HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայաստանի Հանրապետությունը խախտել է «Հետաքննող լրագրողների» արտահայտվելու ազատության իրավունքը. ՄԻԵԴ-ի վճիռը

Այսօր՝ մայիսի 18-ին, Եվրոպական դատարանը, դիմումից 10 տարի անց, հրապարակել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով վճիռը՝ արձանագրելով, որ պետությունը խախտել է լրատվամիջոցի արտահայտվելու ազատության իրավունքը: Հայաստանի կառավարությունը երեք ամսվա ընթացքում կազմակերպությանը պետք է վճարի 1500 եվրո` կատարած ծախսերի համար: 

Հիշեցնենք, որ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի «Հետք» թերթի 2008թ. մայիսի 5-ի համարում հոդված էր հրապարակվել՝ «Ում գրպանն են մտնում ավազահանքի փողերը» վերնագրով: Նույն հոդվածը տպագրվել էր նաև «Ազգ» օրաթերթի 2008թ.-ի մայիսի 20-ի ներդիրում: Լրագրողը ներկայացրել էր Իջեւանի հարավային մուտքի մոտ, Աղստև գետի վրա գտնվող «Սպիտակ ջուր» ջրամբարից ավազի ապօրինի արդյունահանման վերաբերյալ փաստեր, որտեղ շոշափվում էր այդ ժամանակվա քաղաքապետի՝ Վարուժան Ներսիսյանի անունը: Հետագայում հրապարակվել էր ևս մեկ նյութ՝ «Երեք հանձնաժողովները «կտեսնե՞ն» ջրամբարի ավազի անօրինական շահագործումը» վերնագրով, ինչից քաղաքապետը ևս վիրավորվել էր:

Լրագրողն իր ունեցած տեղեկությունները ստուգել էր տեղում, լուսանկարել էր ավազի արդյունահանման և տեղափոխման գործընթացը, խոսել ջրամբարում աշխատող բանվորների հետ, ապա փորձել էր գրավոր հարցումներով ստանալ պաշտոնական մեկնաբանություններ: 

«Սպիտակ ջուրը» 1997թ. կառավարության որոշմամբ սահմանվել է իբրև Իջևանի համայնքային սեփականություն: Բայց ջրամբարի համար պատասխանատու Իջևանի քաղաքապետարանը ջրամբարի պատկանելության, ջրամբարի ավազն օգտագործելու իրավունքի եւ դրա համար մուծվող հարկերի մասին «Հետքի» հարցն անպատասխան էր թողել: Այդ ժամանակ Բնապահպանության նախարարությունը հայտնել էր, թե ջրամբարի ավազի օգտագործման իրավունքը որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի տրված չէ, քանի որ նշված տարածքում պաշարների ուսումնասիրություն կատարված չէ, և լիցենզիայի պայմանագիր կնքված չէ: Դատախազությունն էլ հոդվածում հրապարակված փաստերը ստուգելու փոխարեն հարցում էր կատարել Իջևանի քաղաքապետարան և «պարզել», որ լճի ավազանից քաղաքապետարանի այգու տարածքի հարթեցման համար տեղափոխվել է միայն տիղմը` փաստորեն «հերքելով» ավազի արդյունահանման ակնհայտ փաստը: 

2008թ.-ի հունիսի 18-ին Իջևանի քաղաքապետարանը «Պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու և վնասի հատուցման պահանջների մասին» հայցադիմում էր ներկայացրել Երեւանի Քաղաքացիական դատարան` պահանջելով պարտավորեցնել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին հերքելու Իջևանի քաղաքապետարանի դեմ հրապարակված անհիմն տեղեկությունները և քաղաքապետ Վ. Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող լուրերը: Որպես փաստաբանի վարձատրության գումար քաղաքապետը պահանջել էր 930 հազար դրամ:

Երկու տարուց ավելի տևած դատավարության ընթացքում ջանում էին ապացուցել, որ «Սպիտակ լիճ» արհեստական ջրամբարը քաղաքի հաշվեկշռում չէ, չնայած այդ մասին կար Կառավարության որոշում, և որ ջրամբարը որպես ավազահանք շահագործողը Վարուժան Ներսիսյանը չէ

Վարուժան Ներսիսյանի՝ քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո «Սպիտակ լիճ» ջրամբարը, որը 40 տարով վարձակալության էր տրվել մասնավոր ընկերության, Վճռաբեկ դատարանի 2014թ. փետրվարի 19-ի որոշումով վերադարձվել է քաղաքապետարանին:

Նշենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 10.07.2009թ. վճռով հայցը մերժվել էր: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2009 թվականի որոշմամբ վճիռը բեկանել, և գործն ուղարկվել էր նոր քննության: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 09.07.2010թ. վճռով հայցը բավարարվել էր:

Վերաքննիչ քաղաքացիական 27.12.2010թ. որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել և փոփոխվել էր  դատարանի 09.07.2010թ. վճիռը, Կազմակերպությունից հօգուտ քաղաքապետարանի 930.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի ծախս բռնագանձելու պահանջի մասով հայցը բավարարվել է մասնակիորեն`450.000 ՀՀ դրամի մասով: Վճռաբեկ դատարանը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի բողոքը վերադարձրել է:

Ներպետական ատյանները արտահայտվելու ազատության իրավունքը ստորադասել են քաղաքապետի հեղինակությանը. ՄԻԵԴ-ի հիմնավորումները

Եվրոպական դատարանում գործի քննության ընթացքում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը պնդել է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (Արտահայտվելու ազատություն) խախտում տեղի չի ունեցել: Միջամտությունը սահմանված է եղել օրենքով, այն է` Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածով: 

Կառավարության դիրքորոշման համաձայն՝ միջամտությունը հետապնդել է օրինական նպատակ` Իջևանի քաղաքապետի հեղինակության պաշտպանություն և քաղաքապետարանի լիազորությունների պահպանում և գործարար համբավի պաշտպանություն: Բացի այդ, ներկայացուցիչը նշել է, որ միջամտությունն անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում: Որպես հիմնավորում կառավարության ներկայացուցիչը նշել է, թե քննարկվող հոդվածը Իջևանի քաղաքապետին մատնանշել էր որպես ավազի ապօրինի արդյունահանման պատասխանատու, մինչդեռ լրատվամիջոցը չի ներկայացրել որևէ ապացույց կամ փաստական ​​հանգամանք այդ պնդման հաստատման համար: 

Կառավարության դիտարկմամբ, չնայած հոդվածը բարձրացնում էր հասարակության մտահոգությունը, և քաղաքապետը, որպես հասարակական գործիչ, ենթարկվում է ընդունելի քննադատության ավելի լայն սահմանների, սակայն դա չի նշանակում, որ քաղաքական գործիչները չպետք է հնարավորություն ունենան պաշտպանվելու, երբ նրանց վերաբերյալ հրապարակումները սխալ են և մոլորեցնում են հասարակությանը: 

ՄԻԵԴ-ը շեշտել է, որ դիմումատու կազմակերպությունը, լինելով ոչ կառավարական կազմակերպություն, որի նպատակն է խթանել և ամրապնդել հետաքննական լրագրությունը, քաղաքացիական պատասխանատվության է ենթարկվել թերթում և իր կայքում տպագրված հոդվածի համար: Հետևաբար, միջամտությունը պետք է դիտարկվի ազատ մամուլի էական դերի համատեքստում՝ ժողովրդավարական հասարակության պատշաճ գործունեությունն ապահովելու գործում:

ՄԻԵԴ-ը նշել է, որ ներպետական ​​դատարանները սահմանափակվել են միայն այն հանգամանքով, որ վիճարկվող հրապարակումը խաթարել է քաղաքապետի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը: 

Դատարանները հաշվի չեն առել կազմակերպության դիրքը՝ որպես հետաքննական լրագրությամբ զբաղվող ՀԿ, և նրա կողմից բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը: Հաշվի չեն առել քաղաքապետի անձը՝ որպես ընտրված պաշտոնյա, հոդվածը տպագրելու հարցում կազմակերպության կողմից հետապնդվող նպատակը, վիճարկվող հոդվածում հանրային հետաքրքրություն ներկայացնող կամ ընդհանուր մտահոգության խնդրի առկայությունը և քաղաքապետի ենթադրաբար կոռուպցիոն գործելակերպի վերաբերյալ տեղեկատվության կարևորությունը: 

«Ներպետական դատարանները չկարողացան ուշադրություն դարձնել այն էական գործառույթին, որը մամուլն իրականացնում է ժողովրդավարական հասարակությունում»,-նշել է ՄԻԵԴ-ը:

ՄԻԵԴ-ն արձանագրել է նաև, որ ներպետական դատարանները փորձ չեն արել տարանջատել փաստերն ու գնահատողական դատողությունները, կարծիքները, ինչն էլ հանգեցրել է նրան, որ դրանք պետք է ապացուցվեն կազմակերպության կողմից:

Ավելին, ներպետական վճիռներում չկա որևէ ապացույց, որ դատարանները հավասարակշռություն են իրականացրել հայցվորի հեղինակությունը պաշտպանելու անհրաժեշտության և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ մամուլի արտահայտվելու իրավունքի միջև: ՄԻԵԴ-ի դիտարկմամբ՝ ներպետական ատյանները չեն կարողացել հավասարակշռել երկու մրցակցային շահերը և իրենց վերլուծությունը սահմանափակել են միայն քաղաքապետի հեղինակությանը վնաս հասցնելու հարցի քննարկմամբ և փոխհատուցմամբ՝ ստորադասելով արտահայտվելու ազատության իրավունքը:

Վերոնշյալ տարրերը ՄԻԵԴ-ին հանգեցրել են այն եզրակացության, որ ներպետական դատարանների հիմնավորումները դիմումատու կազմակերպության 10-րդ հոդվածի իրավունքներին միջամտությունն արդարացնելու համար «կարևոր և բավարար» չէին: Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում:

Հավելենք, որ «Հետքի» շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է փաստաբան Վահե Գրիգորյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter