HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Լավրովն առաջարկում է հայ-ադրբեջանական հանձնաժողով ստեղծել սահմանային աշխատանքների համար

Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում առաջարկել է Երևանին և Բաքվին օգնություն ցուցաբերել սահմանային իրավիճակում և սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների համար ստեղծել հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Տաջիկստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո։

«Երեկ մենք արդեն ոչ պաշտոնական ռեժիմով սկսել ենք ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքը։ Մենք դիտարկել ենք մեր հայ գործընկերների խնդրանքը և այդ խնդրանքին համապատասխան՝ քննարկել ենք Երևանի և Բաքվի հարաբերություններում ստեղված իրավիճակը։ Կողմերի հետ նախնական պայմանավորվածության համաձայն՝ ՌԴ-ն օգնություն է առաջարկել սահմանազատման և սաահմանագծման աշխատանքների մեկնարկի համար՝ հանդես գալով այդ նպատակի համար հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որում Ռուսաստանը կկարողանա մասնակցել խորհրդատուի կարգավիճակով, եթե ցանկանում եք՝ միջնորդի»,- ասել է Լավրովը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է նաև, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը լուծելու հարցում Մոսկվայի ներդրած ջանքերի մասին տեղեկացրել են այլ պետություններին։

***

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, թե այդ օրը՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Նույն օրը՝ ուշ երեկոյան, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում կառավարության ղեկավարը տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ փորձելով պարփակել Սև լիճը:

Մայիսի 13-ին էլ ՀՀ պաշտպանության նախարարությունը արդեն հայտնեց այն մասին, որ ադրբեջանական կողմը կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Այս հայտարարությանը հետևել է ՀՀ Անվտանգության խորհրդի ևս մեկ նիստ, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու համար Հայաստանը դիմում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։

Մայիսի 17-ին էլ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության և ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում։

Մայիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ եթե ողջամիտ ժամկետներում Ադրբեջանի զինված ուժերը չհեռանան իրենց ելման դիրքեր, ապա ՀՀ զինված ուժերը իրենց իրավունք են վերապահում հարցը լուծել ուժային տարբերակով։

Այսօր՝ մայիսի 19-ին էլ ՊՆ-ն հայտնել է, որ սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։ Ավելին՝ նախորդ երկու օրերին ՀՀ զինված ուժերի հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում՝ իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, որպես իրադրության՝ իրենց համար խելամիտ լուծում թողնելով բացառապես վերադարձը ելման դիրքեր։

ՊՆ-ի փոխանցմամբ՝ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են։

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանություններ (1)

Vahe Ohanian
Absolutly nothing should be discussed without the release of Armenian captives and the removal of Azeris off of Armenian historical lands including all the way to Baku.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter