HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Անդրանիկ Քոչարյան. «Այո՛, կա պրոբլեմ, բայց զոհեր, վիրավորներ, կրակոցներ չկան, չեն էլ եղել»

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է՝ Սյունիքում կրակոցներ չեն հնչել, վիրավորներ ու զոհեր չկան, սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններ են ընթանում:

Այս մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ տարօրինակ որակելով ԶԼՄ-ների՝ չճշտված տեղեկություններ տարածելը:

Քոչարյանի խոսքով՝ բանակցություններում ներգրավված են թե՛ ռուսական կողմը, թե՛ Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարը:

«Օրվա սկզբում էնպիսի լուր տարածվեց, որ ձնագնդի պես սկսեցին փոխանցել մեկը մյուսին, էդ գործընթացում ներառվեցին քաղաքական գործընթացներում ակտիվ անձինք, օրինակ՝ Վահե Հակոբյանն ասել էր, որ ըստ իր տեղեկությունների՝ վիրավորներ կան: Բնականաբար այստեղ ակնայտ է, որ ոնց որ թե առիթ լիներ, Սյունիքում լարվածության օջախ լիներ, և դա ճոխացնեն՝ երկիրը գցելով լարվածության մեջ»,- ասաց նա:

Ըստ Քոչարյանի՝ խնդիրն այն է եղել, որ ադրբեջանցիները 1974 թվականի քարտեզ են վերցրել և հայտարարել, որ այդ բարձունքն ըստ այդ քարտեզի, իրենց սահմանում է: Ըստ պատգամավորի՝ եթե ՊՆ-ն հայտարարությամբ հանդես չգա, այդ լրավամիջոցները հաջորդիվ գրելու էին, թե զոհեր կան: Քոչարյանը նաև զարմանք հայտնեց, որ զինված ուժերի զորքերի տեղաշարժն է ֆիքսվում ու հայտնվում ԶԼՄ-ներում, քանի որ եթե սահմանային կրակոցների մասին տեղեկությունները համապատասխանում էին իրականությանը, ապա ինչու էին այդ ԶԼՄ-ները նման ինֆորմացիա հաղորդում թշնամուն:

«Այս հարցը, որն առաջացել է սահմանային ճշտումների պատրվակով, հակառակորդի կողմից իր մեջ ունի քաղաքական կոմպոնենտ: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը սկսել է այլ ձևաչափով բարձրացնել, որ ՌԴ  ներկայությունն այս հրադադարի ռեժիմում այդքան էլ ցանկալի չէ, գուցե պետական մակարդակով դա չի ասվում, բայց դրա մասին խոսակցությունները գնալով զարգանում են»,- ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը հերքեց նաև այն տեղեկությունները, թե Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներում ևս լարվածություն է առաջացել:

«Թողեք բանակը զբաղվի իր խնդիրներով, ոչ թե ման գա պրովոկատորների: Այո՛, կա պրոբլեմ, պրոբլեմի լուծումը շատ մոտ է, բայց զոհեր, վիրավորներ, կրակոցներ չկան, չեն էլ եղել: Հարց է առաջանում, որ եթե Վահե Հակոբյանը կրակոցների մասին է խոսում, իր ականջով է լսել, թե ուղղաթիռով պտտվելիս, էդ դեպքում թող ուղղաթիռն իջեցներ, վերցներ ավտոմատը, գնար կանգներ զինվորների կողքին»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել էր, թե վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները, և ընթանում են բանակցություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter