HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այվազյանը Լավրովի հետ հադնիպմանը հրատապ է համարել գերիների վերադարձի ապահովումը

Մայիսի 6-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, այնուհետև շարունակվեց ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատարը գոհունակություն հայտնեց դաշնակից Ռուսաստանի հետ ակտիվ քաղաքական երկխոսութան, փոխգործակցության բոլոր ոլորտները կարգավորող իրավապայմանագրային դաշտի առնչությամբ և ընդգծեց հայկական կողմի շահագրգռվածությունը՝ խթանելու երկկողմ հարաբերություններն այնպիսի մեխանիզմների հետևողական գործունեության միջոցով, ինչպիսիք են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, միջխորհրդարանական հանձնաժողովը, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովը:

Ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրությունում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արա Այվազյանը կարևորեց միջնորդական մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը: Որպես հրատապ հասցեագրում պահանջող խնդիրներ՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնացրեց Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումը, տեղահանված անձանց՝ իրենց բնակավայրերը վերադառնալու համար տարրական պայմանների ստեղծումը, բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրումը և Արցախի տնտեսության վերականգնումը, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած պատմական և մշակութային ժառանգության պահպանման խնդիրը:

Հանդիպումից հետո Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը ստորագրեցին ՀՀ և ՌԴ միջև փոխըմբռնման Հուշագիր կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով:

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո տեղի ունեցավ կողմերի համատեղ մամուլի ասուլիսը։

Այցի ընթացքում  Այվազյանի ուղեկցությամբ Լավրովն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև «Հաղթանակ զբոսայգի» և ծաղիկներ զետեղել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված անմար կրակի հուշարձանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter