HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ն. Փաշինյան. «Ադրբեջանի զինված ուժերը պետք է ետ քաշվեն այն դիրքեր, որտեղ գտնվել են մայիսի 10-ի դրությամբ»

Կառավարության մայիսի 13-ի նիստում, մինչ նիստի օրակարգի հաստատումը, վարչապետի պաշտոնակատարը տեղեկատվություն հաղորդեց Սյունիքի մարզում գտնվող Սև լճի հատվածում ստեղծված իրադրության մասին:

«Երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություն են իրականացրել և հատել Հայաստանի պետական սահմանը Սև լճի հատվածում: Ուզում եմ ասել, որ երեկվանից, ըստ էության, իրադրության էական փոփոխություն չկա: Իրադրությունը շարունակում է մնալ նույնը, ինչը նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ: Այնտեղ նաև մեր զինվորների մեծ թվով ներկայություն կա, բայց ուզում եմ ասել, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, փոխհրաձգություն և բախում չկա: Երեկվանից տարվում է աշխատանք՝ ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն արձանագրեց, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս:

«Այդ քարտեզները կեղծված են, և դա երևում է դեռևս խորհրդային ժամանակներում պաշտոնապես հաստատված քարտեզների հետ համեմատությամբ, իսկ կեղծված քարտեզների առկայությունը ցույց է տալիս, որ գործ ունենք կազմակապերպված սադրանքի հետ: Կարևորագույն հարց է, թե ինչպես է հնարավոր եղել, որ ադրբեջանցի զինվորները հատեն և մեր դիրքերի միջդիրքային տարածքներով անցնեն և հասնեն Սև լիճ, դա առանձին քննարկման խնդիր է, որն այնպայման կդիտարկվի»,- ասաց նա:

Անդրադառնալով Պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հայտարարություններին՝ Փաշինյանը նշեց, որ վերջիններս հերքել են մարտական գործողությունների, վիրավորների և զոհերի առկայության մասին պտտվող ապատեղեկատվությունը, և նրանց կողմից տրվել է ամբողջական տեղեկատվություն:

«Այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվել, որովհետև, ըստ էության, գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ: Մեր խնդիրն է՝ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա և լինի անձեռնմխելի: Ադրբեջանի զինված ուժերը պետք է ետ քաշվեն այն դիրքեր, որտեղ գտնվել են մայիսի 10-ի դրությամբ»,- ասաց վարաչապետի պաշտոնակատարը:

Ըստ նրա՝ այսօր Կառավարութան նիստից հետո կլինի Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ կկայացվեն անհրաժեշտ որոշումներ իրադրության հետագա կառավարումն ապահովելու վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter