HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ․ «Ադրբեջանցի զինծառայողների արարքները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները»

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը մայիսի 12-ի սահմանային իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է հետևյալը․

«Ադրբեջանական զինվորականների ներկայությունը Սև լճի տարածքում ու դրանից ներս կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները և հաստատում Սյունիքի շուրջ անվտանգության գոտու բացարձակ անհրաժեշտությունը

Այսօր առավոտից Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ համայնքների սահմանային բնակավայրերի բնակիչներից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինվորականները հայտնվել են ՀՀ տարածքում, ավելի կոնկրետ՝ Սև լճի տարածքում ու այդ տարածքից դեպի ՀՀ Սյունիքի մարզի քաղաքացիական բնակավայրեր ընկած հատվածում:

Ըստ ահազանգերի՝ ադրբեջանական զինվորականներին նկատել է Գորիս համայնքի Վերիշեն գյուղի հովիվը իր մակատեղիից, որտեղ պահվում են մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներ: Ահազանգերով նշվել է, որ հովիվի մակատեղին գտնվում է բնակիչների կողմից մշտապես օգտագործվող արոտավայրի տարածքում՝ Սև լճից դեպի Վերիշեն քաղաքացիական բնակավայրն ընկած խորության վրա, իսկ Սև լիճն ինքնին գտնվում է ՀՀ տարածքում:

Ըստ ահազանգերի՝ ադրբեջանական զինվորականները զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին:

Դրանից բացի, ինչպես սահմանային բնակիչները, այնպես էլ համայնքային մարմինները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հավաստել են, որ Սև լիճն իրեն հարող արոտավայրերով խորհրդային տարիներից սկսած մշտապես գտնվել է Հայաստանի տարածքում: Բնակիչների ու համայնքային մարմինների գնահատմամբ՝ ադրբեջանական զինվորականները Սև լճից անգամ առաջացել են մի քանի կիլոմետր քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ և տեղակայվել այդ վայրերում:

Ահազանգերից անմիջապես հետո Պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նաև լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի հրապարակումների ուսումնասիրություններ: Անմիջապես կապ է հաստատվել ՀՀ զինված ուժերի և համայնքների ղեկավարների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա ուսումնասիրությունները հաստատում են, որ Սև լճին հարակից վայրերն անփոխարինելի նշանակություն ունեն սահմանային բնակավայրերի բնակիչների կենսական կարիքների համար: Այդ տարածքներն օգտագործվում են՝ որպես արոտավայրեր, ինչպես նաև այդ վայրերից են գոյանում հարակից համայնքների խմելու և ոռոգման ջրային պաշարները: Ջրերը օգտագործվում են նաև համայնքների մանր ու խոշոր եղջերավոր կենդանիների համար: Արոտավայրերն էլ օգտագործվում են անասնապահության համար, ինչն էլ մարդկանց համար ծառայում է՝ որպես ընտանիքի եկամտի աղբյուր: Խոսքը Տեղ, Սիսիան, Գորիս համայնքների, այդ համայնքների Խնածաղ, Վաղատուր, Խոզնավար, Վերիշեն և մյուս բնակավայրերի մասին է:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վճռականորեն արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների այս արարքները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունեն նրանց ահաբեկելու նպատակ: Ադրբեջանական զինվորականների ներկայությունը զրկում է ՀՀ քաղաքացիներին իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է ստեղծում համայնքների բնակիչների համար ոռոգման ու խմելու ջրի հասանելիության, նրանց կյանքի ու անվտանգության համար:

Դրանից բացի, ըստ հաստատման՝ ադրբեջանական զինվորականները տեղակայվել են Սև լճից դեպի քաղաքացիական բնակավայրերն ընկած տարածքում:

Ադրբեջանական զինվորականների նկարագրված արարքները բացահայտ սարդանք են ՀՀ բնակչության նկատմամբ: Նրանց անօրինական արարքների պատճառով այսօր ողջ օրվա ընթացքում մեծ լարվածություն է առաջացել հայաստանյան հասարակությունում, խաթարվել է մարդկանց հոգեկան անձեռնմխելիությունն ու անդորրը:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ այս անօրինական առաջխաղացումը պետք է դիտարկել Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջական զինված ծառայողների կողմից հայաստանյան քաղաքացիական մեքենայի վրա քարեր նետելու, Արավուս գյուղի մոտ հայ հովիվին քաշքշելու և հարվածելու, գյուղացիների մանր ու խոշոր եղջերավոր կենդանիները չվերադարձնելու և մյուս նման միջադեպերի համատեքստում: Այս արարքները պետք է դիտարկել նաև ադրբեջանական իշխանությունների կողմից շարունակվող ատելության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում: Դա վնասում է խաղաղության գործընթացները տարածաշրջանում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս հայտարարությունը կուղարկի միջազգային մարմիններին՝ արձանագրումով այն մասին, որ նկարագրվածը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի մարզի շուրջ պետք է հրատապ կարգով ստեղծվի անվտանգության գոտի:

ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ու մարզի համայնքները միավորող ճանապարհներին գտնվող ադրբեջանական զինվորականները, նրանց դրոշներն ու ցուցանակները պետք է հեռացվեն:

Անվտանգության գոտին բացարձակ անհրաժեշտություն է՝ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներն ու խաղաղ կյանքը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը երաշխավորելու նպատակով»:

***

Հիշեցնենք՝ այսօր ցերեկը պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները, ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

Գեղարքունի մարզպետարանն էլ հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը աշխատանքներ են իրականացնում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր վերահսկողության տակ անցած այն հատվածներում, որտեղ ամիսներ առաջ եղանակային պայմանների պատճառով չէր հասցրել դիրքավորվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter