HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Լավրով․ «Պատրաստ ենք աջակցել Հայաստանին և Ադրբեջանին սահմանազատման և սահմանագծման հարցերում»

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար (ՌԴ ԱԳՆ) Սերգեյ Լավրովը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային իրավիճակում ոչ մի պատճառ չկա «հույզեր բորբոքելու»։ Այս մասին ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասել է այսօր՝ մայիսի 17-ին՝ հայտնելով նաև, որ «պայմանավորվածություն է ձեռք բերվել»։

«Ոչ մի կրակոց չի արձակվել, այնտեղ ոչ մի բախում չի եղել։ Նստել են, փորձել են հանգիստ պայմանավորվել, թե ինչպես իրավիճակը կարգավորեն։ Մեզ խնդրել են օգնության համար, մեր զինվորականները ցուցաբերել են այդ օգնությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ոչ մի պատճառ չեմ տեսնում այս ոչ սովորական, բայց հանգիստ կարգավորվող հարցում հույզեր բորբոքելու»,- ասել է Լավրովը Սիեռա-Լեոնեի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Խոսելով ստեղծված իրավիճակին մասին՝ Ռուսաստանի արտգործնախարարը հայտնել է նաև, որ ռուսական կողմը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին սահմանազատման աշխատանքների հարցում։ Լավրովը նշել է նաև, թե ադրբեջանական կողմը ստեղծված իրավիճակը թյուրիմացության հետևանք է համարել։

«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, ապա ադրբեջանական կողմը միջադեպից հետո հայտարարություններ է արել՝ կատարվածը բացատրելով թյուրիմացությամբ, և ամենակարևորը՝ սահմանների բացակայությամբ, որոնք սահմանազատված կամ սահմանագծված կլինեին։ Ոչ ոք երբեք դրանով չի զբաղվել, և մենք կողմերին առաջարկում ենք, որ նրանք սկսեն այդ աշխատանքները։ Մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել՝ տրամադրելով քարտեզագրական նյութեր և խորհրդատվական ծառայությունները»,- ասել է Սերգ Լավրովը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, թե այդ օրը՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Նույն օրը՝ ուշ երեկոյան, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում կառավարության ղեկավարը տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ փորձելով պարփակել Սև լիճը:

Մայիսի 13-ին էլ ՀՀ պաշտպանության նախարարությունը արդեն հայտնեց այն մասին, որ ադրբեջանական կողմը կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Այս հայտարարությանը հետևել է ՀՀ Անվտանգության խորհրդի ևս մեկ նիստ, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու համար Հայաստանը դիմում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։

Այսօր՝ մայիսի 17-ին էլ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության և ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter