HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արթուր Դավթյան. «Դավաճանության վերաբերյալ մեկ քրեական գործ ուղարկվել է դատարան»

«Մեր ամենօրյա աշխատանքի լրջագույն մասն է գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Գլխավոր դատախազը հայտնեց` համագործակցում է ռուս գործընկերոջ հետ, և օգտագործելով այդ խողովակը հնարավորություն է ընձեռվում գերիների ցուցակներում ճշգրտումներ իրականացնել և խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ հիմնավոր տեղեկությունները փոխանցել ՌԴ գլխավոր դատախազին:

Ըստ Դավթյանի` այդ ամենն արձանագրվում է քրեական գործերի շրջանակում, հետևաբար այս փաստահավաք գործընթացին պետք է հաջորդեն իրավական գործընթացներ:

Հարցին, թե կան արդյոք ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականներ, որոնք անցնում են քրեական գործերով, Արթուր Դավթյանն արձագանքեց` բազում նման քրեական հետապնդումներ կան, սակայն այս պահին, ըստ նրա, այդ մասին հրապարակային խոսելն արդարացված չէ:

Դավաճանության հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործով մեկ հայ զինծառայող է անցնում, սակայն Դավթյանը չմանրամասնեց, թե վերջինս ինչ կոչում ունի:

«Դավաճանության վերաբերյալ մեկ քրեական գործ ուղարկվել է դատարան, որքանով դռնբաց հնարավոր կլինի, կարող եք հետևել և տեղեկություններ ունենալ: Այն մասերը, որոնք նախաքննության փուլում են, ճիշտ չի լինի խոսել այդ մասին»,- ասաց նա: Ըստ Դավթյանի` դատախազությունը հետագայում անդրադառալու է նման դեպքերի ազդեցությանը պատերազմի ելքի վրա:

Դիտարկմանը, որ դատախազության հարուցած քրեական գործերի մեծամասնությունը փլվում է դատարաններում, միգուցե պատճառը այն է, որ դրանք քաղաքական որոշումների հիման վրա են հարուցվում, Արթուր Դավթյանը բացառեց դա, ապա ընդգծեց` իրավական գործընթացների բացերը, թերությունները դատախազության հաղորդման մեջ մանրամասն ներկայացրել են:

Ըստ նրա` մինչդատական վարույթում ձերբակալությունների և կալանավորումների առնչությամբ խնդիրների զգալի մասը օրենսդրությամբ է պայմանավորված: Մյուս խնդիրը դատական համակարգի կողմից անկանխատեսելի, միջազգային պրակտիկային անհամաչափ մեկնաբանություններ տալն է:

«Քաղաքական որոշման մասին խոսք լինել չի կարող: Կատարված դեպքերն էլ եղել են հրապարակային: Սյունիքի դեպքերով դատարանների կողմից տրված գնահատականների ճնշող մեծամասնության հետ համաձայն չենք եղել, վիճարկում ենք վերադաս դատարաններում»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter