HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց «Իմ քայլին» սկզբունքային լինելու և «չծախվելու համար»

«Մենք միշտ չէ, որ գնացել ենք քաղաքական շահի հետևից, բայց միշտ գնացել ենք մեր հայտարարած արժեքների հետևից»,-խորհրդարանի հատուկ նիստում իր եզրափակիչ ելույթում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով այն քննադատություններին, թե հեղափոխական թիմը իշխանություն ձևավորելուց հետո հեռացել է իր իսկ դավանած սկզբունքներից:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում նշել էր, թե Փաշինյանը որպես ընդդիմադիր գործիչ և որպես վարչապետ նույն հարցերի վերաբերյալ սկզբունքորեն տարբեր դիրքորոշումներ ունի: Այս քննադատությանն անդրադառնալով՝ Փաշինյանը հիշեցրեց, որ «Ելք» դաշինքի, որի համամասնական ցուցակը գլխավորում էր Էդմոն Մարուքյանը, նախընտրական ծրագրում ֆիքսված էր 20% համահարթ եկամտային հարկի անհրաժեշտության մասին: Փաշինյանն ասաց, թե չի հիշում այդ նախագծին ինչպես են քվեարկել գործընկերները, ինչին ի պատասխան՝ դահլիճից Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն արձագանքեց՝ դեմ են քվեարկել: Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաև «Ելքի» ծրագրում տեղ գտած համամասնական ընտրակարգի ներդրման անհրաժեշտության մասին:

«Ես հիշում եմ՝ այն ժամանակ, երբ խորհրդարանում քննարկվում էր համամասնական ընտրակարգին անցնելու հարցը, մեր գործընկերները ցույց էին տալիս իրենց «սկզբունքայնությունը»,-հեգնեց Փաշինյանը` հավելելով, որ այս թվարկումը կարելի է շարունակել:

Փաշինյանը հիշեցրեց` հեղափոխության ժամանակ հայտարարել է, որ վենդետաներ չեն լինելու, և այդպես էլ եղել է, բացառել են կադրային ջարդը, քանի որ բոլորն ունենալու են նոր Հայաստանը կառուցելու իրավունք:

«Մեր երեսով են տալիս Օսիպյանին, ինչո”ւ միայն իրեն, էլի մարդկանց կարող են երեսով տալ: Այս ֆոնին ուզում եմ ընդգծել, թե ինչ է եղել «Իմ քայլի» 88 հոգանոց խմբակցության հետ։ Անցնելով դժվարությունների միջով՝ խմբակցությունն այսօր միասնական է և իր առաքելությունն է անում` ժողովրդից ստացած իշխանությունը վերադարձնում է ժողովրդին»,-ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց` քաղաքական մեծամասնության պատգամավորները միմյանց հետ որևէ բիզնես շահերով կամ այլ ստվերային կապերով փոխկապակցված չեն, նրանց միավորում են արժեքները և սկզբունքները: Նա անդրադարձավ այն խոսակցություններին, որ ժամանակ առ ժամանակ տարածվում էին, թե խմբակցությունից տասնյակներով պատգամավորներ են դուրս գալու:

«Կային մարդիկ, ովքեր համոզված էին, որ պետք լինի՝ հինգ միլիոն, հիսուն միլիոն դոլար կդնեն և «Իմ քայլից», կներեք արտահայտությանս համար, պատգամավորներ կգնեն: Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության հետ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իրենց, որ ապացուցեցին՝ արժեքների մասին խոսակցությունն ուղղակի վերնագիր չէ: Եվ էս փաստն է, որ պիտի մեր հանրությանը հպարտության տեղիք տա, այո, դա ձեզ չի ներվում, թե ոնց կարելի է չծախվել, երբ բորսայում ամենաբարձր գներն են, ա'յ էս օրը մեր ամենամեծ հաղթանակն է, արժեքների ամենամեծ հաղթանակն է»,-եզրափակեց Փաշինյանը:

Լուսանկարը` Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter