HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջոկատի «թալիսմանը»՝ եզդի Էդգար Օզմանյան. «Ավելի լավ էր ես էլ իրանց հետ մեռնեի, քան թե էսքան հուշ, ցավ»

32-ամյա եզդի Էդգար Օզմանյանը՝ հայրական տան մահճակալին պառկած, վիրավոր ոտքը մեկնած, մի ձեռքով ծխախոտն է բռնել, մյուսով երբեմն վիրավոր ոտքն է ուղղում։ Լրագրասեղանին սրճեփն է, նոր պատրաստված մի բաժակ սուրճն ու ծխախոտը։ Ծխախոտը ծխախոտի հետեւից է վառում, եւ կարծես, ավելի շատ ծանր ապրումները, հիշողությունները ցրելու համար է։ Պատերազմից հետո Էդգարն սկսել է շատ ծխել՝ օրական մոտ 3 տուփ։ Ծխի հոտը տարածվել է փոքր հյուրասենյակ-ննջասենյակում, որ շուտով լցվելու է նաեւ Էդգարի ու մոր՝ Գյուլնազ Օզմանյանի պատմություններով։

Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի վերջնամասում՝ ժանգոտած դարպասից այն կողմ, կիսաքանդ տանիքով տանն է բնակվում Էդգարի ընտանիքը՝ կինն ու 5 անչափահաս երեխաները։ Հարեւան տանը՝ կիսաքանդ տանիքով, հայրական ընտանիքն է։ Մեր այցելության ժամանակ Էդգարը հայրական տանն էր։ Բակը նոր էին մաքրել։ Տիկին Գյուլնազը չի հասցրել մշակել կոկիկ բակի տնամերձ հողամասը։ Երբ Էդգարին վիրավոր Երեւան էին բերել՝ մայրը ե՛ւ որդուն էր խնամում, ե՛ւ Ուռուցքաբանության ինստիտուտ գնում՝ քաղկցկեղի դեմ քիմիաթերապիայի կուրսերի, դրանից հետո նաեւ ճառագայթներ է ստացել։

Հյուրասենյակի դեղին աղոտ լույսի պես մռայլ է մեր զրույցը, որը հետո պատերազմի ինչ-որ դրվագներից, կարծես, աշխուժություն է առնում։ 1995 թ․ Էդգարի հայրը՝ Խդր Օզմանյանը, կնոջ եւ 4 զավակների հետ Էջմիածնից տեղափոխվել էր Դալարիկ։ Այստեղ սկսել էին անասնապահությամբ զբաղվել՝ համագյուղացու անասուններն էր պահում, իսկ կինը կթվորուհի էր աշխատում։ Սկզբից ապրում էին փոքր սենյակում։ Էդգարն ասում է՝ ոչինչ չունեին։ 1992-1994 թթ․ հայրը մասնակցել էր Արցախյան պատերազմին, որից վիրավոր էր վերադարձել։ Մի զինվորական վերարկու ունեին, որը գցում էին գետնին, եւ հայրը 4 զավակներին գրկում, քնում էր։ Էդգարը հոգոց է հանում։ Մայրն ասում է՝ ծանր օրեր էին, այդ օրերին հացն անգամ ճոխություն էր։

Էդգարին 15 տարեկանում են ամուսնացրել՝ ելնելով եզդիական ավանդույթներից։ Էդգարի ավագ դուստրը 14 տարեկան է՝ ճիշտ այն տարիքին, երբ տատը՝ տիկին Գյուլնազը, ամուսնացավ։ Վերջինս պատմում է, որ ամուսինը բանակից նոր էր զորացրվել, երբ փախցրեց իրեն։ Մեծ պատմություն էր դարձել անչափահասին փախցնելը, բայց հետո, ասում է, ամեն ինչ հարթվեց, իրենք էլ երջանիկ ընտանիք կազմեցին։ Հիմա, սակայն, չի ընդունում, որ աղջիկներին շուտ են ամուսնացնում։

«Իմ աղջիկներին 16 տարեկանից եմ ամուսնացել, բայց թոռներս 18-20 տարեկան պիտի մնան. ուզեն՝ էդ ա, չուզեն՝ էդ ա։ Թիվն առաջվա նման չէ։ Էն ժամանակ ծնողներին էին նայում, եթե ծնողը տվեց, էլ էրեխու կարծիքը չէին հարցնում։ Բայց հիմիկվա էրեխեքից մենք ենք կարծիք հարցնում, էդի ավելի լավ ա»,- նշում է նա ու ավելացնում, որ թոռները լավ են սովորում, պիտի ուսում ստանան։ Էդգարն էլ համաձայնում է, ասում է՝ իր աղջիկները պարտադիր պիտի սովորեն, եթե իրենց ժամանակ երկու տարի ուշ էին ամուսնանում, ասում էին՝ տանը մնացած, իսկ հիմա «դարն է փոխվել, մարդիկ պիտի ընկերություն անեն, իրար ճանաչեն»։

Երբ Էդգարի 18-ը՝ պարտադիր զինծառայության տարիքը, մոտեցել էր, նա արդեն երկու երեխա ուներ։ Համաձայն օրենքի՝ կարող էր բանակ չգնալ, բայց ինքնակամ դիմում էր գրել եւ զորակոչվել։ Ծառայության անցել էր Մատաղիսում՝ ավագ հետախույզ-դիպուկահար էր։ Բանակում դիպուկահարի քննություններից ամենաբարձր միավորներ է ստացել, մեդալներ ունի։

Էդգարը վառում է հերթական ծխախոտը, ասում է՝ զինվորական կյանքը միշտ հետաքրքրել է իրեն։ Երբ դպրոցական էր, տնից նապաստակ, հաց ու պանիր էր վերցնում, տանում իրենց մոտ գտնվող զորավարժարան։ «Նստում էինք զինվորականության հետ, խորաթա անում, կրակում էինք»,- հիշում է նա ու ժպտում։

Բանակից վերադառնալուց հետո որոշ ժամանակ անասնապահությամբ է զբաղվել, հետո արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան, որտեղ ինչ գործ ասես անում էին՝ ասֆալտ փռելուց սկսած։ 2019 թ․ չմեկնեց Ռուսաստան, ընտանիքին օգնում էր անասուններ պահել համագյուղացու համար։

Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմն սկսելու առավոտը, դաշտում էր։ Պատրաստվում էր «մի կոտր հաց ուտել», երբ հեռախոսով կարդաց, որ Ղարաբաղում կռիվ է։ «Ընկերոջս ասի՝ կովերը նայի, հեսա գալըմ եմ։ Ասի՝ ծարավ եմ, իջնեմ ցածը, ջուր առնեմ, գամ։ Խառնի էդ կովերն ընկերոջս կովերին, թափով եկա տուն։ Մամայենք արդեն խառնված էին, լսել էին, հելա գնացի գյուղապետարան, ասի՝ էթում եմ Ղարաբաղ, ասին՝ չե՞ս գժվել, 5 էրեխա ունես, ընտանիքի հալը-բանը, ասի՝ հետաքրքիր չի, գնում եմ։ Գյուղապետը չթողեց, ինձնի հանեց, լարեց։ Հետո գնացի վայենկոմատ, ասեցին՝ քանի՞ տարեկան ես, ամուսնացա՞ծ ես, երեխա ունե՞ս, ասի՝ 5 հատ ունեմ։ Էն էլ փոշմանա, որ ասի 5 հատ ունեմ, պիտի ասեի՝ չունեմ: Վայենկոմատն էլ մերժեց»,- վերհիշում է 32-ամյա զրուցակիցս: Զինկոմիսարիատի բակում սկսել էր հարցուփորձ անել, թե ով իրեն կտանի Արցախ, ինչպես գնա: Երբ որեւէ արձագանք չէր ստացել, վերադարձել էր դաշտ:

Հաջորդ օրը ընկերը զանգել էր՝ հայտնելով Մյասնիկյան գյուղում հավաքի մասին: «Կովերս խառնի ընկերոջս կովերին, համարյա 12 կմ վազեցի, եկա տուն, շորերս-մորերս հավաքեցի, մամայիս տեսա, էրեխեքին պաչեցի, գնացի Մյասնիկյան գյուղ, արդեն շարժվում էին»,- պատմում է կամավորականը: Նույն օրը Քանաքեռավան էին գնացել՝ զենք ստանալու, ապա Արցախ՝ Բալուջա (Այգեստան), որտեղ կամավորներից ստորաբաժանումներ էին կազմել: Հենց Բալուջայում էլ իմացել էր Թալիշի գրավման մասին, երբ փոխգնդապետից խնդրել էր իրեն Թալիշի զորամաս տանել: Մյասնիկյանի «Արծիվներ 11» ջոկատին սեպտեմբերի 29-ին տեղափոխել էին «Եղնիկներ», որտեղ նաեւ Էդգարն էր: «Ո՛չ կասկա, ո՛չ ժիլետ ենք ունեցել, ճանապարհին մարդիկ կային, որ կասկա-ժիլետը հանել գցել էին ճամփեքը, մենք մինչեւ տեղ հասանք, պոլնի բայեվոյ կասկա-ժիլետ ենք ունեցել»,- նկատում է նա:

Պատերազմի իրադարձություններն առանց դադարների է պատմում: Երբեմն դառը ժպիտ է հայտնվում դեմքին, երբեմն այնպիսի ծիծաղ, որ միայն ցավից կարող է լինել: Ես սա հասկանում եմ ավելի ուշ, երբ Մյասնիկյանի գերեզմանոց ենք գնում:

Երբ Էդգարի ջոկատը հասել էր «Եղնիկներ», գիշեր էր: Ասում է՝ միայն պատերն էին երեւում եւ զինվորականությունը: Հաջորդ օրը հրաման էին ստացել Մաղավուզի գերեզմանների մոտ հասնել հետախուզական դասակով: Էդգարը 44-օրյա պատերազմում հետախույզ-դիպուկահար է եղել: Սակայն Քանաքեռավանում զենք բաժանելիս նրան գնդացիր էին տվել, քանի որ դիպուկահարի հրացան չկար: «Մի քիչ խոսակցություն եղավ զենքի պահով, ասեցի, որ ես դիպուկահար եմ, չեմ կարա ՊԿ կրակեմ, սնայպերի զենքին որ մի բան էղնի, մեկից մեկ գիտեմ, թե ինչ պիտի անեմ, բայց ՊԿ-ն որ խարաբցավ, լռվավ, էդ ծանր զենքը պիտի վեկալեմ, կռվի դաշտում գնամ մի ՊԿ-իստի մոտ, ասեմ՝ էս ի՞նչ ա եղել զենքս»,- նշում է նա:

Մաղավուզի գերեզմանների մոտ 5 օր դիրք են պահել: Ասում է՝ թշնամուն չեն տեսել, միայն արկեր էին, որ անցնում էին իրենց վրայով:

Զորամաս վերադառնալուց հետո լողացել էր, մրսել, հիվանդացել: Ասում է՝ ջերմություն ուներ, դեղեր էին տալիս, երբ հետախուզություն անելու հրաման եկավ: «Ասեցին՝ ռազվեդկան պիտի գնա հետախուզության: Գրադն ու սմերչը խփում են՝ մեզ կպնում է, մերոնք են խփում՝ իրենց ժայռին ա կպնում: Պիտի ռազվեդկան հետախուզություն անի, գնանք էդ գրադի ու սմերչի տեղը իմանանք։ Ես ասի՝ նաղդ պատրաստ եմ, գնացող եմ, ասի՝ մի քանի հոգի էլ դիր հետս, գնանք: Բայեվոյ հագնվեցինք, բայց հրամանատարիս ասել էին, որ հիվանդ եմ: Բա՝ Էդգարը հիվանդ ա, սարեր չի կարա հելնի: Հրամանատարս եկավ, ասեցի՝ կարամ հելնեմ, բուժքրոջը բերին, ասեց՝ ջերմության մեջ ա, չթողեցին գնամ»,- պատմում է կամավորականը:

Հաջորդ օրը հրամանատարը եկել էր՝ ասելով, որ Արեգասարի 106 դիրքում ուժեղ կռիվ է, պիտի գնան դիրք պահեն: «Տաքության մեջ վեշավոյս կապեցի, հաց ու սիգարետ վերցրի, գնացի: Գիշերով գնացինք դիրք պահեցինք: Առաջին օրը գնացել տեղավորվել ենք ու չգիտեինք՝ թուրքը ո՞ր կողմում ա, մութ էր»,- նշում է Էդգարն ու ավելացնում, թե որպեսզի թշնամին «Եղնիկներ» չմտներ, իրենք պայթեցրել էին «Վահե-1» դիրքի կամուրջը:

Սակայն Էդգարի պատմության մեջ բոլոր իրադարձությունները հանգում են մի կետի՝ հոկտեմբերի 13-ի երեկոյան ժամը 5-ի շուրջ: Այդ օրը Արեգասարում մերոնք դիրք էին գրավել: «Հրամանատարս եկավ, ասեց՝ սաղ գիշեր չես քնել, ինքը յաչեյկի մեջ սպալնիկ էր փռել, ժամը 4-ն էր, ընկերներս եկան, խորաթա էինք անում խրամատի մեջ, ես էլ՝ յաչեյկի մեջը, ոտքս յաչեյկից դուրս էր։ Մեկ էլ էն եմ հիշում, որ թոզ-դուման էր, ընկերներս սաղ պառկած էին»,- վերհիշում է Էդգարն, ու խոսելն ավելի դժվար է դառնում: Ասում է՝ կա՛մ ԱԹՍ-ի ռումբ էր, կա՛մ ականանետի արկ: Պայթյունից հետո մտածել էր, թե իրենց վրա են հարձակվել: Վիրավոր ոտքով 12-կիլոգրամանոց գնդացիրը չէր կարող քարշ տալ, ավտոմատ էր վերցրել, որ տեղը փոխեր: «Ասեցի՝ ինչ էլ սպանեմ, գոնե օգուտ կտամ, որ ընկերներիս դիակները չվնասեն»,- նշում է Էդգարը:

Դիրքավորվելուց մոտ 10 րոպե անց տեսել էր, որ հանգիստ է, հարձակում չկա: «Ձեռք եմ տալիս, տեսնում եմ՝ սաղ քրտինք ա, ջուր ա: Արդեն աչքերս փակվում էին, ականջներս տրաքում, կոնտուզիա եմ տարել: Օգնություն եմ կանչել, պոստից մեր տղերքը տենում են, որ թոզ ու դուման ա, ինձ տեղափոխում են անվտանգ գոտի, տախտակներ դնում ոտիս, ռեզինով լավ փաթաթում են, հարցնում եմ՝ ի՞նչ ա եղել, բա՝ ոչ մի բան, ասեցին՝ մարդ չի մեռել, մենակ դու ես վիրավոր: Հետո հրամանատարիս են հանում խրամատից»,- պատմում է նա: Շտապօգնության մեքենայով իրեն եւ հրամանատար Ներսես Ներսիսյանին տեղափոխել են Մարտակերտ, ճանապարհին, սակայն, հրամանատարը մահացել է, իսկ Էդգարին տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց: Ասում է՝ ճանապարհին շտապօգնության մեքենան անընդհատ թիրախավորում էին, բայց չէին կարողանում խփել: «Վիճակս ծանր էր։ Ոտքս վիրահատեցին։ Էդ օրն ահավոր վիճակ էր, խփում էին հիվանդանոցին,- ասում է 32-ամյա կամավորականն ու շարունակում,- հրամանատարս անընդհատ ինձ ասում էր՝ Էդգար, դու մեր թալիսմանն ես: Ասում էի՝ խի՞, ասում էր՝ որովհետեւ դու մեր մեջի միակ եզդին ես, սաղս մեռնելու ենք, դու սաղ ես մնալու: Ու տենց էլ եղավ: Ես որ հիվանդանոցը պառկած էի, մտածում էի՝ ավելի լավ էր ես էլ իրանց հետ մեռնեի, քան թե էսքան հուշ, ցավ»:

Հոկտեմբերի 14-ին Էդգարին տեղափոխել են Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Երբ առավոտյան արթնացել է, տեսել է, որ կողքին ծնողներն են նստած:

Տիկին Գյուլնազն Ուռուցքաբանության ինստիտուտում քիմիաթերապիայի կուրս անցնելուց հետո որդու մոտ էր գնում՝ խնամելու: Քիմիայից հետո նա ճառագայթներ է ստացել։ Մեր ամբողջ զրույցի ընթացքում անգամ թեթեւ ժպիտ չկար այս կնոջ դեմքին։ Հոգսերը, առողջական խնդիրները ճյուղավորվել են՝ նրանից խլելով ժպիտը:

44-օրյա պատերազմի ժամանակ տիկին Գյուլնազի կրտսեր որդին՝ Գարիկը, ժամկետային զինծառայող էր «Եղնիկներում»: Մեկ ամսից ավելի նրանից լուր չեն ունեցել: Այս հունվարին է զորացրվել:

-Էդգար, դրա համար էիր էդքա՞ն շտապում ռազմաճակատ գնալու հարցում,- դիմում եմ նրան:

Մեղմ ժպտում է: Տիկին Գյուլնազն ասում է, թե մեկնելիս ասել էր «մամ, գնում եմ հասնեմ Գարիկին»: Մայրը խնդրել էր, որ չգնա, ասում է՝ նույնիսկ ծնկի է եկել, բայց Էդգարն անդրդվելի էր:

«Եղնիկներ» գնալուց հետո Էդգարը կես ժամով կարողացել է տեսնել եղբորը:

«Ահավոր վիճակ էր: Տեսա՝ էրեխեքը տիղմի մեջ են քնում: Հրամանատարիս ասեցի՝ եկել հասել եմ էստեղ, գնամ ախպորս տեղը կռվեմ, ինքը թող երկրորդ գիծ գնա: 4-5 ադյալ վերցրի, պլաշ-պալատկա վեկալեցի, ասի՝ գոնե էրեխեքը չմրսեն: Սնունդ-մնունդ վեկալեցի, ընկերներս քաղցր-մաղցր դրեցին, բայց չհասցրի գնալ»,- հիշում է Էդգարը: Չհասցրեց, որովհետեւ Արեգասարի դիրքի պաշտպանության հրամանն էր եկել:

Գարիկը տարբեր հեռախոսներով նկարներ էր ուղարկում մորը, իսկ վերջինիս մոտ խորանում էին կասկածները, թե որդին կարող է գերեվարված լինել, ու թշնամին է նկարներն ուղարկում: Նոյեմբերի 2-ին, երբ տիկին Գյուլնազը երթուղայինի մեջ էր, Գարիկը զանգել էր: Որդու ձայնը լսելուց հետո ուշաթափվել էր:

Մայրն ասում է, որ Գարիկենց մոտ եղած կամավորներից մեկն իրեն պատմել է, թե Գարիկին Օզման էին ասում, հպարտանալու տեղ ունի, քանի որ գնդացրորդ տղան մի ամբողջ ձոր էր հսկում: Զորացրվելուց հետո Գարիկը հեռուստացույց չի կարողանում նայել, էկրանին զինվորական համազգեստ տեսնելիս դուրս է գալիս սենյակից:

Մեր այցելությունից առաջ Էդգարին հաշմանության երկրորդ խումբ էին գրանցել: Ասում է՝ դեռ չգիտի, թե ինչքան գումար է ստանալու, վկայականը չի ստացել: Բուժումները շարունակվում են: Վիրավոր ոտքից գուլպան զգուշորեն հանում է. առողջ ոտքից 7 սմ կարճացել է:

«Բժիշկն ասաց՝ կրունկի վրա չես կարա կայնես, ես էլ ասեցի՝ որ չեմ կարա, թող կտրեն, պրոթեզ դնեն»,- նշում է Էդգարը: Մայրն ասում է, որ ոտքի մեջ դեռ բեկորներ կան: «Երեւան է գնում-գալիս, բուժման մեջ է։ 260 հազար դրամ տաքսու վարորդին պարտք է, բայց չի խեղդում»,-լրացնում է տիկին Գյուլնազը, իսկ որդին ավելացնում է, որ հենակներն էլ իր միջոցներով է գնել՝ 11 հազար դրամ վճարել: Սա ասելուց հետո անբացատրելի տխրություն է իջնում: 11 հազար դրամը պատերազմի վիրավորի համար փոքր գումար չէ, եւ նա առանձակի շեշտադրմամբ է ասում դրա չափը:

Էդգարը մեր զրույցի վերջում խնդրում է իրեն տանել Մյասնիկյան գյուղի գերեզմանատուն, որտեղ ամփոփվել են նրա մարտական ընկերները: Շաբաթական մի քանի անգամ այնտեղ է գնում: Որդին՝ Ալիխանն էլ է մեզ հետ գալիս:

Գերեզմանատուն հասնելուց Էդգարը հերթով համբուրում է ընկերների շիրմաքարերը, հետո նորից է գնում-գալիս՝ համբուրում, ձեռքով մաքրում գերեզմանաքարերը: Հետո նստում է գերեզմանաքարերի մոտ՝ հենակները դնելով կողքին: Վառում է հերթական ծխախոտը: Մենք չենք խոսում: Ալիխանը շրջում է գերեզմանատանը:

-Ես շատ կատակով, հումորով տղա եմ եղել, բայց հիմի չեմ կարում ժպտամ, ժպտալիս էլ կեղծ եմ ժպտում։ Խոստացել էինք, որ Մյասնիկյանից շարժվենք, միասին էլ հետ ենք գալու,- հիշում է նա:

Մերթընդմերթ Էդգարը հարցնում է, թե ինչու ինքը ողջ մնաց, հիմա ոնց է տանելու հիշողությունների ծանրությունը: Իսկ մեր շուրջը լռություն է, միայն երբեմն մայրուղով անցնող մեքենաների ձայնն է լսվում:

Գերեզմանատնից դուրս գալու պահին Էդգարի զինակից ընկերներից մեկի հարազատներն են մոտենում շիրմաքարին: Էդգարը գրկում է որդուն կորցրած մորը: Մեր ամբողջ զրույցը խտանում է այդ մի կետում: Իր ծանր գնդացրի պես նա քարշ է տալիս պատերազմի հիշողությունները, որոնցից գուցե երբեք չկարողանա ազատվել:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի, ընտանեկան արխիվից

Մեկնաբանություններ (1)

Սահակ
Խնդրում եմ ինձ տրամադրել Էդգարի հեռախօսահամարը, որ կապնուենք իր հետ օգնութիւն ցուցաբերելու համար: Շնորհակալ եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter