HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց ՀԱԿ նախագահի պաշտոնում․ հայտնի է վարչության նոր կազմը (ֆոտոշարք)

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության 3-րդ համագումարում, որը տեղի ունեցավ այսօր՝ մայիսի 16-ին, պաշտոնապես չհայտարարվեց՝ ՀԱԿ-ը մասնակցելո՞ւ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ։ Այդուհանդերձ ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը կանխորոշեց, որ, այնումենայնիվ, կուսակցությունը կմասնակցի ընտրություններին։

Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ընտրություններին մասնակցելու հարցը հնչեցնելուց առաջ, դիմելով համագումարի մասնակիցներին` կատակեց․ «Նստա՞ծ եք բոլորդ, հանկարծ չընկնեք»։ Ապա ընթերցեց հարցը՝ ՀԱԿ-ն այսքանից հետո մասնակցելո՞ւ է ընտրություններին, թե ոչ։ Տեղից համագումարի մասնակիցներից մեկ-երկուսը բացականչեցին՝ այո։ Տեր-Պետրոսյանը ժպիտով արձագանքեց․ «Էս ի՞նչ այո է, ուրեմն չենք մասնակցելու։ Էսա՞ ձեր «այո»-ն»։ Համագումարի մասնակիցները միահամուռ վանկարկեցին՝ «այո», ապա ավելացրին․ «Լևոն, Լևոն»։

Տեր-Պետրոսյանը խնդրեց, որ համագումարն ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցի որոշումը պատվիրակի նորընտիր վարչությանը և հավելեց, որ եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա ինքը կգլխավորի կուսակցության ցուցակը։

«Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի համատարած կակոֆոնիայի մթնոլորտում, ինչպես մեկ անգամ արդեն ասել եմ, ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի»,- եզրափակեց ՀԱԿ առաջնորդը։

Համագումարը ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից առաջ, այնպես էլ հետո, շարունակեց վարչության անդամների և կուսակցության նախագահի ընտրության փակ գաղտնի քվերակությունը։ ՀԱԿ նախագահի միակ թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն էր, իսկ 35 անդամից բաղկացած վարչության թեկնածուները 59-ն էին։

Վարչության անդամի թեկնածու էր նաև գործող վարչության անդամ, Ներքին գործերի նախկին նախարար, միջազգային հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանը։ Նա նաև գործող վարչության կազմում է, որի և՛ թեկնածությունը, և՛ գործող վարչության կազմում լինելը խորհրդանշական բնույթ ունի։

Համագումարի անդամների քվեարկությամբ Լևոն Տեր–Պետրոսյանը վերընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում, ընտրվեց վարչության նոր կազմը։ Նոր վարչությունում չկան ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, Նիկոլ Փաշինյանի մամուլի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, Արշակ Մուսախանյանը, Արեգ Գևորգյանը և այլք։ Այս անձինք վարչության անդամի թեկնածուների շարքում չէին։

Առաջիկա օրերին նորընտրիր վարչությունը նիստ կգումարի, կընտրի կուսակցության փոխնախագահներին։ Դրանից հետո ՀԱԿ–ի վարչությունը որոշում կկայացնի՝ մասնակցել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter