HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ոստիկանությունը շարունակում է գնումներ կատարել քրեական գործով անցնող ընկերությունից

Ոստիկանությունը 2021թ․ հունվարին 294 միլիոն դրամի գնում է կատարել «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ից, որն անցնում է պետական գնումների գործընթացում թույլատրված չարաշահումների դեպքով հարուցված քրեական գործով, իսկ պետությանը պատճառված գույքային վնասի չափը գնահատվել է 60 միլիոն դրամ։

Ըստ ֆինանսների նախարարության armeps.am համակարգի՝ 2021թ․ հունվարի 18-ին ոստիկանության և «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով ընկերությունը պարտավորվել է մինչև այս տարվա դեկտեմբերի 20-ը 294 միլիոն դրամի դիմաց տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ մատակարարել։ Ընկերության անունից գնման պայմանագրերը կնքել է տնօրեն Դավիթ Իսրայելյանը։ Այդ մրցույթին «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ից բացի մասնակցել է նաև «Զնակ Ստանդարտ» ՍՊԸ-ն, որի գնային առաջարկը 1 մլն դրամով է գերազանցել «Բիլլ Սթոունի» առաջարկին։

347 մլն դրամի մեկ այլ պայմանագիր էլ «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ի և ոստիկանության միջև կնքվել է 2020թ․ սկզբին։ Ընկերությունը համագործակցության փորձ ունի նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների հետ։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2005թ․ նոյեմբերի 23-ին։ Հիմնադիրները Լիանա Սահակյանն ու Լարիսա Վարդանյանն են, սակայն երեք տարի անց նրանք դուրս են եկել ընկերությունից և 2008-2013թթ․ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականտերը դարձել է Ռուսաստանի քաղաքացի Անդրեյ Իգոնինը։ 

2013թ․ դեկտեմբերի 26-ից ընկերության 70% բաժնեմասը պատկանում է Շվեյցարիայում գրանցված «Ատլաս Ինտերնացիոնալ Հոլդինգ AG» բաժնետիրական ընկերությանը, իսկ 30%-ը «Արտ-Լար Ֆինանս ընդ Ըքաութինգ» ՍՊԸ-ին, որի 48% բաժնեմասը նույնպես պատկանում է այդ շվեյցարական ընկերությանը, իսկ 52%-ը՝ Լարիսա Անանյանին։

«Բիլլ Սթոուն»-ի 70% բաժնետեր «Ատլաս Ինտերնացիոնալ Հոլդինգ AG» բաժնետիրական ընկերությունը ինչպես արդեն նշեցինք, գրանցված է Շվեյցարիայում։ Ընկերության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ընկերության տնօրենների խորհրդի նախագահը Արթուր Կոնրադն է, ֆինանսական տնօրենը՝ Ֆիլիպ Կոնրադը, իսկ գործադիր տնօրենը՝ Յուրի Ժիլինը։ Ընկերությունը ներկայացուցչություններ ունի նաև մի շարք այլ երկրներում։ Օրինակ՝ Ռուսաստանի ներկայացուցչության ղեկավարը նույն Անդրեյ Իգոնինն է, որը ժամանակին եղել է «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ի միակ սեփականատերը։ Հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը, ըստ «Ատլաս Ինտերնացիոնալ Հոլդինգ AG» ընկերության պաշտոնական կայքի, Դավիթ Իսրայելյանն է՝ «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ի տնօրենը։

«Ատլաս Ինտերնացիոնալ Հոլդինգ AG» բաժնետիրական ընկերությունը զբաղվում է ճանապարհային անվտանգության տեխնոլոգիաների, ճանապարհային նշանների, տեսանկարահանող սարքերի և հաշվառման համարանիշների արտադրությամբ։

2019 թվականին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) ուսումնասիրություն է կատարել ոստիկանության գնումներում, մասնավորապես՝ ավտոմեքենաների հաշվառման համարանիշների գնման գործընթացում, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ի միջև կատարված գործարքներում։ Հայտանաբերած չարաշահումների մասին տեղեկանքը ՊՎԾ-ն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 310–րդ (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։

2019թ․ նոյեմբերի 21-ին ՀՔԾ հաղորդագրություն տարածեց, որտեղից պարզ դարձավ, որ գնումների գործընթացին միջամտել է ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը։ Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի՝ Արթուր Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, համաձայնեցված գործողություններով սահմանափակել է ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջև մրցակցությունը, կատարել նպատակաուղղված գործողություններ ընկերություներից մեկի մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ` այդ կերպ ապահովելով երկրորդ ընկերության մենաշնորհային դիրքը ՀՀ շուկայում և նպաստելով վերջինիս կողմից սահմանված խտրական գները պահպանելուն, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս: 

ՊՎԾ-ի 2019թ․ առաջին կիսամյակի հաշտվեվության մեջ ասվում է, որ 2008 թվականից հիշյալ գնումներում միշտ հաղթող է ճանաչվել «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ն, չնայած որ ֆինանսների նախարարության armeps.am համակարգում պայմանագրերը հրապարակվել են 2017 թվականից։

Ըստ ՊՎԾ-ի 2019թ․ տարեկան հաշվետվության՝ «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ն տարիներ շարունակ ոստիկանության կազմակերպած գնման ընթացակարգերում ներկայացրել է գնման առարկայի նախահաշվային արժեքին հավասար գնային առաջարկներ, սակայն երբ 2019թ․ կազմակերպած երկու մրցույթներում մեկ այլ ընկերություն ներկայացրել է ավելի ցածր գնային առաջարակ, «Բիլլ Սթոունը» շարունակել է ներկայացնել նախահաշվային արժեքին գրեթե հավասար գնային առաջարկներ:

«ՊՎԾ-ի կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացված ուսումնասիրությամբ պայմանավորված՝ հաշվառման համարանիշերի գնման գործընթացը կազմակերպվել է մրցակցության հավասար պայմաններում և «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ն ներկայացրել է շուրջ 40%-ով ցածր գնային առաջարկ (նախկինում՝ 2015 թվականից սկսած, ներկայացնում էր մեկ հատի համար 2 190 ՀՀ դրամ, իսկ այժմ՝ 1314 ՀՀ դրամ), ինչը ենթադրում է, որ նախկինում ևս նշված ընկերությունը կարող էր ներկայացնել ցածր գնային առաջարկներ․․․արդյունքում, ՊՎԾ-ի ուսումնասիրությունից հետո ոստիկանության կողմից կազմակերպված միայն տվյալ ընթացակարգի շրջանակներում ՀՀ պետական բյուջեն տնտեսել է շուրջ 146 մլն դրամ»,- ասվում է ՊՎԾ հաշվետվությունում։

Պարզելու համար, թե ինչ փուլում է գտնվում 2019թ․ նոյեմբերին հարուցված քրեական գործը, գրավոր հարցում ուղարկեցինք Հատուկ քննչական ծառայություն։ ՀՔԾ-ից հայտնեցին, որ գործը դեռևս գտնվում է նախաքննության փուլում, իսկ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 3 անձ, որոնցից մեկը Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արթուր Տոնոյանն է, իսկ մյուս երկուսը «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ի ներկայացուցիչներից են, սակայն թե կոնկրետ ովքեր են նրանք, ՀՔԾ-ն չի հայտնել։ ՀՔԾ-ն տեղեկացրել է նաև, որ պաշտոնեական հանցագործությունների հետևանքով պետության օրինական շահերին պատճառված գույքային վնասի չափը կազմում է ավելի քան 60 մլն դրամ:

Ընթերցեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter