր հարցերում, ինչպես նաև երկկողմ փոխգործակցությունը միջազգային կառույցներում։ Նա կարևորել է հայ-ռուսական համագործակցությունը ռազմական և ռազմաարդյունաբերական ոլորտներում, ինչպես նաև 102-րդ ռազմաբազայի աշխատանքները։ «Մենք քննարկել ենք միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցեր։ Պայմանավորվել ենք հետագայում ևս կոորդինացնել մեր գործողությունները միջազգային կառույցներում»,- նշել է Լավրովը։

Պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնում է ուժային տարբերակով լուծել Զանգեզուրի միջանցքի հարցը՝ Լավրովը նշեց, որ դիվանագիտական տարբերակից զատ, որևէ այլ տարբերակ չի կարող լինել եռակողմ հայտարարությունների կետերի իրագործմանն այլընտրանք։

Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը նաև հայտարարել է, որ քննարկվում է առաջիկայում Հայաստան ռուսական «Спутник V» պատվաստանյութի մինչև 1 միլիոն դեղաչափի ներկրում, ինչպես նաև Հայաստանում ռուսական պատվաստանյութի արտադրության հնարավոր հարցերը։ Ընդգծելով կորոնավիրուսի համավարակի պատճառով հայ-ռուսական առևտրաշրջանառության տեմպերի կրճատումը՝ դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը և հիմնական ներդրողը։

Իր ելույթում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն էլ անդրադարձել է Արցախում ռուս խաղաղապահների գործունեությանը՝ կարևորելով նաև Ռուսաստանի դերը խաղաղության ապահովման, Արցախում հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ։ Նա դատապարտել է Ադրբեջանի գործողությունները Արցախի ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում մշակութային ժառանգության և հուշարձանների ոչնչացման հարցում՝ ընդգծելով Ադրբեջանի վայրագ գործողությունները։ Այվազյանը հույս է հայտնել, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ փոխգործակցությունը և սպասվող քննարկումները կնպաստեն Արցախում ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող հուշարձանների խնդրի լուծմանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-ին աշխատանքային այցով ժամանել էր Երևան։

Օդակայանում նրան դիմավորել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Մայիսի 6-ի առավոտյան ԱԳՆ-ում կայացել էր Լավրով-Այվազյան առանձնազրույցը, որին հաջորդել էր երկու կողմերի ընդլայնված ձևաչափով հանդիպումը։ Ընդլայնված ձևաչափով հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳՆ պաշտոնակատարն ընդգծել էր Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և բռնի կերպով պահվող անձանց վերադարձի հարցը։

Արա Այվազյանի ուղեկցությամբ Սերգեյ Լավրովն այցելել էր նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Երեւանյան այցից հետո, մայիսի 10-11-ը, նախատեսվում է Սերգեյ Լավրովի այցը Բաքու։ Ինչպես հայտարարել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, Լավրովը Բաքվում կքննարկի 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը։

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter