HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Պատասխանատվության մեխանիզմներ չկան»․ Արցախի ՄԻՊ-ը՝ ադրբեջանցիների արձակած կրակոցների մասին

Արցախի բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակոցներ արձակելու դեպքերի հետ կապված մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ չկան։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Գեղամ Ստեփանյանը։ 

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի զինված ուժերը կրակոցներ էին արձակել Ասկերանի շրջանի Շոշ գյուղի մոտակայքում հայկական դիրքերի թիկունքում, էքսկավատորով ինժեներական աշխատանքներ իրականացնող քաղաքացու վրա, որը Մարտունու շրջանի Սոս գյուղի բնակիչ է։ Վերջինս վնասվածքներ էր ստացել կոտրված ապակիներից։

Գեղամ Ստեփանյանը տեղեկացրեց, որ վարորդի վնասվածքները, բարեբախտաբար, լուրջ չեն եղել, միայն թեթև բուժօգնություն է ստացել, և այժմ իրեն լավ է զգում։ 

Ադրբեջանական կողմի արձակած կրակոցները դադարեցվել են միայն ռուս խաղաղապահների միջամտությունից հետո։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծեց նմանատիպ իրավիճակներում պատասխանատվության մեխանիզմների բացակայությունը։

«Հարցի քննությամբ հիմա մեր ռազմական քննչականն է զբաղվում, բայց իրականում մեղավորներին պատասխանտվության ենթարկելու որևէ մեխանիզմ առկա չէ, և քանի որ նման միջադեպերն արդեն հաճախակի են լինում և սա լուրջ սպառնալիք է մեր ժողովրդի կյանքի և առողջության համար, անհրաժեշտ է ինչ-որ մեթոդներ մշակել, թեկուզ եթե մեր հավաքագրած նյութերը տրամադրենք թե՛ ռուս խաղաղապահներին, թե՛ ադրբեջանական կողմին, որով հնարավոր կլինի պատասխանատվության ենթարկել միջադեպերի հեղինակներին։ Նույնը նաև մեր դեպքում, այսինքն՝ եթե խախտումը մեր կողմից լինի, մենք զբաղվենք էդ հարցով և պատասխանատվության ենթարկենք մեղավորներին»,- ասաց Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով, որ այսպիսի իրավիճակները կանխելու համար այլ տարբերակ չի տեսնում։

Արցախի օմբուդսմենը նշեց, որ երբ ռուս խաղաղապահները տեղեկանում են այս միջադեպերի մասին, դրա վերաբերյալ հայտնում են ադրբեջանական կողմին և պայմանավորվածություն են ձեռք բերում, որ այլևս չկրկնվեն նմանատիպ դեպքերը, սակայն, ինչպես ասաց Գեղամ Ստեփանյանը, փորձը ցույց է տվել, որ կրակոցները, որոնք հիմնականում արձակվում են Շուշիից, չեն դադարում և սովորական են դարձել արցախցիների համար, ուստի նա առաջարկում է, որ եթե եռակողմ ձևաչափ հնարավոր չէ կազմել, ապա գոնե անհրաժեշտ է ռուս խաղաղապահներին այս միջադեպերը ուսումնասիրելու լիազորությամբ օժտել։

«Պիտի ինչ-որ մեկը պատասխանատվության ենթարկվի, որպեսզի նմանատիպ դեպքերը հետագայում բացառվեն․․․ ամբողջ հույսը դրված է նրա վրա, որ ադրբեջանական հրամանատարությունը սաստի կրակողներին»,- ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը։ 

Գեղամ Ստեփանյանի կարծիքով՝ ադրբեջանական զինված ուժերը հրաման ունեն թիրախավորել ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկան․

«Օրինակ՝ Սարուշենի դեպքում տրակտորը գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում։ Իրենք կրակել են նաև այդ տեխնիկայի վրա ու պարզաբանել էին, թե տրակտորը ինժեներական աշխատանքներ է իրականացնում, բայց եթե նույնիսկ այդպես լիներ, ապա այդ աշխատանքները իրականացվում են մեր տարածքում։ Այսինքն՝ տրամաբանությունից դուրս է, թե ինչի համար է թիրախավորվում մեր տարածքում ինժեներական աշխատանքներ իրականցնող տեխնիկան»,- նշեց Գեղամ Ստեփանյանը։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փոխանցմամբ՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից Շոշ գյուղ տանող ճանապարհին ռուս խաղաղապահները մի քանի անցակետ ունեն, իսկ գյուղի ներսում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում ոստիկանական ուժերը, համայնքի շրջակայքում էլ տեղակայված են Պաշտպանության բանակի դիրքերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter