HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Վահան Քերոբյանի հանձնարարությամբ ստուգվում են իր տեղակալի վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման մեջ առկա փաստերը

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում տեղադրվել է հայտարարություն, որի համաձայն՝ նախարար Վահան Քերոբյանի հանձնարարությամբ ստուգվում են իր տեղակալ Տիգրան Գաբրիելյանի վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման մեջ առկա փաստերը։

Նյութում մենք գրել էինք, թե ինչպես են Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց մերձավորները աշխատանքի անցել նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ում։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 7-ին «Հետք» ինտերնետային թերթում լրագրող Տիրայր Մուրադյանի հեղինակությամբ հրապարակված «Էկոնոմիկայի փոխնախարարի ընկերներն ու այլ պաշտոնյաների կանայք՝ մեկ ՊՈԱԿ-ում» վերնագրով հոդվածի առնչությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հանձնարարությամբ, ուսումնասիրություն է իրականացվում վերոնշյալ հոդվածում նշված փաստերի առնչությամբ։

Մեզ համար չափազանց կարևոր է նախարարության հեղինակությունը: Նախարարության յուրաքանչյուր աշխատակից պետք է գիտակցի քաղաքացիական ծառայող լինելու պատասխանատվությունը և ձգտի իր բարեխիղճ աշխատանքով ու բարոյական նկարագրով բարձր պահել պետական գերատեսչության վարկանիշը հասարակության շրջանում։

Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի համալրման գործընթացը պետք է լինի մրցակցային, թափանցիկ և արդար: Մենք կարևորում ենք մասնագիտական հմտությունները. լավագույն մասնագետները պետք է համալրեն պետական կառույցների աշխատակիցների շարքերը՝ անկախ բարեկամական, ազգակցական կամ այլ կապերից:

Միաժամանակ հարկ ենք համարում շեշտել, որ անընդունելի և դատապարտելի է պաշտոնատար անձի կողմից հովանավորչական որևէ գործունեություն․ նման երևույթների նկատմամբ նախարարությունը դրսևորելու է անհանդուրժողականություն և հետևողական է լինելու դրանց բացահայտման ու վերացման գործում:

Ուսումնասիրության արդյունքների մասին հանրությանը հավելյալ կտեղեկացնենք»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter