HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իմ մեջ մեռնում էի, սպանվում էի, բայց ասում էի՝ էդ ցավը մեզ պիտի չտապալի, չխեղդի». գնդերեց

44-օրյա պատերազմի ընթացքում Եռաբլուրում հուղարկավորության արարողությունից հետո պատվո պահակային վաշտի տղաները վերադառնում էին զորամաս հոգնած եւ ծանրացած մտքերով։ Մեկն, օրինակ, ասում էր, թե հուղարկավորության ժամանակ պատկերացնում էր, որ ինքն էր զոհվածի փոխարեն պառկած, մյուսն ասում էր՝ երբ նայում էր որդեկորույս մորը, թվում էր՝ իր մայրն է լացում։

Զորամասի գնդերեց Նարեկ սարկավագ Թորգոմյանը տղաների հետ Եռաբլուրում մասնակցում էր հուղարկավորություններին։ Նա, սակայն, պատասխանատու էր 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներին հոգեբանորեն օգնելու համար, որպեսզի ամենօրյա ողբերգությունը, որին ականատես են լինում տղաները, չկուտակվի նրանց մեջ։ Դա է նաեւ պատճառը, որ երբ ՊՊՎ-ի տղաներին հարցրեցի, թե հոգեբանորեն ինչպես են հաղթահարում, Նարեկ սարկավագ Թորգոմյանի անունը տվեցին՝ ասելով, որ սարկավագն է շատ օգնում։

«Էդ նույն ապրումը ես էլ ունեի, ու դժվար էր նույն ապրումից դուրս գալ եւ ստիպել դիմացինիդ, որ չտանի այն։ Հոգեբանորեն էլ դժվար է՝ դու էդ ցավի մեջ ես, դիմացինդ՝ նույնպես, եւ նա քեզնից օգնություն է խնդրում»,- ասում է գնդերեց Նարեկ սարկավագ Թորգոմյանը։

Երբ Եռաբլուրում ծանր օրվանից հետո պատվո պահակայինի զինվորներին տեղափոխող ավտոբուսը մոտենում էր զորամասին, գնդերեցը միանգամից փոխում էր մթնոլորտը՝ ցրելով տղաների մտքերը։ «Իմ մեջ մեռնում էի, սպանվում էի, բայց ասում էի՝ էդ ցավը մեզ պիտի չտապալի, չխեղդի։ Ասում էի՝ ճիշտ է, մեր ցավը մեծ է, բայց մենք այնքան ուժեղ պետք է լինենք, որ այն չտապալի մեզ»,- նշում է հոգեւոր սպասավորը։

2020 թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան Նարեկ սարկավագը պատրաստվում էր պատարագի մասնակցել, երբ լսեց պատերազմի լուրը։ Զորամաս էր գնացել: Այդտեղ ամեն մեկն իր գործն ուներ, իսկ իր դեպքում այն անկանոն էր։ Հաճախ զենք էր բաժանում մյուսների հետ հավասար, պահեստներում օգնում։ Պատերազմի լուրը լսելուց հետո ցանկանում էր մեկնել Արցախ, սակայն զորամասի հրամանատարությունն ասել էր, որ իր կարիքը կա զորամասում։

Նարեկ սարկավագը 2018 թ. հունվարին էր զորակոչվել բանակ։ Ծառայել է Արցախում՝ Մարտունիում։ Հոգեւորականները, ինչպես ժամկետային զինծառայողները, երկու տարով են ծառայում, բայց գնդերեցի հաստիքով։ «Միակ գնդերեցն եմ, որի զինգրքույկում գրված է՝ մարտական հերթապահություն իրականացրած գնդերեց։ Զինվորներին հավասար գնում էի դիրքեր»,- նկատում է սարկավագը։

Ասում է, որ այն ժամանակ զորամասի հրամանատարի նախաձեռնությամբ ժամանակ առ ժամանակ հրամկազմը մեկ օրով փոխարինում էր մարտական դիրքի զինվորներին՝ նրանց հանգստանալու հնարավորություն տալով։ Հրամանատարական կազմի հետ մարտական դիրքում հերթապահություն էր իրականացնում նաեւ Նարեկ սարկավագը։ Բացի դրանից՝ հաճախ էր այցելում դիրքեր։ «Որ դիրքում էի լինում, զինվորներն ասում էին՝ Աստված մեզ հետ ա, կարանք քնենք։ Ասում էի՝ չհասկացա, որ ես էստեղ չեմ, նշանակում է, որ Աստված ձեզ հետ չի՞, հակառակը՝ միշտ իմացեք, որ Աստված ձեզ հետ է»,- ժպիտով հիշում է գնդերեցը։

Ասում է՝ սահմանին կանգնած զինվորի հոգեբանությունն ուրիշ է։ Դիրքերում կանգնած զինվորը դեպի հոգեւորը ներքին մղում ունի, ու տղաները բոլոր դիրքերում փոքր աղոթատեղի, մատուռ էին կառուցել։ Սարկավագը պատմում է, որ դիրքերից մեկն այնպիսի տեղում էր, որ ավելորդ շինություն կառուցելու հնարավորություն չկար։ Կա՛մ դա թշնամու դիտարկման տակ պիտի անեին, կա՛մ գետնատնակը՝ բլինդաժը, պիտի քանդեին։ Զինվորները ելքը գտել էին՝ հողը փորել էին, մտել մեջը, այնտեղ խաչքար պատրաստել։ «Ես էդպիսի խաչքար չեմ տեսել։ Էդ հողի վրա ոնց էին կառուցել, հետո էդ փխրուն հողը ոնց էր պահել։ Միշտ Դավիթ Սաղմոսերգուի սաղմոսներն էի իրենց ասում, որ եթե Տերը չշինի տունը, իզուր տեղն են չարչարվում տուն շինողները։ Եվ եթե Տերը չպահի քաղաքը, իզուր տեղն են արթուն մնում քաղաքի պահապանները։ Ասում էի՝ իմացեք, որ Աստված ձեզ հետ հավասար պահում է այդ սահմանները»,- ասում է գնդերեցը։

2020 թ. հունվարին զորացրվելուց հետո սարկավագը վերադարձել էր Էջմիածին։ Գեւորգյան ճեմարանում երաժշտությունն էր դասավանդում, բայց չէր հարմարվել։ Մինչեւ բանակում ծառայելը նույն առարկան դասավանդում էր Սեւանի Վազգենյան դպրանոցում, սակայն բանակի ծառայության երկու տարին փոխել էր նրան։ Հիշում է, որ անընդհատ զուգահեռներ էր անցկացնում, օրինակ՝ երբ լսարան պիտի մտներ, ժամացույցին էր նայում՝ ասելով, որ հիմա զենքի մաքրման կամ ինքնապատրաստության ժամ է եւ այլն։ Հետո զինված ուժերի հոգեւոր առաջնորդ Վրթանես սրբազանին խնդրել էր թույլատրել, որ ծառայությունը շարունակի բանակում. արձագանքը դրական էր։

Նարեկ սարկավագն ասում է՝ նույնիսկ սքեմով լուռ քայլելը զորամասի բակում լուռ քարոզ է։ Պատահել է, երբ ինչ-որ զորամաս մտնելուց լարվածություն է զգացել, եւ խոսքը միշտ օգնել է։ Գնդերեցի խոսքով՝ բանակի հոգեւոր սպասավորներն ամեն օր մի մեծ բան փոխում են՝ չիմանալով այդ մասին։ «Դրա մասին վերեւն Աստծուն է հայտնի»,- ավելացնում է նա:

2020 թ. օգոստոսից սարկավագը պատվո պահակային զորամասի գնդերեցն է։ Հոկտեմբերի 1-ից տղաների հետ Եռաբլուրում մասնակցում էր հուղարկավորություններին։ Դրանից հետո զորամասը հրաման էր ստացել օգնել ռազմաճակատ մեկնողներին՝ համազգեստ ու զենք բաժանել։ Օրական երեք անգամ, երբեմն նաեւ գիշերվա ժամը 3-ին ճանապարհում էին մեկնողներին։ Եվ ամեն ճանապարհելուց սարկավագն օրհնում էր նրանց։

«Մի դաժան իրականությունից վերադառնում էի մեկ այլ դաժան իրականություն,- ասում է սարկավագը՝ նկատի ունենալով հուղարկավորությունները,- գնում բախվում էինք դաժան իրականության, տեսնում էինք, թե ինչ է կատարվում, ծնողների լացը եւ այլն: Լինում էր այնպես, որ երեք հոգու էինք հուղարկավորում, երկուսի դագաղը բաց էր, մյուսինը՝ փակ, չէինք կարողանում էդ ծնողին հանգստացնել: Զինվորականները, ոստիկանները մոտենում էին հարազատներին հանգստացնելու, բայց չէին կարողանում։ Հետո մենք էինք մոտենում, ուղղակի խնդրում էինք, որ հիշատակն այդպես չհարգեն, թույլ տան զինվորականին, հերոսին վայել հուղարկավորություն կատարել»:

Զոհվածի հարազատների ապրումներն ամենածանրն էին հուղարկավորությանը մասնակցող սարկավագի համար։ Հիշում է, որ մի անգամ թաղմանը մայրը չէր թողնում տանել զոհված որդու աճյունը՝ ասելով, որ որդին այդ համազգեստով ուրիշ տեղ պետք է գնար, բայց ոչ այնտեղ, որտեղ պետք է տանեն։ Հոգեւորականն ասում է՝ հարազատներին հավասար հուզվում էին նաեւ իրենք։ «Ճիշտ է, արցունք չէր գալիս մեր աչքերից, բայց մեր հոգու աչքերը տանջվում էին, ու էնպիսի զգացում ունեի, որ այդ նրանք քեզ համար գնացին մեռան, բայց դու ինչ-որ բան չես կարողանում անել։ Պարտքի զգացումը միշտ տանջել է ինձ մինչեւ այսօր։ Եվ ինչ էլ անեմ, միեւնույնն է՝ կորստի ցավը չի հանգստանում»,- ասում է գնդերեցը։

Եղել են օրեր, երբ Եռաբլուրում առավոտից երեկո անցկացնելուց հետո զանգել են զորամասից, ասել, թե ճակատ մեկնողները պատրաստ են ու սպասում է հոգեւորականի խոսքին. «Ու գնում նայում ես իրենց դեմքին, որի վրա ժպիտ կա։ Իրենց աչքերի մեջ տեսնում ես, որ գիտակցված մահվան են գնում, էդ մարդկանց ի՞նչ պետք է ասել։ Եվ նաեւ էն մտածումը կար, որ երկու օր հետո կարող ես կանգնել նրանց շիրիմի մոտ»։ Մի անգամ, պատմում է, ճանապարհելուց մի կամավորական մոտեցել էր իրեն՝ խնդրելով օրհնել եւ խաչ նվիրել։ Ասում է՝ այդ պահին, որտեղից ուզում է լինի, պետք է խաչ գտնել եւ նվիրել, քոնն էլ լինի, պիտի տաս. այդ մարդիկ ներքին կանչ ունեն եւ խաչը որպես ապավեն են ուզում։

Կամավորականները միշտ ոգեւորությամբ էին մեկնում ռազմաճակատ, եւ այդ տեսարանը, ըստ Նարեկ սարկավագի, ավելի ցավեցնող էր. «Նրանք, կարծես, միայն աղոթքի էին սպասում։ Խոսում, խոսում էի, ասում էին՝ տեր հայր, լավ, մի հատ աղոթիր։ Իրենք մեծ խոսքերի կարիք չունեին, իրենք գիտակցում էին, թե ուր էին գնում։ Ասում էին՝ տնեցիներին էլ ասել ենք, որ կարող է չգանք»։

44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում գնդերեցն անցկացրել է զորամասում՝ զինվորների կողքին։ Ամեն օր խոսում էին նրանց հետ՝ փորձելով ցրել օրվա լարվածությունից առաջացած մտքերը։ «Օր չի եղել, ոչ չխոսեի իրենց հետ։ Օրինակ, կարող է գային ասեին՝ տեր հայր, տանելուց դագաղում ձեն եմ լսել, ի՞նչ է նշանակում։ Բացատրում էի, որ ուշադրություն չդարձնեն, որ մարդ կա ականի վրա պայթել է՝ մի ձեռը կամ ոտքն է մնացել, դա՝ որպես ծնողների մխիթարություն, բերում հուղարկավորում էին»,- հիշում է գնդերեցը։

«Ես իմ կյանքի ամբողջ ընթացքում այդքան չեմ աղոթել, ոնց որ 44 օրերի ընթացքում։ Անկեղծ եմ ասում»,- ասում է Նարեկ սարկավագը:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը բոլորի համար ծանր հարված էր։ Գնդերեցը նշում է, թե հնարավոր չէ այդ ցավը որեւէ կերպ բացատրել։ Բոլորը լուռ էին եւ աննկարագրելի տխուր։ Ասում է՝ նոյեմբերի 9-ը լռության օր էր զորամասում։

«Մենք մեր մեջ պիտի ուժ գտնենք։ Էս պարտությունը պետք է մեզ չթուլացնի։ Երբ տան հայրը մահանում է, որդին ավելի շատ պարտավորություն է վերցնում իր վրա, որ շենացնի տունը։ Նույնը մեր դեպքում է, էսօր մեր հայրերը, մեծ եղբայրները մահացել են, եւ մենք ոչ թե պետք է իրենց հետեւից տանենք մահվան, այլ հակառակը՝ մեր տունը պետք է շենացնենք»,- ասում է հոգեւորականը։

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter