HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արսենը մարտի 8-ի լավագույն նվերն էր, որ Աստված որոշեց հետ վերցնել»,-ասում է մայրը

Արսեն Կիրակոսյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 28-ին Մարտունու շրջանի Ճարտար գյուղի մերձակայքում՝ ԱԹՍ-ի հարվածից։ Նա ծառայում էր Մարտունի-2 զորամասում։ 

Հարազատները Արսենի մահվան լուրն իմացել են հոկտեմբերի 30-ին։ Արսենի աճյունը հայտնաբերվել է 2021-ի հունվարի 28-ին, ԴՆԹ հետազոտության միջոցով։ Փետրվարի 2-ին նրան հուղարկավորել են Մասիս քաղաքի գերեզմանատանը։ Արսենը բանակ էր զորակոչվել 2019 թվականի հուլիսի 19-ին։ 

Հարազատները մինչ աճյունը հայտնաբերելու օրը պաշտպանության նախարարությունից, զորամասից Արսենի մասին ոչինչ իմանալ չեն կարողացել։ Զոհվելու մասին ընտանիքին հայտնել են Արսենի ծառայակից ընկերները։ 

Մայրը՝ Մարո Կիրակոսյանը, պատմում է, որ բազմիցս փորձել են կապ հաստատել Արսենի զորամասի հրամանատարական կազմի հետ՝ ստույգ լուր իմանալու, բայց վերջիններս ոչինչ չեն հայտնել։

Արսենը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ ու անմիջապես զորակոչվել բանակ։ Երազում էր դերասան դառնալ։ Ծնողները դեմ էին նրա այդ որոշմանը։ Ընտանիքից գաղտնի մի քանի անգամ նկարահանվել է սիթքոմներում։ Ուսուցիչներն առանձնանցում էին նրան որպես հումորով մարդ։ Մորն ասում էին, որ Արսենին մեծ ապագա է սպասվում։ Արսենը շատ ակտիվ էր, երբ տուն էր մտնում, մթնոլորտն աշխուժանում էր։

Մայրը ցույց է տալիս որդու նկարները, տարբեր սպորտաձևերի մրցույթներում ստացած մեդալներն ու ասում, որ Արսենը շատ նպատակներ ուներ, ուզում էր ամեն ինչ հասցնել։
Դպրոցում էլ Արսենը աշխույժ է եղել: Երբ անկարգության համար ծնող են կանչել, Մարոն որդուն շատ է նախատել։ Ասում է. «Ես նրան իդեալական տղա եմ դաստիարակել, որ ինչ-որ հարցում թերանում էր, մտածում էի՝ ինքն իրավունք չունի»։

Դասերից փախուստներն Արսենն էր կազմակերպում։ Մայրը բարկանում էր, ասում է՝ եթե տղան հիմա ողջ լիներ, ոչինչ չէր արգելի, անգամ կթողներ, որ դերասան դառնա։

«Հիմա ափսոսում, ինձ մեղավոր եմ զգում, որ արգելել եմ ինչ-որ բան անել կամ բարկացել եմ»,-ասում է նա։

Արսենը տան կրտսերն էր, նրան սիրում էին բոլորը: Մայրն ասում է՝ մեծ եղբայրներն ամեն ինչ անում էին, որ Արսենը ոչ մի բանի կարիք չզգա։ Մանուկն ու Մհերը՝ Արսենի ավագ եղբայները, որոշել էին կամավոր մենկնել, Արսենին ասել էին, որ ուզում են գնալ հենց իր մոտ՝ Մարտունի։ Արսենն ասել էր, որ չգնան ոչ մի դեպքում: «Երևի Արսենը գիտեր, որ վիճակը շատ վատ է, այնտեղից հետ վերադառնալն էլ բախտի հարց է, դրա համար եղբայրներին խնդրել էր՝ ոչ մի դեպքում չգալ»,-ասում է մայրը։

Արսենին բոլորը փոքրի պես էին վերաբերվում, բանակում ծառայության ընթացքում էլ մայրը չէր հավատում, որ Արսենն այնքան է մեծացել, որ բանակ զորակոչվի։ «Զանգում էր, որ ձայնը լսում էի, ասում էի՝ Մարո՞, քո փոքր տղան էնքան է մեծացել, որ ծառայում է, բանակից էլ զանգում է, տեսնի՝ ոնց ես»։ 

Արսենը բանակ էր զորակոչվել 2019 թվականի հուլիսի 19- ին։ Ծառայության ընթացքում մի անգամ արձակուրդ էր եկել: Մայրն ասում է՝ Արսենը շատ էր փոխվել, հասուն տղա էր դարձել։ 

Նա ծնվել է մարտի 8-ին։ Արսենն իր ծննդյան օրը չէր սիրում, քանի որ համընկնում էր կանանց տոնի հետ։ Դպրոցում երբեք չէր ասում, որ այդ օրն իր ծննդյան օրն է։ 

«Հիմա մարտի 8-ին՝ իր ծննդյան օրը, ես պիտի իրեն ծաղիկներ տանեմ, Արսենը մարտի 8-ի լավագույն նվերն էր, որ Աստված որոշեց հետ վերցնել»,-ասում է մայրը։

Մարոն այլեւս երազանք չունի, մինչև տղայի մարմինը հայտնաբերելը հույս ուներ, որ Արսենը ողջ է, գուցե վիրավոր է, բայց ողջ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter