
ՔՊ-ն ընտրություններին կմասնակցի միայնակ` «Ապագա կա» կարգախոսով
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է միայնակ` առանց դաշինքի:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Մակունցը չհստակեցրեց, թե ովքեր են լինելու համամասնական ցուցակում` նշելով, որ մայիսի 10-ից հետո կներկայացնեն, թե ցուցակն ինչ տրամաբանությամբ է կազմվել, և ովքեր են ներառված լինելու: Մակունցն այդպես էլ չպատասխանեց հարցին, թե արդյոք իրենց ցուցակում գործարարներ լինելու են: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի «Ապագա կա» կարգախոսով:
Մակունցը չցանկացավ մեկնաբանել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը երկրորդ և երրորդ նախագահներին` ընդգծելով միայն, որ այն տարակուսանք է առաջացրել:
Հիշեցնենք, որ Կառավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել, խորհրդարանը մայիսի 3-ի հատուկ նիստում վարչապետ չի ընտրել: Երկրորդ անգամ ընտրության տապալումից հետո խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի, որից հետո կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հատուկ նիստի իր ելույթում հայտնեց` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ պայմանավորվածությունները խախտելու և վարչապետի այլ թեկնածու առաջադրելու դեպքում իշխող մեծամասնությունն իրեն երկրորդ փուլում կընտրի որպես վարչապետ, և խորհրդարանը չի արձակվի:
Մեկնաբանել