HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքագետ. «Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է ստորագրի որեւէ փաստաթուղթ»

«Լայնամասշտաբ մարտական գործողությունները դադարեցվել են, սակայն պատերազմը շարունակվում է բոլոր ոլորտներում»,- ասում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը:

«Հետքի» հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման հնարավոր գործընթացին, նշում է, որ մեր երկիրը չպետք է կուլ տա սահմանազատման խայծը եւ իրեն ծուղակի մեջ չգցի: «Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է ստորագրի որեւէ փաստաթուղթ: Սա պետք է անհապաղ արձանագրել»,- ընդգծում է քաղաքագետը:

Նա նշում է, որ եթե Վրաստանն ու Ադրբեջանը ԽՍՀՄ-ից դուրս գալու ժամանակ իրենց հայտարարել են նախախորհրդային Վրաստանի ու Ադրբեջանի իրավահաջորդ, ապա Հայաստանն իրեն հռչակել է Խորհրդային Հայաստանի իրավահաջորդ: Մյուս կողմից, ըստ Արզումանյանի, պարադոքսն այն է, որ նախքան Սովետական Միության անդամ դառնալը կամ մինչեւ քեմալական Թուրքիայի եւ բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա հարձակումը հարավկովկասյան երեք հանրապետություններից միայն Հայաստանն էր, որ դե յուրե եւ դե ֆակտո ճանաչված էր Ազգերի լիգայի կողմից:

Քաղաքագետն ասում է, որ Ադրբեջանը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայտարարվել է որպես դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդ, իսկ վերջինս ճանաչված է եղել միայն դե ֆակտո, եւ դրա կազմում Արցախը չի եղել: Այս առումով Հ. Արզումանյանը շեշտում է, որ երբ Ալիեւն ասում է, թե պետք է վերադառնալ խորհրդային ժամակներում եղած սահմաններին, ուրեմն առաջին փուլում Ադրբեջանն ու Ալիեւը պիտի վերադառնան ԽՍՀՄ կազմ ու դրա կառուցվածքային տրամաբանություն, ինչից հետո միայն իրավունք կունենան հավակնել խորհրդային սահմաններին:

-Մայիսի 12-ից ադրբեջանական զորքը մտել եւ տեղակայվել է Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանային հատվածներում: Սա սադրա՞նք է սահմանազատման գործընթացն արագացնելու համար:

-Նախ պետք է ճիշտ բառ ընտրել՝ դա ագրեսիայի, պատերազմի շարունակությունն է: Այդ օպերացիան որեւէ կապ չունի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հետ: Դա հայկական պետության բռնազավթման գործընթաց է: Եթե պետք է խոսենք սահմանազատումից, ապա Ադրբեջանը պետք է հայտարարի, որ վերադառնում է միութենական հանրապետությունների կազմ եւ տրամաբանություն:

-Այսինքն՝ հայաստանյան իշխանությունները չե՞ն գիտակցում, որ պատերազմը շարունակվում է:

-Հայկական հանրապետությունը եւ իշխանական վերնախավը չգիտես ինչու մտածում են խաղաղության լոգիկայով: Պետք է հասկանալ, որ Մերձավոր Արեւելքի երկրները դեռ ապրում են պատերազմի լոգիկայով: Ռեգիոնում ոչ մեկը, բացի ԱՄՆ-ից եւ Հայաստանից, խաղաղությունից չի խոսում: Բոլորը պատրաստվում են պատերազմի կամ պատերազմում են: Իսկ այս իրավիճակում մտածել խաղաղության, խոսել սահմանների բացման մասին, միամտություն է եւ հանցավորություն:

Դուք կարող եք խոսել խաղաղությունից, եթե բոլորը խոսում են խաղաղությունից, բայց եթե ձեր շուրջը բոլորը պատրաստվում եւ խոսում են պատերազմից, իսկ դուք՝ խաղաղությունից, դա ադեկվատ չէ: Եթե կոմունիկացիաները բացվեն, ապա կբացվեն ոչ թե խաղաղության, այլ պատերազմելու համար: Եվ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը եւ այլ պետություններ պատերազմի հարց են լուծելու, ոչ թե խաղաղության:

Առաջիկա ժամանակներում ռեգիոնում խաղաղություն չի լինելու: Դրա համար պետք է հասկանալ քո քայլերը, ստրատեգիան, տակտիկան:

-Պարոն Արզումանյան, ի՞նչ քայլեր  պետք է ձեռնարկի Հայաստանը:  ՀԱՊԿ-ին դիմեց, բայց արձագանք  չեղավ:

-ՀԱՊԿ-Ռուսաստան. սա Սովետական Միության լոգիկան է, բայց որպեսզի սկսես աշխատել, պետք է նախ կանգ առնել, հասկանալ, որ մենք՝ որպես ժողովուրդ, չենք դադարեցնելու Արցախյան պատերազմը: Մեզ մոտ պատերազմի փակման մասին խոսակցություն չպետք է լինի:

Մենք այսօր դեռ քննարկում ենք նոյեմբերյան փաստաթուղթը, չնայած ռեգիոնն ու աշխարհը կտրուկ փոխվել են: Եթե նոյեմբերին Արցախյան պատերազմում ընդգրկված էին Ռուաստանն ու Ադրբեջանը, Թուրքիան, Պակիսստանը եւ այլն, ապա հիմա տարածաշրջանային անվտանգության համար բաց եւ կոշտ արձագանքել են Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Իրանը: Եվ իրավիճակն արդեն նոյեմբերյան չէ, մինչդեռ հայկական իշխանությունները դեռ նոյեմբերի ձեւով են մտածում:

Ռեգիոնը լրիվ տարբեր է նոյեմբերին եւ հիմա: Եթե հղում եք անում նոյեմբերյան փաստաթղթին, ապա ո՞ւր են մեր ռազմագերիները: Դրա համար պետք է խոսել ոչ թե հրադադարի, այլ պատերազմի շարունակականության մասին: Մարտական լայնամասշտաբ գործողությունները դադարեցվել են, իսկ մնացած բոլոր ոլորտներում պատերազմը շարունակվում է: Դա միայն հրադադար էր լայնամասշտաբ գործողությունների դադարեցման առնչությամբ եւ վերջ, մնացյալ ամեն ինչը պատերազմական վիճակում է: Հայ ժողովուրդը սա հասկանում է, իսկ իշխանությունը, որ չի ցանկանում հասկանալ, պետք է հեռանա: Դա շատ պարզ է:

-Իրանի նկատմամբ պատժամիջոցները մեծամասամբ հանվել են: Սա ի՞նչ նշանակություն կարող է ունենալ տարածաշրջանում:

-Դա նշանակում է, որ  տարածաշրջանը կտրուկ փոխվելու է: Դրա համար ասում եմ՝ այն տարածաշրջանը, որ ձեւավորվել էր նոյեմբերին, արդեն չի աշխատում: Եվ հայկական կողմը իրավասու է, պարտավոր է կասեցնել քայլերը ոչ միայն ռազմական, այլեւ դիվանագիտական առումով:

-Հայաստանի իշխանությունների մոտեցումն այլ է՝ եթե կրակեն, ապա հնարավոր է՝ պատերազմ լինի:

-Եթե դու չես կրակում, ապա դա չի նշանակում, որ քո թշնամին չի կրակում: Պատերազմը ոչ միայն հողի վրա է, այլեւ քաղաքական, դիվանագիտական ասպարեզում, որտեղ թշնամին կրակում է: Ի՞նչ է նշանակում՝ չեմ ուզում պատերազմ: Իսկ քեզնից ո՞վ է հարցնում: Որոշումը՝ պատերազմ կլինի, թե չէ, քեզնից կախված չէ, եթե խաղաղություն ես ցանկանում, ապա պատրաստ եղիր պատերազմի: Դու պետք է նորից գործոն, սուբյեկտ դառնաս, այլ ոչ թե օբյեկտ: Դու պիտի ցույց տաս, որ պատրաստ ես կրակել, քո պետության սահմանների, տարածքի համար պատրաստ ես պատերազմի: Երբ այդ աշխատանքներն սկսես, բոլորը կգնահատեն՝ փոխելով վերաբերմունքը:

Իսկ այն, ինչ առաջ է քաշում այսօրվա իշխանությունը, ավելի շուտ պատերազմի կտանի: Դա ռազմական հոգեբանություն է. եթե ցույց եք տալիս, որ պատրաստ եք պատերազմելու, ապա պատերազմի հնարավորությունը նվազում է, իսկ եթե բարձրացնում եք ձեռքերն ու ասում, որ ուժ չունեք, հակառակորդին հրավիրում եք ռազմական ճանապարհով գործելու: Սա այնքան պարզ է, որ անգամ անհարմար է խոսել այս մասին:

Եվ այսպես՝ ամփոփելով.

Եթե Ադրբեջանը ցանկանում է սովետական սահմաններին անցնել, ապա պետք է հայտարարի Սովետական Միություն վերադառնալու մասին՝ հրաժարվելով դեմոկրատական Ադրբեջանից:

Տարածաշրջանում բոլորը պատրաստվում են պատերազմի, որտեղ աշխատում է ոչ թե խաղաղասիրական, այլ ռազմական տրամաբանությունը: Հայկական պետությունը պետք է փոխի մոտեցումը՝ պատրաստվելով պատերազմի:

Եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի: Այդ ժամանակ հավանականությունը, որ տարածաշրջանում կպահպանվի հարաբերական խաղաղություն, մեծանում է: Իսկ եթե նման աշխատանքներ չես անում, քո ժողովրդին, բանակին չես պատրաստում պատերազմի, արդեն պարտվել ես: Հարցն այն է, թե ոնց է ձեւավորվելու քո հաջորդ պարտությունը՝ որտե՞ղ եւ ե՞րբ: Հետեւաբար, հերիք է զբաղվել այդ անհեթեթություններով:

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանություններ (1)

Арсен
Он забыл указать самое главное. Как готовиться к войне? Как достигнуть военного паритета с Азербайджаном. А так горлопанить любой может. К сведению доктора политологи у Армении 1 танк Т90, у врага - 200, самоходная артилерия у Армении 38, у врага 389, истребители у Армении 5, у врага 35, численность вооруженных сил у Армении 45, у врага 130, мобрезерв у Армении 200 тыс., у врага 850 тыс. Я не призываю, что все должны поднять руки и пойти сдаться в плен. Если враг начнет войну на территории Армении, все должны пойти на фронт и дорого продать свою жизнь. Поэтому пусть Арзуманян не умничает, пусть пойдёт в военкомат и запишется добровольцем в армянскую армию, тогда поверю в искренность написанного им. Просьба к Марине Мартиросян, выясните у политолога как Армения реально а не на словах должна установить военный паритет с Азербайджаном.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter