HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանների մուտքերը շրջափակելու օրը Դավիթ Բալայանի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրգործ չհարուցելու որոշումը վերացվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, քիչ առաջ բավարարեց դատարանների մուտքերը շրջափակելու օրը՝ 2019 թվականի մայիսի 20-ին դատավոր Դավիթ Բալայանի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ փաստաբան Հրանտ Անանյանի բողոքը: Այսինքն՝ դեպքի առթիվ քրեական գործ չհարուցելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության որոշումը վերացվեց։

Հիշեցնենք, որ ուղիղ երկու տարի առաջ՝ 2019 թվականի մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին հետևելով, մի շարք քաղաքացիներ, որոնց թվում նաև պաշտոնատար անձինք, պատգամավորներ, շրջափակել էին դատարանների մուտքերը։ Դրանից երկու օր առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշել էր ազատ արձակել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Մայիսի 20-ին դատավոր Դավիթ Բալայանը գնացել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, որտեղ աշխատում է և փորձել մուտք գործել դատարան: Շենքի դիմաց հավաքված քաղաքացիները, սակայն, նրան թույլ չեն տվել ներս մտնել դատարանի մուտքից, որից հետո Բալայանը փորձել է պատուհանից ներս մտնել: Քաղաքացիները սա ևս թույլ չեն տվել, առաջացած քաշքշուկի հետևանքով Բալայանը սայթաքել ու վայր է ընկել։

Դեպքի առթիվ փաստաբան Հրանտ Անանյանը հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել: Ըստ Անանյանի՝ համացանցում տարածված տեսանյութերը պարունակում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հանցագործության հատկանիշներ։ Նույն օրվա իրադարձությունների առթի ևս 5 այլ հաղորդում է ներկայացվել Դատախազություն, և ստացված նյութերն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ-ն, բոլորը հաղորդումները քննել է մեկ վարույթում և որոշել մերժել քրեական գործի հարուցումը։ Այս որոշումը Հրանտ Անանյանը բողոքարկել է դատախազին, սակայն դատախազը անփոփոխ է թողել ՀՔԾ քննիչի որոշումը, ինչից հետո  Անանյանն օրենքով սահմանված կարգով դիմել է դատարան: Հատկանշական է, որ Անանյանը չի հանդիսանում դատավոր Դավիթ Բալայանի փաստաբանը, Անանյանն այս գործընթացը սկսել է սեփական նախաձեռնությամբ:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայության՝ քրեական գործ չհարուցելու մասին որոշումը բողոքարկել է նաև մեկ այլ փաստաբանի՝ Լևոն Սահակյանը։ Այդ բողոքը քննել է դատավոր Մեսրոպ Մակյանն ու որոշել  մերժել այն։ Դատավոր Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ հարցում է ուղարկվել դատավոր Մակյանին՝ պարզելու համար, թե արդյոոք վերջինիս որոշումը մտե՞լ է օրինական ուժի մեջ, և ստացվել է պատասխան այն մասին, որ Մակյանի որոշումը չի բողոքարկվել, օրինական ուժի մեջ է մտել։

Նախորդ դատական նիստերի ընթացքում քննարկման առարկա է դարձել հարցը, թե արդյոք չի՞ ստացվում, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին վարույթն իրականացնող մարմնի միևնույն որոշումն, ըստ էության, երկրորդ անգամ է դատական ստուգման ենթարկվում, արդյոք այդ հանգամանքը  խոչընդոտ չէ՞ նոր դատական ակտ կայացնելու համար։ Փաստաբան Անանյանը պնդել է, որ դատավոր Մեսրոպ Մակյանի որոշումը չի կարող ելակետային լինել, և որ քրեական գործ չհարուցելու մասին որոշումը բողոքարկելու իրավունք ունի նաև ինքը։ Անանյանը նաև նշել է, որ դատական պրոցեսին, որի շրջանակներում դատավոր Մեսրոպ Մակյանը մերժել է քրեական գործ չհարուցելու որոշման դեմ Լևոն Սահակյանի բողոքը, ինքն անգամ մասնակից չի եղել, իր փաստարկները չեն լսվել։ Այսօր վերջինս պնդեց իր դիրքորոշումը։

Այսօր դատական նիստին դատավարության մասնակիցներից միայն Հրանտ Անանյանն էր ներկայացել, քննիչն ու դատախազը ներկա չէին, վերջիններս նախորդ դատական նիստերի ընթացքում արդեն հայտնել էին իրենց դիրքորոշումները, ուստի Անանյանի դիրքորոշումը լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, և շուրջ 30 րոպե անց հրապարակեց բողոքը բավարարելու վերաբերյալ որոշումը։

Մեզ հետ զրույցում Հրանտ Անանյանը նշեց, որ հետևողական է լինելու գործի քննությանը։

Լուսանկարում՝ դատավոր Դավիթ Բալայանը

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter