
Փաշինյանը պնդում է` հրապարակված փաստաթուղթը միակն է, և չկա որևէ հավելված
Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն Հայաստանի տարածքը` առանց նախապայմանների:
Խորհրդարանի արտահերթ նիստում նման համոզմունք հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի գնահատականը շարունակում է մնալ այն, որ մայիսի 12-ից մեկնարկած Ադրբեջանի նախահարձակ գործողությունները Հայաստանի սահմանների նկատմամբ նպատակ ունեն ռազմական բախում հրահրել Սյունիքի մարզի ամենանեղ հատվածում և շղթայական ռեակցիայով ռազմական գործողությունները տեղափոխել Հայաստանի տարածքի խորքային հատվածներ:
Փաշինյանը կառավարության միասնական աշխատանքը բարձր գնահատեց` ընդգծելով, որ իրենց գործադրած ջանքերի արդյունքում է, որ միջազգային հանրության մոտ կա կոնսենսուս, որ Ադրբեջանի զինված ուժերի գործողություններն ապօրինի են, և վերջիններս պետք է լքեն Հայաստանի տարածքը: Կառավարության ղեկավարը ողջունեց նաև Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցով` նշելով, որ ընդունումից րոպեներ առաջ բանաձևում փոփոխություն է արվել և լրացում կատարվել՝ ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականության:
Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ` վերջին միջադեպից հետո առաջարկ է հնչել ձևավորել եռակողմ հանձնաժողով, որը կզբաղվի նման հարցերի կարգավորմամբ: Վերջինս պնդեց` աշխատանքային փաստաթուղթը չի հրապարակել՝ համարելով ոչ կոռեկտ, սակայն, քանի որ հրապարակվել է ընդդիմության կողմից` ասաց, որ այն միակ ու եզակի փաստաթուղթն է, չկա որևէ այլ հավելված, ինչի մասին խոսվում է: Փաշինյանը նաև նկատեց` հանձնաժողովի միջոցով հարցերի կարգավորումը նոր չէ, այդ մասին խոսել է թե՛ խորհրդարանում, թե՛ անվտանգության խորհրդի նիստում:
Ըստ Փաշինյանի` հայկական կողմի դիրքորոշումը եղել է այն, որ հանձնաժողովը պետք է ձևավորվի երբ ադրբեջանցիները դուրս գան Հայաստանի տարածքից։
Փաշինյանը հեգնեց ընդդիմախոսների մեղադրանքներն այն հարցում, թե ժողովրդի թիկունքի հետևում բանակցություններ է վարում` ասելով, թե աշխատանքային քննարկումը հանրայնացնելը նույնն է, ինչ հանրայնացնել ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցը: Փաշինյանն ընդգծեց` դա էլ պատրաստ է հանրայնացնել, պարզապես անլուրջ կդիտվի: Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաև այն քնարկումներից, թե ԱԳՆ-ն այդ փաստաթղթից տեղյակ չէ` պնդելով, որ փաստաթուղթն իր մոտ հայտնվել է ԱԳՆ-ի խողովակներով:
Փաշինյանը մեղադրեց որոշ ընդդիմադիրների` պնդելով, որ վերջիններս ամեն ինչ անում են, որ ադրբեջանական զորքը հետ չքաշվի Հայաստանի տարածքից: Նա նաև համոզմունք հայտնեց, որ փաստաթուղթն ընդդիմադիր գործիչների մոտ հայտնվել է Ադրբեջանից:
Փաշինյանը հիշեցրեց, որ դեռևս նոյեմբերին ՀՀ-ում ստեղծվել է սահմանազատման հարցերով միչգերատեսչական հանձնաժողով, որը ղեկավարում է ԱԳ փոխնախարարը:
Անդրադառնալով Վարդենիսի հայտնի միջադեպին, որի իսկությունը ՊՆ-ն նախ հերքեց, ապա հաստատեց, Փաշինյանն ասաց, որ չնայած հրազեն չի կիրառվել, սակայն սահմանի ամբողջ երկայնքով զանգվածային ծեծկռտուք է եղել հայ և ադրբեջանցի զինվորների միջև:
«Հիմա ասում են` ՊՆ-ն ինչի հերքեց, հետո հաստատեց, գիտեք թե ՊՆ-ում զեկուցո՞ւմ են, որ մեզ վրա հարձակվեցին, մենք փախանք․․․․ ասում են դեպք եղավ, բայց լուծեցինք: Ադրբեջանը երկու ժամանոց միջադեպից երկու րոպե կտրում է ու տալիս իր գործակալներին, նրանք էլ տարածում են»,- ասաց նա:
Մեկնաբանել